HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Մոտ 8 մլրդ դրամ՝ 2019-ին. հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի բեռը ծանրանում ու սահմանափակվում է

Հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի թեմայի քննարկումը կրկին ակտիվացել է։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր Ազգային ժողովում՝ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ հնարավոր է՝ Երևանի առաջին և երկրորդ գոտում, այն է՝ Կենտրոնում և Արաբկիրում այդ ծրագրի իրականացումը դադարեցվի։

Այս գաղափարի հեղինակները համարում են, որ այլևս նպատակահարմար չէ պետական բյուջեից տարեկան մի քանի միլիարդ դրամ հատկացնել այս ծրագրին։ «Մեր պատկերացմամբ, սա տրամաբանական զարգացում է»,- ասում է Ատոմ Ջանջուղազյանը։

Ինչպես տեղեկացանք Ֆինանսների նախարարությունից, այս գաղափարը նախագծի տեսքով արդեն հանձնվել է շահագրգիռ գերատեսչություններին, որոնց հետ քննարկումներից հետո կտեղադրվի նաև հանրային բաց քննարկման։  

Քանի որ նախարարի այս հայտարարությունը հանրության շրջանում միանգամից լայն քննարկման է արժանացել, շեշտենք, որ որոշումը դեռևս ընդունված չէ, այն պետք է քննարկվի նաև Ազգային ժողովում։ Եվ միայն այս ամենից հետո պարզ կդառնա ծրագրի ճակատագիրը, փոփոխություններն ու ժամկետները։ Ըստ Ֆինանսների նախարարությունից այս պահին ստացված տեղեկությունների՝ քիչ է հավանականությունը, որ այս ծրագրի հետ կապված հնարավոր փոփոխություններն ուժի մեջ մտնեն այս տարի։ Ինչպես նաև՝ այդ փոփոխությունները չեն տարածվելու արդեն ծրագրից օգտվող   շահառուների վրա, նրանք շարունակելու են ծրագրից օգտվել այն պայմաններով, ինչպես օգտվել են։ Այսինքն՝ փոփոխությունները հետադարձ ուժ չեն ունենալու։

Առաջ անցնելով՝ նշենք, որ այս ծրագրի հետ կապված յուրաքանչյուր սահմանափակման թեմա, ինչպես միշտ, բացասական արձագանք է ստանում քաղաքացիների կողմից։ Նրանք դժգոհում են, որ շատերի համար բնակարան ձեռք բերելու հնարավորությունները սահմանափակվում են։ 

Եկամտային հարկի վերադարձի ծրագրի համաձայն՝ եկամտային հարկն ուղղվում է կառուցապատողից գնվող բնակարանի կամ բնակելի տան հիպոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ Սա վերաբերում է բացառապես նորակառույցներին՝ առաջնային շուկային։  

Ծրագիրը գործում է արդեն ավելի քան 5 տարի՝ 2015 թվականից։ 2018 թվականից այս ծրագիրը գործում է որոշ սահմանփակումներով։ Մասնավորապես, ձեռք բերվող կամ կառուցապատվող բնակարանի/բնակելի տան արժեքը չպետք է գերազանցի 55 մլն դրամը։ Մյուս սահմանափակումը՝ հիպոթեքային վարկի գծով վճարվող և վերադարձվող տոկոսագումարի եռամսյակային հանրագումարը չի կարող ավել լինել 1.5 մլն դրամից, այսինքն՝ հիպոթեքային վարկի տոկոսագումարներին մեկ ամսվա ընթացքում առավելագույնը կարող է ուղղվել 500 հազար դրամ՝ անկախ նրանից, թե քանի հոգի են վարկառուները կամ համավարկառուները։ Եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից նույն հարկատուն կարող է օգտվել միայն մեկ անգամ։ Այս սխեմայով մի քանի բնակարան գնել հնարավոր չէ։ 

Այն ժամանակ բացատրվեց, որ այս փոփոխությունների նպատակն էր առավել բարձր եկամուտ ունեցողների համար սահմանափակել ծրագիրը, նվազեցնել բյուջեի կորուստները և դրանից օգտվելու հնարավորություն տալ ավելի ցածր եկամուտ ունեցողներին։

Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից, 2019 թվականին հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղելու համար այս ծրագրով բյուջեից քաղաքացիներին է վերադարձվել 7 միլիարդ 900 միլիոն դրամ գումար։ 2018 թվականի համեմատ այն աճել է 3 մլրդ 216 մլն դրամով կամ մոտ 69%-ով։

Գործընթացում 2019 թվականին ներգրավված է եղել 7152 շահառու:

Հիպոթեքային վարկի տոկոսագումարներին ուղղվող եկամտային հարկի գումարները 2015 թվականից սկսած տարեցտարի աճել են։ 2015 թվականին շահառուներին է վերադարձվել ընդամենը 274 մլն դրամ։ Հետագայում այն անգամներով աճել է։ 

Ցուցանիշներն՝ ըստ տարիների, ներկայացված են ինֆոգրաֆիկայում։

Կառավարությունը համարում է, որ տարեցտարի աճող այս գումարները պետական բյուջեի համար մեծ բեռ են, և այդ գումարները կարելի է ավելի նպատակահարմար ձեւով ծախսել։ Ուստի, փորձ է արվում աստիճանաբար հրաժարվել այս ծրագրից։ Ինչպես երևաց, առաջին քայլը ծրագիրը քաղաքի առաջին և երկրորդ գոտիներում դադարեցնելու գաղափարն է։ Ընտրվել են քաղաքի այն հատվածները, որտեղ բնակարանները, սովորաբար, ամենաթանկն են։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցնում է, որ այս ծրագիրը ներդրվել էր հատուկ նպատակով՝ 2014 թվականի տնտեսական շոկերից և դրանից առաջ էլ՝ 2008-2009 թվականից շինարարության ոլորտում սկսված անկումը դադարեցնելու համար։  

«2018 թվականից այս ծրագրի սահմանափակումները նպատակ ունեին, վերջին հաշվով, ծրագիրը դադարեցնել։ Ինչու՞ ։ Որովհետև դա համարվում է շահութաբեր ոլորտ՝ ոչ արտադրական, ոչ արտահանելի։ Դրանք կառավարության ընտրած մոդելների մեջ չեն։ Մենք ասել ենք, որ ընտրել ենք արտահանմանն ուղղված տնտեսություն ունենալու մոդելը, բայց այս ծրագրով ծախս ենք անում ոչ արտադրական ոլորտում»,- ասաց Ֆինանսների նախարարը։ 

Ծրագրի սահմանափակումների թեման նոր չէ

Եկամտային հարկի վերադարձի այս ծրագրի դադարեցման կամ սահմանափակումների թեման ու քննարկումներն, իրականում, նոր չեն։ Ծրագրի նպատակահարմարությունը վաղուց է քննարկվում։ Դեռևս նախորդ տարվանից պարզ էր, որ այն արդեն «գլխացավանք» է դառնում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ու պետական բյուջեի համար։

2019 թվականի հոկտեմբերին Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը այս թեմայի վերաբերյալ «Հետքի» հարցին ի պատասխան՝ հայտարարել էր, որ պատրաստվում է Կառավարությունում բարձրացնել հիպոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի ծրագրի նպատակահարմարության հարցը։ 

Ըստ նրա, անհրաժեշտ է հասկանալ՝ այս ծրագիրը միտված է բիզնեսին աջակցելուն, թե՞ ավելի շատ ունի սոցիալական ուղղվածություն։ «Եթե այն սոցիալական ուղղվածություն ունի, ապա այս ծրագիրը պետք է գործի։ Բայց եթե դա բիզնեսին աջակցելու գործիք է, ապա որպես տնտեսագետ ասեմ, որ դա լավ գործիք չէ։ Դա այն բիզնես ոլորտը չէ, որին պետությունը պետք է օժանդակեր, որովհետև կան արտահանմանը միտված բիզնես ճյուղեր, որտեղ պետությունը շատ ավելի արդյունավետ կարող է ծախսել այդ գումարները»,- ասել էր  Դավիթ Անանյանը։ 

Քննարկվում էր նշված ծրագրում տարատեսակ սահմանափակումներ ներառելու հարցը։ Օրինակ՝ բնակարանների գների համար սահմանված առավելագույն 55 մլն դրամ շեմը իջնելու միջոցով։

Հիպոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագրի ու համատարած հայտարարագրման նախագծի կապը

Ինչպես հայտնի է, Հայաստանի կառավարությունը մտադիր է աստիճանաբար երկրում ներդնել եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը։ Սա նշանակում է, որ բոլոր քաղաքացիները պետք է ամեն տարի հայտարարագիր ներկայացնեն, թե որտեղից և ինչ եկամուտ են ստացել։ Այս համակարգի վերաբերյալ շատ մանրամասներ հայտնի չեն, մի շարք կարևոր հարցեր չեն պարզաբանվել։ Օրինակ՝ այդ եկամուտները հարկվելու՞ են, թե՞ ոչ, կոնկրետ ի՞նչ է ստանալու քաղաքացին վճարած հարկերի դիմաց, ինչպե՞ս է տեխնիկապես այս ամենը կազմակերպվելու և այլն։ Եվ ամենակարևորը՝ արդյոք ճի՞շտ ժամանակ է ընտրված նման խոշոր փոփոխությունների համար։

Ինչևէ, Ֆինանսների նախարարությունից խոստացել են ներքին քննարկումներից հետո արդեն ներկայացնել նախագծի մանրամասները։ 

Իսկ մինչ այդ, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ԱԺ քննարկմանը նշեց, որ հիպոթեքի տոկոսներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումները  առաջարկվում են համատարած հայտարարագրման տրամաբնության ներքո։ Այլ խոսքով՝ հնարավոր է, որ համատարած հայտարարագրումից հետո հարկվող քաղաքացիները կարողանան իրենց վճարած եկամտային հարկի հաշվին օգտվել սոցիալական, առողջապահական և այլ ծառայություններից, բայց փոխարենը շրջանառությունից դուրս կգա հիպոթեքի տոկոսներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, քանի որ բյուջեն չի կարող ապահովել և՛ մեկը, և՛ մյուսը։ Նախարարը չբացառեց, որ առհասարակ կարող է հրաժարվեն այս ծրագրից։ 

«Հարկային արտոնությունն այդպես թողնելով և չգնահատելով, թե դրա դիմաց ինչ արդյունք է ստանում հանրությունը, արդյոք նպատակահարմա՞ր է, ենթադրենք, պետական բյուջեից ֆինանսավորել բնակարան, որը գտնվում է նորակառույցի վերջին հարկում։ Եթե կգանք իրար հետ եզրահանգման, որ այո՝ նպատակահարմար է, կարող ենք շարունակել։ Դա կախված է նաև եկամուտների համատարած հայտարարագրումից։ Ինչու՞ այս համընկնումը տեղի ունեցավ։ Որովհետև մեր բնականոն կյանքով եթե ապրելիս լինեինք, այս համավարակը չլիներ, դա մեր օրակարգում կար և նախատեսում էինք, որ այն 2022 թվականի հունվարի մեկից կլինի ուժի մեջ։ Մեր պետական ֆինանսների կառավարման ծրագրի բաղկացուցիչ է։ Բայց, քանի որ հիմա մենք հարկադրված ենք մոբիլիզացնել մեր բոլոր հնարավորությունները, մենք չգիտենք, թե դեռ ինչքան ենք շարունակելու այս միջավայրում ապրել և գործել։ Դրանով պայմանավորված՝ նպատակահարմար է գտնվել առաջ բերել այդ քննարկումները»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ քննարկվում է նաև ծրագրի վերաբերյալ նոր սահմանափակումները 2021 թվականից ուժի մեջ մտցնելու հարցը։

Քաղաքացիների մի մասը պնդում է, որ պետությունը շահում է այս ծրագրից

Եթե պարզ և հաշվարկված է, թե պետական բյուջեից որքան գումար է հատկացվել հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գծով, օրինակ՝ 7 մլրդ 900 մլն դրամ 2019 թվականին, ապա գործնականում դժվար է նույնպիսի ճշգրտությամբ հաշվարկել, թե ծրագրի արդյունքում որքան գումար է մուտքագրվում բյուջե շինարարության ոլորտից՝ շահութահարկի, ավելացված արժեքի հարկի տեսքով, ինչպես նաև՝ այլ անուղղակի ճանապարհներով։

Կառուցապատողները պնդում են, որ պետությունն այս ամենի արդյունքում շատ գումար չի կորցնում։ Սակայն, ֆինանսների նախարարության և պետական եկամուտների կոմիտեի հաշվարկներով՝ այս ծրագրի գծով բյուջեից դուրս եկող և մուտքագրվող գումարներն անհամաչափ են։ Եթե մեկ գործարքի արդյունքում կառուցապատողը մեկ անգամ է հարկ վճարում, ապա պետությունը տարիներ շարունակ եկամտային հարկ է վերադարձնում։

«Այս գումարները տնտեսության վրա ունենում են միանվագ ազդեցություն՝ շինարարության ոլորտից, բայց հանգեցնում են  երկարատև պարտավորությունների կատարման»,- ասում է Ատոմ Ջանջուղազյանը։ 

Քաղաքացիների ու ծրագրի շահառուների մի մասն էլ համոզված է, որ չոր թվերով ու հաշվարկներով չպետք է շարժվել։ Հարկավոր է նկատի ունենալ, որ այս ծրագրով սոցիալական  խնդիր է լուծվում։ Բացի այն, որ սահմանափակումներից կտուժեն ծրագրի պոտենցիալ շահառուները, կորոնավիրուսի տարածման այս օրերին է'լ ավելի կտուժի նաև շինարարության ոլորտը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter