HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կորոնավիրուսի պիկին սպասելիս

Արտասահմանում բնակվող գործընկերներս վերջին ամիսներին ինձ հաճախ են հարց  ուղղում՝ Հայաստանում չկա՞ համաճարակաբան: Պարբերաբար այդ հարցը տալու պատճառն այն է, որ արտակարգ դրության պայմաններում, օր օրի համավարակն ավելի մեծ թվով մարդկանց է ներքաշում իր ճիրաններում: Բոլորին հուզող հարցը՝ ինչո՞ւ Հայաստանը հայտնվեց աշխարհում համաճարակի ամենավատ ցուցանիշն ունեցող երկրների շարքում:

Հայաստանն աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհն անցնում է Վրաստանով, սակայն հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի աճող թվերը՝ հայաստանցիները մուտք չեն ունենա հարևան երկիր։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրենն արդեն հայտարարել է, որ Վրաստանը չի կարող բացել իր դռներն այն զբոսաշրջիկների համար, որոնք գալիս են վարակվածության բարձր ցուցանիշ ունեցող երկրներից։

Մեկ անգամ ևս ընդգծենք, որ այս պատասխանատու հայտարարությունն արել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրենը: Այսինքն, նա այնքան լիազորություն ունի, որ կարող է որպես համավարակը կանխարգելող միջոցառում նաև միջպետական հարաբերություններին հավասարեցված հայտարարություն անել:

Մեր երկրում նույնպես հակահամաճարակային ոլորտը կանոնակարգում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (նախկին սանէպիդ ծառայությունը): Մի պահ փորձենք պատկերացնել կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանին այդպիսի պատասխանատու հայտարարություն անելիս: Անհնար է: Նրան միայն վերջին օրերին հնարավորություն տրվեց մոտենալ խոսափողին և միայն՝ վարչապետից հետո:

Ինչո՞ւ արտակարգ դրության այս երեք ամիսներին բնակչության հետ հաղորդակցություն ապահովողը այս կենտրոնի ղեկավարը չէ, կամ կենտրոնի մասնագետները չեն ամենօրյա ռեժիմով բնակչությանը ցուցումներ տվողները: Համոզված եմ, որ մասնագետների ցուցումներն ավելի կզգոնացնեին ազգաբնակչությանը, քան վարչապետի կամ նրա հետ մրցակցող առողջապահության նախարարի ֆեյսբուքյան ամենօրյա «ուղիղ եթերները»: Նրանք ավելի շատ քաղաքական հայտարարություններ են արել ու մեղադրանքներ հնչեցրել, քան խոսել են վիրուսի էությունից և վարակը կանխարգելող միջոցառումներից:

Ընդ որում, վիճակը որքան տագնապալի է դառնում, բնակչության հետ հաղորդակցությունն ապահովողը դարձյալ վարչապետն է մնում: Շատ երկրներ արդեն ամփոփում են համավարակի դեմ պայքարում ունեցած հաջողություններն ու ձախողումները: Ոչ միայն Վրաստանը, այլև եվրոպական մի շարք երկրներ իրենց ունեցած հաջողությունը պայմանավորում են երկու հանգամանքով՝ հակահամաճարակային միջոցառումները կազմել և գլխավորել են մասնագետները, միջոցառումներն իրականացվել են ժամանակին:

Հայաստանը երկու հարցում էլ թերացել է՝ մասնագետներին շրջանցել է, կանխարգելող միջոցառումներն ուշացումով է նախաձեռնել: Բավարար է ասել, որ կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի մասին հայտարարվեց մարտի 1-ին, իսկ բուժանձնակազմի վերապատրաստումը սկսեցին մարտի 18-ին: Քարոզչության առումով մեր պաշտոնյաներն օրինակելի վարքագիծ չդրսևորեցին, ավելի շուտ նրանց վարքագիծը հակաքարոզչություն էր իրենց իսկ սահմանած հակահամաճարակային կանոններին: Կառավարությունն ու խորհրդարանը դիմակներ սկսեցին կրել միայն այն ժամանակ, երբ երկրում վարակակիրների քանակը օրական հատեց 500-ի շեմը, իսկ մահերը՝ ավելի քան մեկ տասնյակը:

Գերմանիայում, օրինակ, բնակչության հետ հաղորդակցվելու, նրանց ցուցումներ ու խորհուրդներ տալու պարտավորությունը կատարում է Ռոբերտ Կոխ ինստիտուտի ղեկավարությունը: Գերմանիայում բնակվող մեր գործընկերները գրում են, որ ինստիտուտը համավարակի ողջ ընթացքում Բեռլինում հանդես էր գալիս ամենօրյա ասուլիսներով, որը հեռարձակում էին մի շարք ալիքներով:

Նշեցին, որ կանցլեր Անգելա Մերկելը իր կառավարման 15 տարիների ընթացքում առաջին անգամ ուղերձով դիմեց բնակչությանը: Միայն այդ հանգամանքը բավարար էր, որ բնակչությունը զգոնանա, գերմանացիները գնահատեցին խոսքի արժեքը, գիտակցեցին պահի լրջությունը:

Չեխիայում, դարձյալ մեր գործընկերների պատմելով, երկրի վարչապետն ամենօրյա հաղորդակցություն ունենալով բնակչության հետ, երկրորդ նախադասությունից հետո խոսքը փոխանցում էր երկրի գլխավոր համաճարակաբանին, որը նաեւ առողջապահության փոխնախարարն էր: Որոշակի ժամանակահատված նա է ղեկավարել ճգնաժամային արտակարգ շտաբը: Բնակիչներն ընդունել են մասնագետի խորհուրդները եւ վարվել են նրա ցուցումներին համապատասխան: Չեխիայի կազմակերպած պայքարը լավագույններից է համարվում աշխարհում: 

Հունաստանում համաճարակի ողջ ընթացքը և աշխատանքները համակարգում են  Քաղաքացու պաշտպանության հարցերով նախարարությունը և Հանրային առողջության ազգային կազմակերպությունը՝ համաճարակաբանական գիտական կենտրոնների և մասնագետների հետ համագործակցությամբ: Հունաստանում, նաև Կիպրոսում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը «Օրեր» եվրոպական ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ համավարակի դեմ պայքարում ընդգծված դերակատարություն ունի բժիշկ-վարակաբան Սոտիրիս Ցիոդրասը: Վերջինիս Հունաստանի կառավարությունը նշանակել է COVID-19-ի համակարգող խմբի ղեկավար:

Եվրոպական որոշ երկրներ ավելի վաղ էին նախաձեռնել հակամաճարակային միջոցառումները, չէին սպասել, թե երբ COVID-19-ը կթակի իրենց դուռը: «Օրեր» եվրոպական ամսագրին տված հարցազրույցներում եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դեսպանները հայտնել են, որ հիմնականում տարեսկզբից նախապատրաստվում էին, եւ ուշադրության կենտրոնում առաջնային բուժօգնության օղակն էր՝ պոլիկլինիկաները: Այս օղակի համար ծրագրված կանխարգելիչ բուժական միջոցառումները նպատակուղղված էին վարակի աճը դանդաղեցնելուն: Համընդհանուր ախտահանումներ են իրականացվում, կառավարությունը մշտապես զգոնությունը չկորցնելու կոչեր է անում եւ սահմանված միջոցառումներն առաջինն իր օրինակով է ցուցադրում:

Հունաստանում Հայաստանի դեսպանը շեշտել է, որ համաճարակի դեմ պայքարում առաջին կանխարգելիչ միջոցառումները սկսվել էին 2020թ. հունվարից` առաջին արձանագրված դեպքից մեկ ամիս առաջ: «Արտահերթ, առողջապահական համակարգը համալրվեց 4150 մասնագետով: Կանխարգելիչ միջոցառումները ներառում էին հիվանդանոցներում համաճարակային վարժանքներ և անձնակազմի վերապատրաստում»,- հայտնել է դեսպանը:

Իտալիայում և Պորտուգալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը ներկայացրել է համավարակի դեմ պայքարի պորտուգալական մոդելը, որի հիմքում ընկած է նաև արագ արձագանքման մեխանիզմն ու բնակարաններում բուժօգնություն ցուցաբերելու կարողությունը։ «Սա հնարավոր է դարձնում հիվանդանոցներն ու մասնավորապես վերակենդանացման բաժանմունքներն օգտագործել միայն ծանր դեպքերի համար»,- շեշտել է դեսպանը։

Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հայտնել է, որ Գերմանիայի դաշնային կառավարությունն ի սկզբանե որդեգրել էր համավարակի դեմ պայքարի այն սկզբունքը, որ այն կասեցնել գրեթե հնարավոր չէ, ուստի պետք է տարածումը հնարավորինս դանդաղեցնել: ԳԴՀ կառավարությունը կարանտինային օրերն օգտագործեց առողջապահական համակարգը տվյալ իրավիճակին լավագույնս հարմարեցնելու ուղղությամբ:

«Անգամ փոքր բուժհաստատություններին վերազինում էին անհրաժեշտ քանակի արհեստական օդափոխության համակարգերով, գրեթե բոլոր հիվանդանոցներում նախապատրաստվում էին համապատասխան բաժանմունքներ՝ ապահովված անհրաժեշտ սարքավորումներով և այլն»,- հայտնել է դեսպանը:

Հայաստանում կորոնավիրուսի մասին բժիշկներն, ավելի ստույգ` առողջապահության նախկին նախարարները սկսել են խոսել երկրում համաճարակ հայտարարելու երրորդ ամսում: Նրանցից մի կարևոր բան իմացանք, որ օրական միջինում 550 վարակակիր ունենալու պարագայում մենք դեռեւս վարակի պիկին չենք մոտեցել: Եվ անգամ այս իրավիճակում երկրի թիվ մեկ «համաճարակաբանը» մնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անգամ՝ կորոնավիրուսով վարակվելու ընթացքում:

Մայիսի առաջին տասնօրյակից հետո եվրոպական երկրներն իրար հետեւից ազդարարեցին կարանտինային սահմանափակումները թուլացնելու մասին: Հունիսի 15-ից շատ երկրներ պատրաստվում են վերականգնել թռիչքները, որոշ երկրներ բացել են կամ պատրաստվում են բացել հարևան երկրների հետ սահմանները:

Հայաստանը երկամսյա արտակարգ դրությունից հետո ոչ միայն վիճակը չբարելավեց, այլեւ, արտակարգ դրությունը երկարաձգելու հետ միաժամանակ, հիվանդների ու մահերի շարունակական աճ է գրանցում: Հասարակության տրամադրությունն օր օրի անկում է ապրում, վախերի, խորացող դեպրեսիաների, ցայտնոտի մեջ հայտնված մարդիկ ամեն օր ավելի են համոզվում իրենց անպաշտպան լինելու մեջ: Երկու օր առաջ վարչապետը գուժեց, որ հիվանդանոցային մահճակալներն այլեւս բավարար չեն հիվանդների այդ թվաքանակն ընդունելու համար: Արձանագրվել է անօգնական թողնված 3 հիվանդի մահ:

Այս հայտարարությանն ի պատասխան՝ մեղադրանքներ հնչեցին, որ տարբեր բուժմիավորումներում առկա ռեսուրսը՝ առանձնացված և կահավորված բաժանմունք, բուժանձնակազմ, չի օգտագործվում առողջապահության նախարարի քմահաճույքով: Կոռուպցիոն երևույթների մասին խոսվեց և, կարծես թե, դրանք ազդեցություն ունեցան: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սպիտակի, Վեդու և Մարտունու, այսօր էլ՝ Դիլիջանի բժշկական կենտրոնները կմիանան կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին:

Առողջապահության նախարարն անցնող ամիսներին մի քանի անգամ բուժանձնակազմը կամավոր համալրելու կոչեր արեց: Քանի՞սն արձագանքեցին նախարարի կոչին, չտեղեկացվեց: Նախարարը հայտնեց, որ թեթև ախտանշաններով հիվանդները կմնան տանը, նրանց առողջությանը կհետևեն առաջնային բուժօգնության հիմնարկները: Պոլիկլինիկաներին ապավինած առաջին հիվանդներն ահազանգեցին, որ բուժանձնակազմը ցայտնոտի մեջ է, ոչ ոք իր անելիքը չգիտի, բացի այդ՝ արտահագուստ անգամ չունեն վարակակիրներին ընդունելու համար:

Իհարկե, հիվանդանոցային բուժումը թանկ է պետության համար, և այս օղակն ավելի վաղ էր պետք նախապատրաստել այս օրվան: Սակայն, պարզվեց, որ արտակարգ դրության առաջին երկու ամիսներն անիմաստ մսխվել են. բուժօգնութան առաջին օղակը չի նախապատրաստվել արտակարգ վիճակին, նոր հիվանդանոցներ չեն մասնագիտացել, բուժանձնակազմը հյուծվել է, նրանցից շատերը հիվանդացել են, առողջացել և կրկին լծվել հյուծող աշխատանքին:

Մեզ ամեն օր հիշեցնում են, որ երկիրը պատերազմական վիճակում է: Պատերազմի ժամանակ զորահավաք չէին հայտարարելու՞, վիրավորները պետք է մահանային, որովհետեւ հոսպիտալների թիվը բավարար չէ՞: Իսկ ինչո՞ւ է արտակարգ դրություն կամ պարետային ժամ հայտարարվում նման իրավիճակներում: Որպեսզի վարակի տարածման մեղքը վերագրվի «անհնազանդ» և «անգիտակից» ժողովրդի՞ն, իսկ ո՞րն է պետության դերն այս դեպքում:

Կիպրոսում, օրինակ, հարցը չեն թողել ժողովրդի ինքնակարգավորմանը: Ինչպես «Օրեր»-ին տված հարցազրույցում նկարագրել է դեսպան Ֆ. Չարչօղլյանը, Կիպրոսում մարտի 30-ից պարետային ժամ է մտցվել: «Գիշերային պարետային ժամին ոստիկանությունն օգտագործում էր ազգային պահակախմբին պատկանող մի շարք ջերմային տեսախցիկներ և անօդաչու սարքեր: Ազգային գվարդիայի համակարգ ներառվեցին մի շարք հեռահար տեսախցիկներ՝ մինչև 20 կիլոմետր հեռավորության վրա, որոնք տեղադրվեցին հաստատուն կետերում, օդային դիտարկման համար օգտագործեցին անօդաչու սարքեր, նաև 4×4 անիվի սկավառակներում տեղակայված շարժական տեսախցիկները: Ճանապարհային երթևեկությունը վերահսկելու համար նոր խստագույն միջոցներով արգելվում էր երթևեկությունը 9-ից երեկոյան 6-ը: Ըստ Կիպրոսի առողջապահության նախարարության, ապրիլի սկզբին նկատվեց անկման միտում, մայիսի 21-ին տեղաշարժի սահմանափակման արգելքները թուլացվելու են»։

Ռումինիայիում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հայտնել է, որ բնակչության կազմակերպվածության ու կարգապահության անհրաժեշտ մակարդակն ապահովելու նպատակով իշխանությունները ստիպված էին գործարկել խիստ սահմանափակումներ, լուրջ պատժամիջոցներ ու բարձր տուգանքներ: «Օրինակ՝ կիրառվող սահմանափակումները խախտած անձանց նկատմամբ, ոստիկանական միջամտությունների հետևանքով, սահմանած տուգանքների չափը միայն այս շաբաթվա ընթացքում կազմել է մոտ 25 մլն եվրո»,- հայտնել է դեսպանը:

Արժե նշել մի միտք, որ իրենց հարցազրույցներում ընդգծել են դեսպանները՝ այլ երկրներում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հաջողությունը պայմանավորված էր կառավարության գործողությունների կանխատեսելիությամբ եւ թափանցիկ գործունեությամբ, ինչը չես ասի Հայաստանի մասին: Այստեղ  լրատվամիջոցները դուրս են մղված գործընթացից, մինչև հիմա հրապարակել ենք այն, ինչը նպատակահարմար են համարում ասել վարչապետն ու առողջապահության նախարարը: Լրագրողների հարցերին պատասխանելու պատրաստակամություն չի ունեցել ոչ ոք: Գրավոր հարցումները թողնվել են անպատասխան, իսկ հարցերը շարունակում են կուտակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter