HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինեապոլիսում Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո լուծարվել է քաղաքային ոստիկանության ամբողջ դեպարտամենտը

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված համազգային բողոքի ցույցերի ֆոնին Մինեապոլիսի քաղաքային խորհրդի 13 անդամներից 9-ը պահանջել են լուծարել ոստիկանության քաղաքային վարչությունը և փոխարենը ստեղծել «հանրային անվտանգության նոր մոդել»։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Լուծարման վերջնական որոշումը կայացվել է հունիսի 7-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ։ Դեմոկրատ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրայը, որը հունիսի 4-ին Ֆլոյդի հրաժեշտի արարողության ժամանակ ծնկի էր եկել դագաղի մոտ, այդուհանդերձ դեմ է արտահայտվել որոշման ընդունմանը, որն առաջացրել է նրա տան մոտ հավաքված ցուցարարների դժգոհությունը։ 

Մունիցիպալ պատգամավորների ձայները, որոնք կողմ են քաղաքային ոստիկանության արձակմանը, լրիվ բավարար են քաղաքապետի վետոն հաղթահարելու համար։ Ակտիվիստները, որոնք տարիներով կողմ են արտահայտվել ոստիկանության լուծարմանը, քաղաքային խորհրդի քվեարկությունն անվանել են բացառիկ։ 

Ոստիկանության դեպարտամենտի փոխարեն կստեղծվի Հանրային անվտանգության հատուկ ծրագիր, որի գործունեությունը կհամակարգվի քաղաքային խորհրդի կողմից։ Թե ինչ գործառույթներ կիրականացնի մարմինը, դեռևս հայտնի չէ։

Կիրակի օրը` հունիսի 7-ին մեղմացվել են ձեռնարկված անվտանգության միջոցառումները, քանի որ անկարգությունները, որոնք ուղեկցում էին ցույցերին, անկում են գրանցել: Հունիսի 8-ին հրաժեշտի ևս մեկ արարողություն է տեղի ունեցել Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, որտեղ ծնվել և մինչև Մինեապոլիս քաղաք տեղափոխվելը բնակվել էր Ֆլոյդը։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ավտոմեքենան կանգնեցրել են ոստիկանները, որոնք ստուգում էին կեղծ փողերի օգտագործման տեղեկատվությունը։ Ֆլոյդին հրամայել են հեռանալ ավտոմեքենայից։ Նրանց խոսքերով Ֆլոյդը դիմադրել է ձերբակալությանը։

Համացանցում տարածվել է տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը ծունկը դրել Ֆլոյդի վզին՝ փորձելով խեղդել։ Տեսագրության մեջ լսվում է, որ գետնին պառկած Ֆլոյդը կրկնում է. «Ես խեղդվում եմ, խեղդվում եմ, մի՛ սպանեք ինձ»։ Հավաքվածները խնդրել են ոստիկանին դադարեցնել խեղդել Ֆլոյդին և չափել նրա ճնշումը։ Որոշ ժամանակ անց Ֆլոյդը դադարել է շարժվել և նրան տեղափոխել է շտապ օգնությունը։ Հիվանդանոցի ճանապարհին վերջինս մահացել է։

Իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալվածը Դերեք Շովինն է։ Հենց նա է Ֆլոյդին հասցրել մահացու հարվածը (ծունկը դրել է նրա վզին), որից հետո վերջինս մահացել է։ Շովինին մեղադրանք է առաջադրվել երրորդ աստիճանի սպանության համար (այսինքն, չկանխատեսված սպանություն՝ ուժի կիրառման միջոցով)։ Մինեսոտա նահանգի օրենքներով՝ նման հանցագործության համար սահմանված է պատիժ մինչև 25 տարվա ազատազրկմամբ։ Մյուս երեք ոստիկանների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է, վերջիններիս նույնպես առաջադրվել է մեղադրանք։

Լուսանկարը՝ «Associated Press» գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter