
Ովքե՞ր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները (մաս 3)
Թուրքիայի սևծովյան արևելյան ափին բնակվող մուսուլման հայախոս համշենցիների մասին պատմող ակնարկիս նախորդ երկու մասում ներկայացրել էի համշենցիների վերաբերյալ պատմական ակնարկ, Քայաքոյ և Բաշոբա գյուղերը, և համշենցիների իրենց ինքնության տարբեր ընկալումները (առաջին մասն` այստեղ, երկրորդ մասն` այստեղ)
Կոմունիստական Հոփան. «Ես հայ եմ, իմ պատմությունը պապս է»
Հայդե բարը Հոփայում այն հազվագյուտ տեղերից է, ուր չկա Աթաթուրքի դիմանկարը:
«Իմ Աթաթուրքը նա է»,- համշենցի կոմունիստը ցույց է տալիս ծերունու լուսանկարը` Կոմունիստ Նուրի Յասատաղիս՝ մականունը դոկտոր:
Կոմունիստ բառը այստեղ կուսակցական պատկանելիություն չի, համոզմունք է (Թուրքիայում այսօր գործում է մի Կոմունիստական կուսակցություն, որը համարվում է իշխանության ստեղծածը, արևմուտքի առաջ դեմոկրատ երևալու համար և ձախերի արհամարհանքին է արժանացած):
![]() |
![]() |
Հայդե բարի վերին հարկում համշենցիները պարում են սարեից բերած շուրջպարը' հորոն | Հայդե բարի ներքևի հարկում գարեջուր, անիսոնի օղի և խաղեր |
Հոփայի 17 հազար բնակչության մոտ 7 հազարը համշենցիներ են, 7 հազարը լազ, մնացածը տարբեր ազգություններ:
Որպես սևծովյան մշակույթի քաղաք, հանրային կյանքը եռում է Հոփայի երկու կենտրոնական նեղ փողոցներում, ուր տղամարդիկ թեյ են խմում, նարդի խաղում ու սափրվում: Փողոցների մի ծայրում մզկիթն է որտեղից բարձրախոսով քաղաքով մեկ տարածվում է աղոթքի հրավերը՝ կոչը (ezan), իսկ նկուղային բարերում նստած են նախկին սովետական տարածքից եկած մարմնավաճառները՝ բավարարելու երկար ճամփաներից հոգնած վարորդներին:
![]() |
Փողոցների մի ծայրում մզկիթն է որտեղից բարձրախոսով քաղաքով մեկ տարածվում է աղոթքի հրավերը |
«Որտե՞ղ կարելի է նստել, նորմալ գարեջուր խմել»,- հարցնում է Խաչիկը համշենցի մի ծանոթի: Նա գլուխը բացասական շարժում է ցույց տալով գիշերային ակումբները, չէ, էնտեղ չարժի, ու հայացքը ուղղում դիմացի շենքի երրորդ հարկ. «Հայդեն», Հարուն Աքսուի հեղափոխական բարը:Եթե տեսել ես Օզջան Ալփերի «Աշուն» ֆիլմը, որի մի մասը Հոփայում է նկարահանված, ապա աշնանը Հոփայում դեժավյու կունենաս. անձրև, ծովից եկող ցուրտը և վրացուհի մարմնավաճառը, միայն ի տարբերություն ֆիլմի, ուր վրացուհին դրսի ավտոմատ հեռախոսից է զանգահարում հարազատներին, հիմա նա ձեռքի հեռախոսով վրացերեն զայրացած խոսում է գիշերային ակումբ տանող աստիճաններին:
![]() |
Համշեցնի երիտասարդի գիշերաային բարը մեկն է Հոփայի բազմաթիվ տեղերից ուր կարելի է գտնել նախկին սովետական երկրների մարմնավաճառներ |
Որտեղի՞ց գիտի Մումի Յըլմազը մեզ: Հենց ոտք դրեցինք Հայդե ուրախ-ուրախ ձեռքը պարզեց` ես էլ եմ հայ: Նստում ենք հետները, օղի՞, թե՞ գարերջուր: Թուրքական գարեջուրը` Efes-ը շատ համով է: Երեք ընկերներով խմում են անիսոնի օղի, լցնում են բաժակը վրան ջուր ավելացնում հեղուկը դառնում է կաթնագույն:
«Մենք գիտենք ձեր դատի մասին, մենք նույն արյունից ենք,-ու երակներն է պարզում Մումին,-մենք եղբայրներ ենք, մենք բոլորս հայ ենք»:
Ընկերը` Նաջին 15 տարի առաջ եղել է Հայաստանում, պատմում է որ հենց Վրաստանի սահմանը հատել է ու ոտք է դրել Հայաստան` կռացել, հողը համբուրել է: Բայց հետո ծիծաղելով ավելացնում է` ամերիկացի, հայ, վրացի, ադրբեջանցի բոլորը մարդ են, պրոբլեմ չկա, պրոբլեմը մարդկանց գլխի մեջ է:
«Դու ի՞նչ գիտես, թե հայ ես, դու ոչ մի պատմություն չգիտես, որտեղի՞ց ես վերցրել թե հայ ես»,-լսելով Մումիին հարցնում է Հարունը:
Մումին խոցվում է, հետո գնում ենք փոքրիկ խանութ, տաբուրետկեքին նստում ու շշով գարեջուր խմում, Մումին անընդհատ հիշում է Հարունի կշտամբանքը.
«Հարունը ասում է` դու պատմություն գիտե՞ս, որ ասում ես հայ եմ: Այ քեզ բան: Ինձ պատմություն պետք չի իմանալ, իմ պատմությունը պապս է: Իմ պապը ինչ ասել է դա է իրականությունը, ես ինչ գիտեմ պապուցս եմ ժառանգել: Պապս սարերից իջել է, որ իր ունեցածը ծախի, ունեցած չունեցածն էլ ի՞նչ էր`կաթ, յուղ, պիտի փոխանակեր ուրիշ ապրանքի հետ, բայց ասել են հայ ու գլխին տվել են, գլուխը ջարդել են, թալանել են, ձին էլ ձեռից առել են:
![]() |
![]() |
Հոփայի նեղ փողոցներում տղամարդիկ թեյ են խմում, նարդի խաղում ու սափրվում | Հոփա. ժամանցները միայն տղամարդկանց համար է |
Առաջ երբ սարերում էինք, սրանք մերներս լացացրին, քաղցած էինք մնում, իջնում էինք ներքև ծեծում էին ու ծեծում, մեզ ասեցին` հայ են սրանք, հայ են սրանք, բայց հիմա մենք իջել ենք ներքև ու արդեն չեն կարող մեզ ճնշել»:
Խանութպանը հենց իմացավ Հայաստանից ենք, կերպարանափոխվեց, բայց ոչ Հաջի Սուլեյմանի պես մռայլվեց, հակառակը` դեմքը սկսեց փայլել. «Այնտեղ գիտե՞ն մեր մասին»,-հարցնում է նա: Խաչիկը ասում է, որ այնքան էլ տեղյակ չեն Հայաստանում: «էէէ, մենք ծախեցինք մեր կրոնը, մենք ծախեցինք քրիստոնեությունը, դարձանք մուսուլման»:
Նույնիսկ այն համշենցիները, ովքեր խուսափում են հայ կոչվելուց, իրենց թուրք են համարում, պրծում չունեն տեղի մյուս ժողովուրդների վերաբերմունքից, ովքեր իրենց որպես հայհոյանք ասում են` էրմենի: «Չգիտեմ ինչի, մեզ էրմենի քոք են ասում»,-Չամուրլուում ասում էր մի գյուղացի կին:
Թեև համշենցի-լազ հակամարտությունը մեղմացել է, բայց համշենցիների հոգու խորքում մնացել է իրենց պապերի վիրավորանքը:
Մի կողմից իշխանությունները պատմություն են հորինել համշենցիներին հայկական արմատներից կտրելու համար, մյուս կողմից տեղական իշխանությունները, բնակիչները նրանց հայ ասելով ճնշել են ու չեն թողել իսպառ մոռանալ իրենց հայկական ծագումը:
Բաշոբայում Հաջի Սուլեյմանը ինչպես իր հաջի դառնալն է պարզ հիշում որպես ամենաերջանիկ օրեր, այնպես էլ մտքից չեն հեռացել հալածանքի տարիները. «լազերը մեզ չէին թողնում որ Հոփա մտնենք, մեզ քարկոծում էին»:
Մումի Յըլմազ. իմ պատմությունը պապս է: Պապս սարերից իջել է, որ իր ունեցածը ծախի, բայց ասել են հայ ու գլխին տվել են, գլուխը ջարդել են, թալանել են, ձին էլ ձեռից առել են: | ![]() |
Նա ասում էր, որ լազ աղաները` տոհմերի ղեկավարներն էին իշխում էս տարածքներում, որտեղ համշենցին իրավազուրկ էր: «Իսկ համշենցի աղանե՞րը»,-հարցնում եմ, «Աղա չկա, մենք աղա չունենք, մենք բոլորս աշխատող ենք, ոչ մի գերդաստան աղա չունի»,- ասում է Սուլեյմանը:
Համշենցիները երկու ելք ունեին` դիմադրել և միանալ նրանց «ում կյանքը անիծյալ է», որդեգրել ճնշված ժողովուրդների գաղափարախոսությունը` մարքսիզմը, կամ էլ դառնալ հռոմի պապից ավելի կաթոլիկ` թուրք նացիոնալիստ:
![]() |
«Չգիտեմ ինչի, մեզ էրմենի քոք են ասում»,-Չամուրլուում ասում է համշենցի կինը |
Ինչպես Մումին, այդպես էլ Հայդե բարում Ասլանը հենց մեզ տեսավ որպես հին ընկերներ` ոտքի ելավ ու ձեռքը պարզեց:
«Ես հայ եմ, հայ եմ»,-ձեռքս սեղմելով ասում է նա ու հրավիրում իրենց սեղանի մոտ: Նա փորձում է միայն համշեներեն խոսել: Երեք սեղանակիցները առանձնապես մեր վրա ուշադրություն չդարձրին, ենթադրում եմ, որ համշենցի չեն:
![]() |
Հոպա. Քեմալ Աթաթուրքի նկարը ամենուր |
«Նրանք քուրդ են, մեր ընկերներն են: Նրանք լավ գիտեն, որ մորթել են հայերին, հիմա զղջում են իրենց արածի համար»,-ու Ասլանը դիմում է նրանց թուրքերեն: Դիմացի քուրդը գլխով է անում` իհարկե:
«Թուրքիան երկու պրոբլեմ ունի` երկու բան է ատում` հայ և կոմունիստ, ես հենց Թուրքիայի այդ ատելի երկու բանը մարմնավորում եմ իմ մեջ` և հայ եմ, և կոմունիստ,- անընդհատ կրկնում է Ասլանը: Նաև հատուկ շեշտում է, որ ինքը սովետական կոմունիստ չի, որ չի ընդունում սովետական կոմունիստական գաղափարախոսությունը ու հատկապես Ստալինին. «Ինձ համար Ռուսաստանը երեք կոմունիստ է տվել Տրոցկի, Քալանթայ և նաև Լենին»: Լենինի անունը վերապահությամբ է տալիս:
Հետզհետե այնքան համշենցիներ ներգրավվեցին ձախ հոսանքներում, որ 2004թվին առաջին անգամ համշենցի և կոմունիստ ընտրվեց Հոփայի քաղաքապետ` Յըլմազ Թոփալօղլուն` (ընտրվել է «Ազատություն և համերաշխություն» կուսակցությունից, այժմ անդամակցում է «Հավասարության և Դեմոկրատական» կուսակցությանը):
Յըլմազ Թոփալօղլուն. կոմունիստն ու համշենցին` ընտրված քաղաքապետ
«Իմ անձով մենք կարողացանք հասնել առաջին անգամ նրան, որ համշենցի կոմունիստը դառնա քաղաքապետ,-ասում է հիսունամյա Յըլմազը,-իհարկե, մեր ընդդիմադիրները ասեցին` սրանք ի՜նչ են հասկանում քաղաքականությունից, սրանք վայրենի են, միայն ոչխար արածեցնել գիտեն, այսպիսի պրոպագանդա էին անում մեր դեմ, բայց ես համոզված եմ, որ իմ քաղաքապետության ժամանակ բավական լավ ենք անցկացրել և հպարտ եմ, որ առաջին համշենցին եմ, որ նման պաշտոնի եմ հասել»:
Սակայն առաջին հաջողությունը տապալվեց, երբ 2009-ի ընտրություններում համշենցիները երկու ձախ թեկնածու ներկայացնելով` ձայները իրար մեջ կիսեցին`Յըլմազը ստացավ 2200 ձայն, մյուս համշենցին 800` և քաղաքապետարանը կրկին անցավ նացիոնալիստական CHP-ի (Ժողովրդահանրապետական կուսակցություն) ձեռքը`3400 ձայնով անցավ լազ թեկնածուն:
«Եթե գումարենք իմ ու էդ ձայները էլի չէինք անցնի, բայց եթե հետևդ ուժեղ է, ձայներն էլ են շատանում և եթե միասնական լինեինք կարող է հաղթեինք,-ասումէ Յըլմազը,- Այսուհանդերձ, եթե համշենցի միասնական թեկնածու լիներ դա չի նշանակում, որ բոլոր համշենցիները իրենց ձայները կտային, ազգայնականները ընդհանուր հակահայ մթնոլորտ են ստեղծում, ուր հայկական անցյալ ունենալը համարյա հանցանքի է հավասարեցվում: Ու շատ համշենցիների մեջ էդ վախը կա, որ հանկարծ հայի հետ չնույնացնեն իրենց ու երբ պրոպագանդ է տարվում, թե թեկնածուն հայ է, ընդդիմանում են»:
![]() |
![]() |
Հոփա |
«Բայց նաև մեր բնակչությունը միշտ ավելի ընդդիմադիր է և չի ընդունել կենտրոնի որոշումները և միշտ քննադատորեն է մոտեցել ամեն ինչին, այնպես որ այստեղ ձախակողմյանը ուժեղ է և հաղթելու պոտենցիալ ունի: Բայց ցավոք սրտի, լազերը ավելի կենտրոնամետ են, պետության կողմն են, ընդդիմացող չեն և պետության շահերի հետ իրենց շահերի համար են պայքարում, դրանից մեր քաղաքական գիծը շատ կորուստ է ունենում»:
Ասում է, որ որպես քաղաքապետ փորձել է փոքրամասնությունների մշակութային խնդիրներ բարձրացնել, սակայն կենտրոնական իշխանությունը արգելքներ է ստեղծել:
«Փոքրամասնությունների համագործակցության առաջին կայծերը արվեստով և գրականությամբ կարող է սկսվել: Փորձել ենք փառատոներ կազմակերպել լազերով և համշենցիներով, նաև Դիարբեքիրի մի թաղապետի հետ մի նախագիծ կազմեցի, միջոցառման թեման էր մշակույթների մերձեցումը: Այնտեղի քրդերի և էստեղի լազերի և համշենցիների միջև: Աշխարհը տակնուվրա եղավ, կենտրոնական իշխանության միջամտությամբ ավարտին չհասավ, աղմուկ բարձրացավ, թե քրդերն ու համշենցիք միանում են ընդդեմ իշխանության, հետո էլ սրանք պիտի անկախություն պահանջեն: Իշխանությունը կորցնելուս պատճառներից մեկն էլ սա էր, որ մեզ մեղադրում են հակապետականության ու հակաթուրքականության մեջ»:
Յըլմազը շինարար է, հանդիպեցինք իր կառուցած շենքում գտնվող գրասենյակում, իրեն կոմունիստ է համարում: Երիտասարդ տարիներին եղել է անլեգալ կոմունիստական կուսակցության անդամ, 1980թ սեպտեմբերյան հեղաշրջումից հետո որպես կոմունիստ դատվել է ու երեք տարի անցել թուրքական բանտի բոլոր տանջանքներով: Առաջին կինը համշենցի է եղել, դստեր հետ ավտովթարից զոհվել է, երկրորդ կինը թուրք կոմունիստ է, դուստր ունի, որդին մի քանի օր առաջ էր ծնվել:
![]() |
Յըլմազ և Իսմեթ Թոփալօղլունրերը և Խաչիկ Տերտերյանը: Վարորդ Իսմեթը, երբ բեռնատարով Հայաստան է մտնում ասում է' ես Թօփալյան եմ ու ավելի ջերմության է արժանանում: |
«Լեզուն դեր է խաղում մարդու էության վրա, մենք մեր լեզվով խոսում ենք, երգում ենք, և նույնիսկ մեր թաղումների ժամանակ մենք ողբում ենք մեր լեզվով, երբեք չեք տեսնի, որ ողբան թուրքերեն, դա մեզ ուրիշ բան է դարձնում,-բնութագրւմ է համշենցիներին Յըլմազը,- մեր յուրահատկությունը համերաշխությունն է, թե մեկին մի բան պատահի բոլորս հասնում ենք, բայց նաև մեզնից տարբերվողների նկատմամբ խտրականություն չենք դնում: Իմ քաղաքապետ եղած ժամանակ ցանկանում էի լազերի և մեր հարաբերությունները բարելավել: Չնայած մի քանի հարյուր տարի միասին ապրում ենք, բայց չեմ կարող ասել, թե 10-ից ավել խառն ամուսնություն է եղել»:
Նրա հերոսը Հրանտ Դինքն է.
«Հրանտից հետո մենք ավելի գիտակցության եկանք մեր ինքնության հետ կապված: Վերջերս Հրանտի ընկերոջ գրած մի գիրք կարդացի, որտեղ նաև զգում եմ ինչքան մոտիկ են մեզ հայերը և մշակութային և լեզվական առումով: Հրանտից հետո է, որ մեր մեջ ավելի հայկական գիտակցությունը բարձրացավ ու մշակութային հարազատություն զգացինք»:
Իսկ իշխանությունը ու ազգայնականները նրանց միշտ էլ հայ են անվանել և Թուրքիայում դեռևս որպես հայհոյանք է հնչում հայն ու կոմունիստը.
«Մեզ մատով էին ցույց տալիս և մեղադրում էին և հայ և կոմունիստ լինելու մեջ: Մինչև 90-ական թվերի վերջերը Թուրքիան ահավոր հակակոմունիստական երկիր էր, եվրոպական ճնշումների շնորհիվ ու Սովետական Միության քանդվելուց հետո հետզհետե մի քիչ փոխվեց: Իսկ հայերի և քրդերի նկատմամբ վատ վերաբերմունքը շարունակվում է, ասում են, թե սրանք մի ժամանակ իբր թուրք պետության թշնամի են եղել (շեշտում է, որ քրդերն էլ են մասնակցել հայերի կոտորածներին): Այս քարոզչությունը, ցավոք, ոչ միայն պետական, այլև շատ անգամ ընդդիմադիր շրջանակներն են անում: Չնայած միշտ ասում են` մենք բազմամշակութային երկիր ենք, բոլոր կրոններն ու ազգերը մեր հարստությունն են, մեր գույներն են, մեր նրբերանգներն են, բայց չեն կարողանում հաղթահարել հակահայությունը, էլի հայերի հետ կապված պատմությունը միշտ ուզում են ծածկել»:
Ջեմիլ Աքսու. ութ տարի թուրքական բանտում
![]() |
Ջեմիլ Աքսու...«Աշուն» ֆիլմի հերոսի նախատիպը |
-Հարցաքննությունների ժամանակ, երբ իմացան Հոփայից եմ, հարցրեցին` լա՞զ ես, թե՞ համշենցի, ասեցի` համշենցի եմ: Ուրեմն էրմենի ես,-ասեցին: Այո,- ասեցի,- հայ եմ, և դրանից հետո ավելի հատուկ վերաբերմունքի էի արժանանում, հայհոյում էին որպես հայ, աչքերս փակ էին և ոստիկանները ծեծում էին հենց հայ լինելու համար»:
34-ամյա Ջեմիլ Աքսուն Սամսունում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել է ձախակողմյան շարժումներին, եղել է Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության անդամ, 19 տարեկանում 1996 թվին ձերբակալվում է, մեղադրվում ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեջ, 8 տարի նստել է Անկարայի, Բուրդուրի, Բուրսայի, Էդիրնեի բանտերում: Ազատվելուց հետո ինն ամիս իշխանություններից թաքնվել է, որ բանակ չգնա. «Նոր ազատվել էի ու միանգամից պիտի տանեին բանակ, ուզում էի մի քիչ ազատ լինել», ազատության մեջ ամուսնանում է, ապա ծառայում է բանակում մեկուկես տարի: Ոչ մի կուսակցության անդամ չի, այսուհանդերձ ակտիվ մասնակցում ու կազմակերպում է ընդդիմադիր ձախ շարժումները: Ստեղծել է «Մի կյանք. մշակույթի և բնապահպանության միություն» («Bir Yaşam») հասարակական կազմակերպությունը, խմբագիրն է իր հիմնադրած համանուն «Բիրյաշամ» ամսագրի:
«Իսկ ինչո՞ւ էին աչքերդ կապել»:
![]() |
Յուսուֆը. կադր «Աշուն» ֆիլմից |
«Կալանավորման ժամանակ օրերով աչքերս փակ էին: Մեզ անընդհատ տանջում էին և մեր աչքերը փակում էին, որ չտեսնենք, թե ով է մեզ տանջում: Երբ ձերբակալեցին, ութ օր կալանքի տակ մնացի, հետո դատարան պետք է ներկայանայինք: Մինչև դատարան գնալը միջանցքում մեզ հավաքեցին` 18 հոգի էինք, մեկը` պետության ինչ-որ պաշտոնյա քարոզ կարդաց` դուք ինչո՞ւ եք մի հայի հետևորդները դարձել, նրա ձեռքը խաղալիք դարձել, նրա գաղափարներին հետևում»:
«Մյուսները ի՞նչ ազգ էին»:
«Մեկը համշենցի էր` Էրքանը, ընկերս, հիմա Հոփայում է, մյուսները թուրք և լազ ձախակողմյաններ էին»:
Ջեմիլի մասին առաջին անգամ իմացա երկու տարի առաջ, երբ նայեցի Օսջան Ալփերի «Աշուն» ֆիլմը, որ պատմում է թուրքական բանտից ազատված, առողջությունը քայքայած քաղբանտարկյալ Յուսուֆի մասին: Իմացա, որ Յուսուֆը նախատիպ ունի, ու ի տարբերություն ֆիլմի հերոսի, ով մահանում է ֆիլմում, նա ողջ է: Ջեմիլն էր:
Ջեմիլը տարբերվում է ֆիլմի հերոսից, Յուսուֆը ռոմանտիկական հերոսականություն ունի, ճիշտ է, ֆիլմում հերոսություն չի անում, բայց նրա կեցվածքի մեջ, նրա արտհայատիչ աչքերում որոշ հերոսականություն կա: Ջեմիլի մեջ հերոս չես տեսնի, մեղմ հայացքով բանտի դժոխային կյանքի մասին պատմում է ինչպես սովորական պատմություն, կարծես այդպես էլ պիտի լիներ, իր կյանքը հենց այդ հունով պիտի շարժվեր: Տարբեր նաև իմ ճանաչած սովետական հայ այլախոհներից, ովքեր շեշտված հպարտությամբ են հիշում իրենց սխրանքները, բանտերում կոփված կամքը: Ջեմիլը ոչ հպարտություն և ոչ էլ ընկճվածություն է ցույց տալիս, միայն հանդարտություն: Իսկ երբ մի քանի օր տաքության մեջ հազում էր Ջեմիլը, միանգամից աչքիս առաջ եկավ ֆիլմի Յուսուֆը, ով բանտից իր հետ բերել էր մղձավանջները ու հազը` թույլ ու անընդհատ կրկնվող:
![]() |
Թեյ ամեն տեղ, թեյ համշեցնի Շենոյի Ուստաբաշ ռեստորանում |
«Ո՞րն է եղել քո ներդրումը ֆիլմի մեջ»:
«Ինչպիսին է բանտից դուրս եկող մարդու հոգեբանական վիճակը, ապրումները, ինչպես է նա կարողանում կրկին մտնել սոցիալական միջավայր, այդքան ժամանակ բանտում մնալուց հետո նորից շփվել մարդկանց հետ. սրանք են իմ բաժինը սցենարի մեջ: Նաև բանտից ուղարկածս նամակները օգտագործեցինք ֆիլիմի մեջ, նաև մասնակցեցի համշեներեն երկխոսությունների խմբագրումներին»:
«Թուրքական բանտերի դաժանությունների մասին շատ ենք լսել, կարո՞ղ ես պատմել»:
«Մինչև մի քանի տարի առաջ ահավոր վիճակ էր թե՛ բանտերում, թե՛ ոստիկանատներում: Ոստիկանատներում նույնպես տանջանք ու կտտանքներ կան: Իմ ութ տարիների ընթացքում ես և իմ ընկերները մշտապես ենթարկվել ենք տանջանքների: Մեր բանտում միայն տասը հոգի մահացան: 2008, թե 2009-ին Դիարբեքիրի բանտում 12 հոգի մահացան, բոլորը քրդեր էին: 2000 թվին մի շարք բանտերում ձախակողմյան դատապարտյալներ ապստամբություն բարձրացրին, որի արդյունքում քսանութ քուրդ սպանվեց, հարյուրավոր վիրավորներ եղան: Վերջին տարիներին Եվրոպայի միություն մտնելու հետ կապված ոստիկանատներում տանջանքները բավականին պակասել են, բայց հատկապես բանտերում տանջանքներ դեռ լինում են:
«Ինչպե՞ս մահացան»:
![]() |
«Թուրքիայում բոլորի գիտակցության մեջ նստած է, որ Թուրքիան երեք թշնամի ունի' հայերը, ալևիները և կոմունիստները» |
«Օրինակ` մի բանտում, մի խցում երեսունի փոխարեն հարյուր հոգի էր նստած: Այդ պայմանները փոխելու համար շարժում էր ստեղծվել, պետությունն էլ կեսգիշերին կրակոցներով արցունքաբեր գազով, հրդեհելով ճնշեց, արդյունքում այդքան մարդ մեռավ: Նաև ամբողջ օրը զինվորները ծեծելով էլ սպանեցին, բոլորն էլ ձախ սոցիալիստ մարդիկ էին»:
«Իսկ տանջանքները կոնկրետ ինչպիսի՞ն էին»:
«Միայն մի երկու օրինակ: Հոսանք են տալիս մարմնիդ կամ կախում են թևերից ու ոտքերից երկու կողմից քաշում են, էլի շատ օրինակներ կան: Հիվանդներին չեն խնամում, դեղորայք չեն տալիս, հիվանդանոց չեն ուղարկում, հաճախ գալիս են այցելության միայն ծեծելու համար:
«Ինչո՞ւ էին անընդհատ ծեծում, եթե չբողոքես, հանգիստ նստես, էլի կծեծեի՞ն»:
«Երկու դեպքերն էլ կային, հատկապես պրովոկացիաներ են անում, առիթներ են ստեղծում ծեծելու համար: Օրինակ, տեղում մեկ էլ նոր օրենքներ են հանում, օրինակ, գիրք ես ստանում, բայց չի տալիս քեզ, կամ խցից պիտի դուրս գանք զբոսանքի, ասում են պիտի հանվեք, մերկ գնաք, որ օրենքի դեմ է, դու էլ դիմադրում ես ու սկսում են ծեծել, միշտ առիթ գտնում են ծեծելու համար»:
«Ինչպե՞ս էիր դիմանում»:
«Ելք չունես, հնար չունես, ուզում ես կյանքդ շարունակել և քո արժանապատվությունը քեզ ուժ է տալիս, որ դիմադրես ու ապրես»:
«Հայ և կումունիստ, Թուրքիան այս երկուսին այդպես ատո՞ւմ է»:
«Թուրքիայում բոլորի գիտակցության մեջ նստած է, որ Թուրքիան երեք թշնամի ունի` հայերը, ալևիները և կոմունիստները: Դա արտացոլվում է նաև դասագրքերում և խոսվում է նրանց մասին թշնամական արտահայտություններով` հպարտ ենք մենք, որ թուրք ենք, թուրքից լավը չկա, մեր բոլոր հարևանները աչք ունեն մեր հողերին, այս բոլորը դասագրքերում արտահայտվում են: Իշխող գաղափարախոսությունը այն է, որ ովքեր թուրքերեն են խոսում քաղաքակիրթ են, իսկ մնացած լեզուները համարվում են վայրենի մարդկանց լեզուներ, և այս մոտեցումը ամբողջ ժողովրդի մեջ մտցվում է»:
«Ձախ գաղափարները Հոփայում և շրջակայքում արդյո՞ք կապ ունեն այն հանգամանքի հետ, որ համշենցիները որպես փոքրամասնություն են այստեղ և թուրքական իշխանության մեջ մշտապես ճնշվել են»:
«Մենք պետության ճնշումներին ենթարկված համայնքներ ենք և հարյուր տոկոս համաձայն եմ որ դա է դեր խաղացել: Մեր համշենական ինքնությունը շատ կարևոր գործոն է, մեծ դեր է խաղում կենտրոնական իշխանությանը ընդդիմանալու մեջ: Սա սոցիոլոգիական անհերքելի իրականություն է: Մյուս պատճառները սոցիալ-տնտեսական են»:
«Իսկ քո մեջ ինչպե՞ս առաջացան ձախ գաղափարները»:
«Մեր գեղը արդեն ամբողջ ձախակողմյան էր և հիմա էլ է, Հոփան էլ հիմնականում ձախակողմյան է ու հաճախ ձախերին են քվեարկում: Բացի դա կենտրոնական իշխանության նկատմամբ այստեղ միշտ սառն են եղել և 1980-ին, երբ պետական հեղաշրջում եղավ ավելի լարվեցին կենտրոնական իշխանությունների դեմ: Մենք այստեղ շատ թերթեր էինք ստանում ձախակողմյան գաղափարներով, էդպես իմ ձախ գաղափարների հիմքը դրվեց» :
«Ջեմիլ, կներկայացնեի՞ր հիմիկվա քաղաքական իրավիճակը Հոփայում: Ի՞նչ պահանջներ ունեք»:
![]() |
Բաշոբա. կանայք են տան բոլոր գործերը անում |
«Մենք վաղուցվանից ենք քաղաքականապես ակտիվ, և պատճառներից մեկն այն է, որ մենք շարունակում ենք մեր ավագների ավանդույթը: Մյուսը գյուղացիների կյանքի դժվարություններն են, գյուղերի փլուզվելը, մի մասը բնապահպանական շարժումն է` հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կառուցման դեմ, քաղաքական ապակենտրոնացման հարց է, հատկապես քրդերն են այս քաղաքականությունը տանում, որ տեղական իշխանություններին տեղի հարցերը լուծելու հնարավորություն տրվի: Մեր շրջանում էլ Գիրեսուն, Տրապիզոն Սամսուն, Ռիզե, Արդվին ապրող տարբեր էթնիկ խմբեր կան, համշենցիները, լազերը, վրացիները, հույները,նաև բոշաները, որոնք իրենց լեզուն կորցնելու վրա են: Ամենաակտիվը լազերն են, որ պահանջում են դպրոցում իրենց լեզուն սովորել, հեռուստաալիք իրենց լեզվով, վրացիներն էլ ակտիվ են, մենք առայժմ քաղաքական մակարդակով այդպիսի պահանջներով չենք ներկայանում»:
«Դու կուզե՞ս նման պահանջներ ներկայացնել»:
«Ինձ համար բոլոր լեզուներն էլ արժանի են գոյատևման, ինչպես մյուսները պետք է համշեներնն էլ գոյատևի: Թե՛ պետությունից օգնություն ստանալով և թե՛ այլ միջոցներով որպես հասարակական կազմակերպություններ(հկ) մենք պետք է ջանք չխնայենք մեր մշակույթը պահպանելու համար: Համշեներենի (ինչպես նաեւ լազերենի, հունարենի, վրացերենի) գոյատևման գլխավոր պայմանը ուսուցումն է և կրթության միջոցով պետք է պահենք մեր լեզուն»:
«Ի՞նչ հաջողություն կունենա դա»:
«Թուրքիան ժողովրդավարացման ուղու վրա է հակառակ բոլոր ճնշումներին, և ես հույս ունեմ, որ դա կշարունակվի, եթե չշարունակվի, ուրեմն ավելի խիստ ռեժիմ կլինի, բայց քանի որ ամբողջ աշխարհը շարժվում է դեպի ժողովրդավարություն, մենք էլ հույս ունենք, որ այդ ուղղությամբ կշարժվի»:
«Համշենցիները կրելով իրենց մեջ մի կողմից հայերի, մյուս կողմից թուրքական մշակույթը կարո՞ղ են արդյոք օղակ հանդիսանալ հայերի ու թուրքերի համագործակցության ու հարաբերությունների մեղմացման համար»:
![]() |
Գիշերային Հոփան |
«Լրիվ համաձայն եմ, որ համշենցիները կրում են թե՛ հայկական, թե՛ թուրքական մշակութային տարրեր: Բայց թուրք-հայ հարաբերությունների առումով Թուրքիան Հայաստանի հետ կապեր հաստատելու համար ստիպված է լինելու առերեսվելու իր արած ցեղասպանության հետ և նաև ընդունել հոգևոր և նյութական հասցրած վնասը: Օրինակ, 1923-ից, Հանրապետության հիմնադրումից ի վեր ժողովրդին միշտ դաստիարակել են, որ հայերը մեր թշնամիներն են, մեզ դավաճանել են: Այս պահին այդ մոտեցումը, եթե ուզենան կտրուկ կերպով փոխել, շատ ուժեղ ռեակցիայի կարժանանան ժողովրդի կողմից: Հայաստանի և Թուրքիայի բարեկամության գլխավոր ջատագովը Հրանտ Դինքն էր և բոլորի աչքի առջև նա սպանվեց, կարող ենք ասել, որ պետությունը սպանեց, սա ոչ ոք չի կարող ժխտել: Թուրքիայի պետությունը ինչո՞ւ պետք է ուզի Հայաստանի հետ հարաբերություն ստեղծել, հիմնականում առևտրական նպատակներով, իսկ թուրքական հասարակության մեջ շատ ավելի հոգեբանական խնդիրներ կան, որոնք թույլ չեն տալիս թուրք հասարակությանը հայերի հետ նորմալ հարաբերություններ ստեղծել: Դրա հաղթահարումը երկար գործընթաց է պահանջում: Թուրքիայում նախ պետք է բուժել հիվանդությունը` նացիոնալիզմ, շովինիզմ, հակահայկականություն, որից հետո հասարակության մեջ կարող են ժողովուրդները հանգիստ շփվել:
«15 թվի ցեղասպանության վերաբերյալ մուսուլման համշենցիները հիշողություն ունե՞ն»:
«Շատերի հիշողության մեջ կա: Պապս պատմում էր, թե ինքը տեսել է, բայց երևի իր հայրն է պատմել, որ հովիվ էր ինքը, Արդանուճի կողմը ոչխարները արածացնելիս իր աչքերով տեսել է, որ մի մեծ խումբ հայերի հավաքած անդունդից գցել են ներքև և մի հղի կին էլ աղաչում պաղատում էր, որ չսպանեն իրեն, բայց նրան էլ գցել են: Ու մասնակցել են ժանդարմներն ու զինվորները: էս պատմությունը եղել է Ջեհեննեմ դերեսիում(դժոխքի ձորը): Հայերի ջարդի մասին պատմություններ հիսունն անց մարդկանց մեջ շատերը գիտեն»:
«Հնարավո՞ր է հավաքել»:
«Չկա լուրջ հավաքած բան, բայց էս պատմությունը մի ձախակողմյան թերթում տպել եմ: Հիմա ես մի աշխատության վրա եմ, ուր պատմում եմ թե ովքեր են Արդվինի հայերը, ուր են գնացել, դա էլ լույս է տեսնելու ակադեմիական լուրջ ժուռնալում: Արդանուճում ում հանդիպես, հարցնես բոլորը գիտեն հայերի սպանությունների մասին, մի գյուղ կա, անունը Տանձուտ ու բոլորը գիտեն որ դա հայկական գյուղի անուն է»:
Կես-կեսի վերադարձը
Ջեմիլի մեկ ու կես տարեկան որդու անունը Արև է: Հորեղբոր թոռան անունը` Լուսենկա: Ջեմիլը համշեներեն ևս մի քանի անուններ է թվարկում, որոնք դրվել են վերջին մի քանի տարիներին` Ժեմնա (հասնող), Էրանդ (եռանդ), Թունես (դու ես): Երեք հարյուր տարվա ընդմիջումից հետո 2005 թվականից համշենցիները կրկին հայկական անուններ են դնում ու նրանց անուն- ազգանունները դառնում կես-հայկական, կես-թուրքական, ինչպես Ջեմիլի որդին Արև Աքսու:
Լևոն Խաչիկյանը հղում կատարելով Բժշկյանին, գրում է քրիստոնեությունից դեպի մուսուլմանություն անցումային շրջանի համշենցիների մասին, ովքեր կես-մահմդեկան, կես-քրիստոնյա էին, կես-թուրքական, կես-հայկական անուններ ունեին, ինչպես օրինակ, Ալի-Սարգիս Կարապետօղլի, Մահմուդ Հովհաննեսօղլի[1]: Հետզհետե անհետանում են հայկական անունները ու մնում միայն թուրք-մահմեդականը: Իսկ 1934 թվականին Թուրքիայում անունների ռեֆորմից հետո, երբ պարտադրում էին բոլորին թուրքական անուն-ազգանուն ունենալ, համշենցիները ևս մեկ անգամ կորցրին գերդաստանների թուրքական ազգանունները: Օրինակ, բոլոր Աքսուները եղել են Մուսլիօղլի գերդաստանից, սակայն ռեֆորմը համարելով –օղլի ձևը հնացած, ստիպում է փոխել ազգանունները: Նույն կերպ վերացել են Թոփալօղլուներ, Կարաբաջօղլուներ և այլ գերդաստանների ազգանունները, դրանք մնացել են սովետական համշենցիների ազգանուններում:
Ինչպես ճնշումները նրանց ամբողջական հայ ինքնությունից սկզբում դարձրեց կես հայ-կես թուրք, ապա նրանց անուն-ազգանունը թուրքերեն, այնպես էլ Թուրքիայում վերջին տարիների ազատությունները հնարավորություն տվեցին հետ բերել ու գրանցել մայրենիով անուններ:
շարունակելի
Լուսանկարները Անահիտ Հայրապետյանի
Ուսումնասիրությանը մասնակցեց Խաչատուր Տերտերյանը
[1] Լևոն Խաչիկեան, «Աշխատութիւններ», հատոր բ, հոդված` «Էջեր համշենահայ պատմությիւնից», Գանձասար աստուածաբանական կենտրոն, Երեւան 1999:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել