HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ քրեական գործի՝ Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին 22 մլն 401 հազար դոլար կաշառք է տվել

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գ.Խ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս, նրա մերձավոր 4 անձանց, ՊԵԿ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած 3 անձանց նկատմամբ։ Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը: 

Մասնավորապես, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել  այն մասին, որ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս.Ա.-ն 2008-2014թթ. ընթացքում կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014-2016թթ. ընթացքում ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ Գ.Խ.-ին որդիների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով` 8 մլրդ 142 մլն  դրամին համարժեք 22 մլն 401 մլն ԱՄՆ դոլարի կաշառք՝ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:

Դատախազության փոխանցմամբ՝ Գ.Խ.-ի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Ս.Ա.-ն 2011թ. ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող՝ 8 մլրդ 142 մլրդ դրամին համարժեք 22 մլն 401 հազար ԱՄՆ դոլարը փոխանցել է Գ.Խ.-ի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Ս.Ա.-ի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7 մլն և 13 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Ս.Ա.-ին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 142 մլրդ դրամին համարժեք 22 մլն 401 հազար ԱՄՆ դոլար կաշառք տալու և  հանցավոր ճանապարհով ստացված նշված առանձնապես խոշոր չափերով գումարը օրինականացնելուն օժանդակելու համար Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նշված դրվագներով քրեական հետապնդում է հարուցվել նաև հանցագործությանը մասնակցած մյուս անձանց նկատմամբ, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Դատախազությունը հայտնում է, որ միջոցներ են ձեռնարկվում նաև կաշառքի առարկա հանդիսացած գումարի ծագման օրինականությունը ստուգելու ուղղությամբ՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ս.Ա.-ն 2011թ. 22 մլն 401 հազար ԱՄՆ դոլար ունենալու հանգամանքը պայմանավորել է նրա մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու և 1987թ․տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով։  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

***

Հավելենք, որ դատախազության հաղորդագրության մեջ նշված Ս.Ա.-ն «Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն է, իսկ Գ.Խ.-ն ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter