
Արցախի փողոցի վթարային շենքերի բնակիչները, ըստ փոխքաղաքապետի, մեկ ամսից կտեղափոխվեն նոր բնակարաններ
Երևանի Արցախի փողոցի վթարային շենքերի տեղահանված բնակիչները մեկ ամսից կունենան իրենց նոր բնակարանները: Այս մասին խոհրդարանում` 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը` անդրադառնալով Երևանի վթարային շենքերի հարցին:
Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ քաղաքապետարանը նախորդ տարի 170 ընտանիքի տեղահանել է Արցախի փողոցի վթարային շենքերից, նրանցից շուրջ յոթանասուն ընտանիք համայնքի միջոցներով` վարձակալական հիմունքներով է բնակվում ժամանակավոր կացարաններում:
Սարգսյանի խոսքով` շարունակվում է Սիսակյան փողոցում շենքի կառուցման աշխատանքները:
«Շենքի ավարտական ակտը ստացված է, կառուցապատողը դիմել է Կադաստրի կոմիտե` հասցեներ ստանալու համար: Եթե ամեն ինչ իր հունով գնա, մեկ ամսից շենքը պատրաստ կլինի, ու կհանձնվի բնակիչներին»,- ասաց Սարգսյանը:
Խոսելով Երևանի ընդհանուր վթարային շենքերի մասին փոխքաղաքապետն ասաց, որ չորրորդ աստիճանի վթարայնություն ունեցող չորս շենքերից երեքը Արզումանյան փողոցում են:
«Արզումանյան փողոցի վթարային շենքերի վերաբնակեցման ծրագիրը մեկնարկել է Կառավարության կողմից»,- ասաց փոխքաղաքապետը` հավելելով, որ հողատարածքի հատկացման գործընթացի նախնական դիտարկումներն ավարտված են: Փոխքաղաքապետն ասաց, որ նախորդ տարվա բյուջեից 600 միլիոն դրամ խնայել են, և այն ուղղել են այս շենքի կառուցման ծախսերին:
«Շենքի նախնական նախագիծը պատրարստ է»,-ասաց փոխքաղաքապետ Սարգսյանը:
Մեկնաբանել