
Մոսկվայի իշխանությունները հայտարարել են մայիսին մահացության ցուցանիշների մեկուկես անգամ ավելացման մասին
Մայիսին Մոսկվայում մահացության աճը վերջին երեք տարիներին մայիս ամսվա միջին ցուցանիշի հետ համեմատած կազմում է 5 799 դեպք։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով Մոսկվայի առողջապահության դեպարտամենտին։
Այս տարվա մայիսին Մոսկվայում գրանցվել է մահացության 15 713 դեպք, ինչը 5 715-ով ավելի բարձր է, քան 2019 թվականի մայիսին (մահվան 9 998 դեպք)։ Եթե այդ ցուցանիշը հաշվարկենք վերջին երեք տարիների տվյալների հիման վրա, ապա միջին տարեկան մահացությունը մայիսին կազմել է 9 914 (2017 թվականին այն կազմել է 9 935, 2018 թվականին՝ 9 808, իսկ 2019 թվականին՝ 9 998)։
Այսպիսով, ընթացիկ տարվա մայիսին մահացության աճը կազմում է 5 799 դեպք։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքերի 92 %-ի պարագայում (շուրջ 5 260 դեպք) մահվան հիմնական կամ հարակից պատճառ նշվել է COVID-19 կորոնավիրուսը։ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտը հավելել է, որ որպես մահվան հիմնական պատճառ, COVID-19-ը նշվել է 2 757 մարդու մոտ։ Դրանց թվին կարելի է դասել այն դեպքերը, երբ հիվանդի կորոնավիրուսի թեստը եղել է բացասական, սակայն պաթոլոգոանատոմիական հետազոտության արդյունքները և կլինիկական նշանները վկայում են այն մասին, որ, ամենայն հավանականությամբ, մահվան պատճառը COVID-19-ն է: Դեպարտամենտը նշել է, որ մայիսին Մոսկվայում այդպիսի դեպքերի թիվը կազմել է 433։
Ռուսական գերատեսչության վարկածով՝ կորոնավիրուսը խթանում է մյուս հիվանդությունների զարգացմանը, որոնք կարող են մահվան հանգեցնել։ Այսպես, մայիսին հայտնաբերվել է 2 503 մարդ, որոնք մահացել են այլ պատճառներից, սակայն կորոնավիրուսի թեստը եղել է դրական։ Գերատեսչությունը հայտնել է, որ Մոսկվայում, համաճարակի տարածման ողջ ընթացքում, մահացության տոկոսային ցուցանիշները հետևյալն են՝
2 %, եթե հաշվի առնենք բոլոր այն դեպքերը, երբ կորոնավիրուսը համարվում է մահվան հիմնական պատճառ,
3,8 %, եթե հաշվի առնենք բոլոր այն դեպքերը, երբ կորոնավիրուսը եղել է հիմնական կամ հարակից հիվանդություն։
Դեռ անցած ամիս Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր, որ հունիսին մայրաքաղաքում մահացության ցուցանիշները կլինեն ավելի ցածր, քան մայիս ամսին։ Այդուհանդերձ, նա նշել է, որ Մոսկվայում մահացության ցուցանիշներն ավելի ցածր են, քան աշխարհի այլ խոշոր քաղաքներում։
Վերջին տվյալներով՝ Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է 3 085 մարդ։ Այս ցուցանիշը Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերի կեսն է։ Մոսկվան առաջատարն է նաև կորոնավիրուսով վարակվածների թվով (շուրջ 199,7 հազար դեպք)։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 493,6 հազար դեպք։
Լուսանկարը՝ TACC գործակալության
Մեկնաբանել