HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Էլեոնորա Թամամյանը վարակվել է կորոնավիրուսով, բուժվել և շարունակելու է կամավորական աշխատանքը

Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող Էլեոնորա Թամամյանը երկու ամիս որպես կամավոր աշխատել է հիվանդների մեկուսարաններից մեկում եւ հետեւել COVID-19-ով վարակվածներին։

Վարակակիրների մեկուսացման վայրում աշխատանքն այնքան շատ է եղել, որ նույնիսկ իրենք չեն հասցրել ամեն օր ջերմաչափել։ Աշխատանքի ընթացքում Էլեոնորան եւս վարակվել է COVID-19-ով: Հիվանդության ընթացքը թեթեւ է անցել, թեեւ ունեցել է ջերմություն, հազ, շնչարգելություն: Հաղթահարել է հիվանդությունը. առողջ է:

Կամավորական աշխատանքը սկսել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում, համակարգչային աշխատանք է կատարել: Երկու շաբաթ այնտեղ անցկացնելուց հետո տեղափոխվել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր և մոտ երկու ամիս աշխատել այնտեղ։

«Մենք հետևում էինք պացիենտներին, ջերմաչափում անում, տրամադրում ախտահանման միջոց, անհրաժեշտության դեպքում էլ կազմակերպում էինք նրանց տեղափոխումը հիվանդանոց»,- ասում է Էլեոնորան։

Նա պատմում է, որ բժշկի մասնագիտությունն ընտրել է ավարտական դասարանում։ Մասնագիտացման հարցում դեռևս չի կողմնորոշվել:

«Հիմա մասնագիտացում ընտրելու գործում ավելի եմ խառնվել։ Մեկուսացման վայրում էնքան հետաքրքիր էր, ավագ գործընկերներս իրենց աշխատանքի մասին էնքան բաներ էին պատմում, որ չեմ կարողանում կողմնորոշվել»։

Իր` կամավորական աշխատանք կատարելուն հայրը դժվարությամբ է համաձայնել, բայց համոզել է։ «Մաման գիտի մտքիս որոշումները, պապայի հետ այլ էր, ասում էր, որ իմ մասին մտածեմ, իրենց մասին մտածեմ, բայց ես Էս մասնագիտությունը իզուր չեմ ընտրել, որ խուսափեմ ոչ ստանդարտ իրավիճակներից»,- ասում է Էլեոնորա Թամամյանը։

Էլեոնորայի համար ստեղծված վիճակը նոր մարտահրավեր էր։ Մեկուսացման վայրում դժվար է եղել, տարբեր բնավորությունների տեր մարդկանց է հանդիպել: Երկու ամիսների ընթացքում հիվանդների հետ շփվելու մեծ փորձ է ձեռք բերել:

«Պատկերացնում եք՝ երբ իմանում էի, որ կոլեգաներս էլ են վարակվել կամ մեկուսացվել են, տխրում էի, երկու ամիս է ՝ ծնողներիս չեմ տեսել, ինքնամեկուսացման ընթացքում էլ շարունակում էի նրանց հեռվից հետեւել։ Կարողացել եմ անձնական կոմֆորտի սահմանից դուրս գալ եւ ծառայել այլ մարդկանց»,– ասում է Էլեոնորա Թամամյանը։

Կամավորությունը չի խանգարել մասնակցել դասերին, մեկուսացման վայրից հանձնել է քննությունները։

Իր՝ կորոնավիրուսով վարակվածության մասին խոսելիս ասում է, որ երեւի մի բան սխալ է արել կամ պատշաճ չի պահպանել կանոնները։ Ինքնամեկուսացել է իր ընկերներից մեկի տանը, սնունդը ծնողները կամ ընկերներն են տարել։

Էլեոնորա Թամամյանը որոշել է շարունակել կամավորական աշխատանքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter