HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կայունացման թույլ նախանշաններ են ցույց տալիս»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» տնօրենի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի հետ անցկացրել է ճեպազրույց։

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս և վերջնական հնարավոր չէ ասել, թե իրավիճակը կայունացել է:

«Կայունացումը տեղի է ունենում շատ բարձր նշաձողի վրա, երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մեր ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար: Ըստ էության, հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրն ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եթե կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալացման խնդիրն ամբողջ ծավալով ու կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այսօր բնակիչների մեծամասնությունը կրում է դիմակ, հետևում կանոններին, բայց դեռևս ցանկալի արդյունք չունենք: «Այսօր օրվա առաջին կեսին ոստիկանները 15:00-ի դրությամբ 1800 քաղաքացու տուգանել են դիմակ չկրելու համար: Այս թիվն ասում եմ ցավով, որովհետև մեր նպատակը տուգանելը չէ: Երեկ բացառիկ ցուցանիշ ենք ունեցել բուժվածների մասով՝ 775 բուժված: Ըստ էության, մենք ակտիվ դեպքերի որոշակի նվազում ենք արձանագրել»,-նշել է վարչապետը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ կորոնավիրուսը նոր հիվանդություն է ու դեռևս շատ անորոշություններ կան դրա թե՛ տարածման, թե՛ կանխարգելման, թե՛ բուժման հետ:

«Այս ամիսներին առողջապահության նախարարությունը ոչ միայն կազմակերպել է կանխարգելիչ և բուժման աշխատանքները, այլև փորձել ենք սովորել հիվանդության մասին: Սովորել ենք մեր բուժաշխատողներից, միջազգային մեր այլ գործընկերներից, մեր փորձագետներից, թե ինչպես կառավարել համաճարակը: Բավականին երկար ճանապարհ անցել ենք և դեռ անցնելու ենք: Քաղած դասերի հիման վրա փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ, ավելի արդյունավետ դարձնել հակազդումը»,-ասել է նա:

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և անկառավարելի բարդություններով։ «Հիվանդներն ունեն բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, որոնք առավելագույնս բարդացնում են հիվանդության ընթացքը։ Վերջին ժամանակներս ծանր ու ծայրահեղ հիվանդների աճի միտում նկատվեց, հիվանդանոցն առավել ծանրաբեռնված է աշխատում։ Հիվանդը, պատկերացրեք, ընդունվում է հիվանդանոց այնպիսի ցուցանիշներով, որ բնորոշ չեն առավել ծանր հիվանդին և կարճ ժամանակ անց նման կլինիկական ախտանիշներ, ինչպիսին է շնչահեղձությունը, մարդկանց մոտ տագնապի զգացողությունը, օդի պակասը, այդ գերլարվածությունն առաջացնում է այնպիսի վիճակ, որ զարգացման ընթացքը հիվանդների մոտ անկառավարելի ընթացքի է բերում։ Բառիս բուն իմաստով աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել։ Այստեղ մեզ օգնության են հասնում շնչական ապարատները։ Ցավոք, հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և իր բարդություններն այսօր նույնպես անկառավարելի են»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն այժմ զբաղվում է միայն ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների բուժմամբ: «Պատերազմ է ընթանում, բուժաշխատողները օր ու գիշեր պայքարում են կյանքեր փրկելու համար»,- ասել է Մանուկյանը՝ հորդորելով քաղաքացիներին հետևել պարետատան կանոններին։

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter