
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության ձախողման մասին փաստեր է պահանջում ԲՀԿ-ից
Այն արագությամբ և ինտենսիվությամբ, որով Կառավարությունն իրականացրեց սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրեր, շատ տպավորիչ են:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով Կառավարության հասցեին հնչող քննադատություններին:
«Կարող եք նայել այլ երկրներում ինչ է արվել, երբ է արվել ու ինչ ծավալով ու համեմատել, առնվազն տեմպի ու հասցեականության մասով բավականին արդյունավետ միջոցառումներ են իրականացվել: Երբ ընդդիմությունը խոսում է ինչ-որ բանի տապալման մասին, նախ պետք է լինի փաստարկ, հիմնավորում, որ դառնա ողջամիտ դիսկուրս»,-ասաց փոխվարչապետը:
Դիտարկմանը, թե խորհրդարանական երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պահանջում է կառավարության ամբողջական կազմի հրաժարականը` ասելով, որ այն ձախողել է կառավարումը, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ասել, որ ձախողել է, բավարար չէ նման հարց քննարկելու համար, ձախողել՝ նշանակում է, որ պետք է լինեն հիմնավորումներ, եթե լինեն նման փաստարկներ, քննարկենք, բայց բուն հայտարարությունը չի կարող լինել դիսկուրսի առարկա»:
Ըստ փոխվարչապետի` պետք է անցնի որոշ ժամանակ, և հաղթահարված լինի պանդեմիան, որպեսզի հնարավոր լինի Կառավարության քայլերը գնահատել:
«Կարող եմ ասել, որ կա փորձագիտական թեզ, որ կոշտ կարանտինը դրական արդյունքներ է ապահովում, բայց այն դադարեցնելուց հետո հետևանքներն ավելի ծանր են լինում: Ես չեմ կարող ասել՝ էդպես է, թե՞ ոչ, բայց նման փորձագիտական եզրահանգումներ կան: Մինչև պանդեմիայի երևույթը չչեզոքացնենք, խորհուրդ չեմ տա գնահատականներ տալ»,-ասաց Մհեր Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր թանկացմանը, փոխվարչապետն ընդգծեց` եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, ապա սպառողների համար ոչ էական թանկացման հավանականություն կա: Մհեր Գրիգորյանի խոսքով` սահմանին գազի գնի փոփոխության վերաբերյալ բանակցությունները մշտական գործընթաց են, քանի որ գնի ձևավորման միասնական ինստիտուցիոնալ մեծանիզմներ չկան:
«Եվ դա է պատճառը, որ այդ խնդիրը ներառել ենք ԵՏՄ ամենաբարձ մակարդակում»,-ասաց նա:
Մեկնաբանել