
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարզաբանում է
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Պոլոսկովը պարզաբանումներ է ուղարկել «Հետք» -ի «Մետաղական հանքերի սեփականատերերը. հայկական պղնձի և մոլիբդենի առյուծի բաժնից շահույթ են ստանում ռուս գործարարները» հոդվածի վերաբերյալ, որտեղ արծարծվում էր նաև ԶՊՄԿ-ի բաժնետերերի և մետաղական այլ հանքավայրերի հետ դրա առնչության վերաբերյալ տեղեկություններ: Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հայտնում ենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը բարձր է գնահատում «Հետք» ինտերնետային թերթի խմբագրակազմի ջանքերը՝ ուղղված հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի համակողմանի ուսումնասիրմանը և ստուգված ու հավասարակշռված նյութերի հրապարակմանը։ Ակնհայտ է, որ լրատվամիջոցի կողմից փորձ է արվում լինել օբյեկտիվ, հրապարակել վստահելի աղբյուրներից ստացված և համադրված տեղեկատվություն։
Մեր կողմից վերահաստատում ենք «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության հավատարմությունը հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներին, պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում տրամադրել ընկերության և դրա գործունեության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ուսումնասիրություններ և վերլուծություններ պարունակող նյութերի նախապատրաստման համար։
Միաժամանակ, անդրադառնալով 2020 թվականի հունիսի 6-ին հրապարակված «Մետաղական հանքերի սեփականատերերը. հայկական պղնձի և մոլիբդենի առյուծի բաժնից շահույթ են ստանում ռուս գործարարները» վերտառությամբ հոդվածին, տեղեկացնում ենք հետևյալ անճշտությունների մասին.
- Հոդվածում, որպես որոշակի տեղեկատվության ամփոփում, նշվել է. «Փաստացի ստացվում է, որ ԶՊՄԿ-ի բաժնեմասում հանրությանը հայտնի են դարձել միայն 37,5 %-ի բաժնետերերը»։ Այնուհետև հաջորդ պարբերությամբ հավելվել է. «Հայտարարագրում նշվում է, որ ԶՊՄԿ-ն իր կողմից թողարկված բաժնետոմսերի 62,5 %-ի սեփականատերն է»:
Կատարված եզրահանգումն այն մասին, որ «ԶՊՄԿ-ի բաժնեմասում հանրությանը հայտնի են դարձել միայն 37,5 %-ի բաժնետերերը», չի համապատասխանում իրականությանը, քանի որ, Ընկերության կողմից հրապարակվել է իր ամբողջ բաժնետիրական շղթան՝ բոլոր իրական սեփականատերերով՝ անկախ մասնակցության չափից։
Ինչ վերաբերում է բաժնետիրական ընկերության կողմից իր թողարկած բաժնետոմսերի ձեռքբերմանը և դրանց սեփականատեր լինելուն, ապա դա «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված և կարգավորված ինստիտուտ է, որի պարագայում չի կարող խոսք լինել դրանց իրական սեփականատիրության մասին, քանի որ ընկերության տրամադրության տակ գտնվող բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք և դրանցով շահաբաժիններ չեն վճարվում։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ այդ բաժնետոմսերը պետք է մեկ տարվա ընթացքում իրացվեն կամ մարվեն։
- Հոդվածում նշվել է. «Իրական սեփականատերերի ցանկում, առանց մասնակցության չափի, ընդգրկված է նաև նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Նա ԶՊՄԿ-ի խորհրդի անդամ է»։
Հոդվածի տվյալ պարբերությամբ հատուկ ընդգծվել է «մասնակցության չափի» վերաբերյալ նշման բացակայությունը, ինչն ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծել, որ փորձ է արվել ինչ-որ բան թաքցնել, կամ չհրապարակել։
Այնինչ, ինչպես Վահե Հակոբյանի, այնպես էլ Յոհաննես Բհատի և Մորից Հիլի պարագայում չէր կարող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունում մասնակցության որևէ չափ նշվել, քանի որ նրանք չեն տիրապետում ընկերության որևէ բաժնետոմսի, և հայտարարագրում նրանց, որպես իրական սեփականատեր, վկայակոչվելը պայմանավորված է եղել զուտ ընկերության խորհրդի անդամի կարգավիճակով (հիմք՝ ՀՀ Ընդերքի մասին օրենսգիրք, հոդված 3-րդ, մաս 1-ին, կետ 4.1)։
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հանդիսանում է ՀՀ Սյունիքի մարզի Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի (կենտրոնական տեղամաս) նկատմամբ արդյունահանման թույլտվություն ունեցող «Լեռ-Էքս» ՍՊ ընկերության բաժնեմասերի 100 տոկոսի սեփականատերը։
Տվյալ հանքավայրի շահագործումը դադարեցվել է դեռևս 2014 թվականին՝ լրացուցիչ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման, անվտանգության մակարդակի բարձրացման և ենթակառուցվածքների արդիականացման նպատակով։
Կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում որոշում է կայացվել հրաժարվել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ հանդիսացող ընդերքի տեղամասից, և ներկայումս նախապատրաստվում են համապատասխան ծրագրերը (փակման ծրագիրը՝ ներառյալ օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը, մշտադիտարկումների իրականացման ծրագիրը) և այլ անհրաժեշտ փաստաթղթերը՝ լիազոր մարմին ներկայացնելու համար։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվելու է նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։
Տվյալ գործընթացը լիովին համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին, օրինական է և որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես «հանքավայրի լքում»։
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը չի հանդիսացել և չի հանդիսանում Լիճքի հանքավայրի նկատմամբ հանքային իրավունքներ ունեցող սուբյեկտ և պատասխանատվություն չի կրում իր իրավունքներով չծանրաբեռնված ընդերքի տեղամասերի և խախտված հողատարածքների վերականգնման համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ հոդվածում բարձրացված հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք ծանոթանալ դեռևս 15.05.2020թ. «Առավոտ» լրատվականին «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի տված հարցազրույցին:
Լիահույս ենք, որ հրապարակված հոդվածում տեղ գտած անճշտությունները և հակասությունները արդյունք են համապատասխան ինֆորմացիայի պակասի, ուսումնասիրված հաշվետվություններում և այլ նյութերում առկա տեղեկատվության թյուրըմբռնման։ Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել գրավոր կամ այցելել ընկերության գրասենյակ։
Ուստի, խնդրում ենք (ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջներով) սահմանված կարգով և ժամկետներում սույն գրությունը հրապարակել որպես 06.06.2020թ. «Մետաղական հանքերի սեփականատերերը. հայկական պղնձի և մոլիբդենի առյուծի բաժնից շահույթ են ստանում ռուս գործարարները» վերտառությամբ հոդվածի պատասխան»։
Մեկնաբանել