HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետաղական հանքերի սեփականատերերը. հայկական պղնձի և մոլիբդենի առյուծի բաժնից շահույթ են ստանում ռուս գործարարները

Հայաստանի մետաղական հանքավայրերն առավելապես շահագործում են ռուս գործարարներն ու օլիգարխները: Նրանք մասնակցություն ունեն պղինձ-մոլիբդենային գրեթե բոլոր մեծ հանքերում:

Հայաստանում 12 ոսկու և ոսկի բազմամետաղների հանքավայրերի համար շահագործման թույլտվություններ են տրամադրված, որոնց արդեն անդրադարձել ենք: Այս հրապարակմամբ կանդրադառնանք մետաղական մյուս հանքավայրերի իրական սեփականատերերին և նրանց ներկայացրած հայտարարագրերին: Այդ հանքավայրերը հիմնականում պղինձ և մոլիբդեն են արդյունահանում։

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հիշեցնենք, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հրապարակվել են Հայաստանում մետաղական հանքավայրերի իրական սեփականատերերի անունները: Դրանք, սակայն, ոչ ամբողջությամբ են արտացոլում իրական սեփականատերերի ինքնությունը: Օրենսդրությունը շրջանցել է նաև մեկ հանքավայր շահագործող և չի ներկայացրել հայտարարագիրը: 

Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնեմասում բաժնետերերի փոփոխություններ են եղել այն ժամանակ, երբ իրական սեփականատերերի հայտարարագրման գործընթացը պարտադիր է դարձել։ Այստեղ այլևս չկա հայտնի գերմանական «Քրոնիմետ» խումբը, որը մշտապես հանդես էր գալիս որպես մեծ բաժնետեր։

ԶՊՄԿ-ն 2019թ. իր ֆինանսական հաշվետվության մեջ այս փոփոխությունների մասին նշել է, որ 2019թ. հետ է գնել իր արժեթղթերը, որի սեփականատերերն են եղել «Քրոնիմետ մայնինգ էյ, ջի.»-ն` 60 %, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն` 15 % ( վերջնական սեփականատերն է «Քրոնիմետ հոլդինգ» ՍՊԸ խումբը), «ԱՄՖ հոլդինգս» ՍՊԸ խումբը` 12,5 %, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ խումբը` 12,5 %:

2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ խումբը վերահսկվել է Գյունտեր Պիլարսկու կողմից: Արժեթղթերի վերագնումից` 2019թ. դեկտեմբերի 31-ից հետո, ընկերությունը չունի վերջնական վերահսկող բաժնետեր:

Այդ ամենից հետո` 2020-ին, նոր բաժնետերեր են գրանցվել: 2020թմարտի 27-ին գերմանացի Թոմաս Պետեր Հայլը (Thomas Peter Heil) ձեռք է բերել բաժնեմասի 12,5 %-ը։ Նա նաև խորհրդի նախագահն է։ Թոմաս Պետեր Հայլի աշխատավայրը, ինչպես նշված է, C2Capital GmbH ընկերությունն է։ Այն Գերմանիայում գրանցվել է այս տարվա հունվարին, և այլ մանրամասներ չկան։ Համացանցում հարուստ տեղեկություններ չկան նաև դրա բաժնետիրոջ՝ Թոմաս Պետեր Հայլի մասին։

2020թ. փետրվարի 3-ին 12,5 % բաժնեմաս ԶՊՄԿ-ում ձեռք է բերել ՌԴ քաղաքացի Միխայիլ Զուրաբովը։ Միխայիլ Զուրաբովը ռուս քաղաքական գործիչ և դիվանագետ է։ 2004-2007թթեղել է ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարար, այնուհետև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական՝ 2007-2009թթ։ Իսկ դրանից հետո՝ 2009-2016թթՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն էր Ուկրաինայում, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը։ Միխայիլ Զուրաբովն այժմ ներկայացնում է «Մոսկովյան բաժնետիրական ապահովագրական ընկերություն» ԲԸ-ն։

Կոմբինատում 7,5 % բաժնեմաս ունի նաև տնօրեն Մհեր Պոլոսկովը, որը ձեռք է բերել 2018թհունիսի 20-ին։

Նույն օրը 2,5 % բաժնեմաս է ձեռք բերել ՀՀ քաղաքացի Նարեկ Ամբարյանը, ով ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալն է: Վերջինս Արդարադատության երկրորդ դասի խորհրդական, Զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի եղբայրն է։ Տիգրան Ամբարյանը դրանից առաջ զբաղեցրել է Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը։

Հունիսի 20-ին նույնչափ՝ 2,5 %, բաժնեմաս է ձեռք բերել Կարեն Ալբերտի Հակոբյանը։ Վերջինս «Մաքուր երկաթ գործարան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի եղբայրն է: 

Չնայած նոր օրենսդրությունը չի պարտավորեցնում հայտարարագրել 10 տոկոսից քիչ բանժնեմաս ունեցող իրական սեփականատերերին, այդուհանդերձ, այն արտացոլվել է իրական սեփականատերերի հայտարարագրում։

Փաստացի ստացվում է, որ ԶՊՄԿ-ի բաժնեմասում հանրությանը հայտնի են դարձել միայն 37,5 %-ի բաժնետերերը։

Հայտարարագրում նշվում է, որ ԶՊՄԿ-ն իր կողմից թողարկված բաժնետոմսերի 62,5 %-ի սեփականատերն է: ԶՊՄԿ-ի կանոնադրությունից էլ տեղեկանում ենք, որ ԶՊՄԿ-ում ստեղծված է պահուստային հիմնադրամ՝ կանոնադրական կապիտալի 15 տոկոսի չափով։

Իրական սեփականատերերի ցանկում, առանց մասնակցության չափի, ընդգրկված է նաև նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Նա ԶՊՄԿ-ի խորհրդի անդամ է։

Ցանկում նշված է նաև Գերմանիայի քաղաքացի Պարագ Յոհաննես Բհատը, որը նույնպես խորհրդի անդամ է։ Նա Ավստրիական CMA Corp Ltd-ի նախագահն է։

Որպես խորհրդի անդամ՝ նշված է նաև Գերմանիայի քաղաքացի Մորից Ջհոնաթան Հիերթնիմուս Հիլլը (Moritz Jonathan Hieronymus Hill)։

Անուղղակի մասնակցության միջանկյալ իրավաբանական անձի շղթայում է նաև ԶՊՄԿ նախկին սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդու՝ Վահե Հակոբյանի հիմնադրած «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ն (Նախկին «Արմենիան Մոլիդբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն), Վահե Հակոբյանի և նրա հարազատների կողմից հիմնադրած «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն, «Սթար դասթ» ՓԲԸ-ն, «Մուն մեթալս» ՓԲԸ-ն, Կիպրոսում գրանցված Walnort Finance Ltd-ն։ Վերջինն ապահովում է Զուրաբովի մասնակցությունը կոմբինատի բաժնեմասում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու առնչվող մետաղական հանքերը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 100 տոկոս բաժնետերն է Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման թույլտվություն ունեցող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ում: «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն այլևս չի շահագործում հանքավայրը: Այն չի աշխատում 2014թ. վերջին եռամսյակից: Ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվել էր 2008թ․-ին, այն վավեր է մինչև 2030թ.: Այստեղ հաստատված են եղել պղնձի 13582.3 տ և մոլիբդենի 5640.8 տ պաշարներ:

Սյունիքի մարզի Գեղի գյուղի տարածքում մնացել են հանքի ենթակառուցվածքները: Ընկերությունը զրոյական հաշվետվություններ է ներկայացրել թե արտադրության, թե աշխատակիցների, թե եկամուտների և այլ ցուցանիշների համար:

Թե ինչու դադարեցված չէ այս հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը, եթե այն այլևս չի շահագործվում, հայտնի չէ: Սակայն ԶՊՄԿ-ի 2019թ. ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ընկերությունը դադարեցրել է արտադրական գործընթացը և հետախուզական աշխատանքները Հանքասարի հանքավայրի հարևանությամբ գտնվող տարածքում, և համաձայն ղեկավարության որոշման` 2018թ. դուրս են գրվել 2 մլրդ 438 մլն դրամի չափով հետախուզման և գնահատման ակտիվներ:

Սյունիքի մարզի հաջորդ լքված հանքը` Լիճքի պղնձի հանքավայրն է: Այն ընդերքօգտագործման իրավունքը ստացել է 2013-ին, բայց շահագործվել է 2016-2018թթ.-ին, դադարել է աշխատել հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացնելու Կառավարության նախաձեռնության մասին:

Շահագործման դադարեցումից հետո` 2018թ. հուլիսի 26-ից, ընկերության բաժնետեր է դարձել Արամ Սաֆարյանը` 50 տոկոս, ևս 48 %-ին տիրապետում է Ավստրիայի քաղաքացի Միխայիլ Մոգիլևսկին: Վերջինս աշխատում է շվեյցարական Industrial Minerals S.A-ում: Իսկ բաժնեմասը ձեռք է բերել 2018թ. դեկտեմբերի 28-ին: Շվեյցարական այս ընկերության կայքն ուսումնասիրելով՝ կարելի է եզրակացնել, որ ձևական ընկերություն է, որևէ կոնկրետ գործունեություն չի իրականացնում, ստեղծվել է միջանկյալ դերակատարություն ստանձնելու և իրական բաժնետերերին թաքցնելու, նրանց գումարները վերաբաշխելու նպատակով: 

Որպես անուղղակի մասնակցության միջանկյալ իրավաբանական անձ՝ հայտարարագրված է նաև հայաստանյան «Ռեդ մեթալս» ՓԲԸ-ն, «Լիննե Մայնինգ» ՍՊԸ-ն, ինչպես նաև Կիպրոսում գրանցված C.I.I. Clay Industries International Ltd-ն և Կիպրոսում գրանցված մեկ այլ` Avander Holding Ltd-ը: Վերջինների գործադիր մարմնի ղեկավարը և վերջնական բաժնետերը նույն Մագիլևսկին է իր գործընկերոջ հետ: Մագիլևսկին, ակնհայտորեն, իրական բաժնետեր չէ, այլ պարզապես իրական սեփականատերերի շղթան քողարկող proxy կոչվող անձնավորություն է (վստահված անձ):

«Ռեդ մեթալս» ՓԲԸ-ի բաժնետերերից է Սուրեն Ռաֆիկի Ածիկյանը՝ 1 % և «ԼԻՆՆԵ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ն՝ 99 %: Սուրեն Ածիկյանի անվանը հանդիպում ենք նաև ԶՊՄԿ-ի շղթայի «Մուն մեթալս» ՓԲԸ-ում (տես գրաֆիկը):

Արդեն իսկ հրապարակվել է այս հանքավայրի և ԶՊՄԿ-ի կապի մասին` միջանկյալ «Ռեդ մեթալս» ՓԲԸ-ի, «Լիննե Մայնինգ» ՍՊԸ-ների և նրանց բաժնետերերի միջոցով: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ սա երկրորդ հանքավայրն է, որը փորձել է շահագործել ԶՊՄԿ-ն և թողել լքված վիճակում:

Սա դեռ ամենը չէ. «Թաթսթոուն» ՍՊԸ-ն ևս մեկ հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունի, այն է` Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասի համար: Այն ստացել է նույն օրը, երբ ստորագրել են պայմանագիրը Լիճքի հանքավայրի համար: Այգեձորի հանքը նույնպես չի գործում:

Այս տարվա մայիսի 7-ին «Թաթսթոուն» ՍՊԸ-ի բաժնեմասի վրա կալանք է դրվել: 

Ագարակի պղինձն ու մոլիբդենը՝ ռուս օլիգարխներին

Հաջորդ գործող մեծ հանքը Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրն է: Շահագործում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն: Այն ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» խմբի ակտիվն է և նույն սեփականատերերի ձեռքում է, ինչ Սոթքի ոսկու հանքավայրը: Երկու ռուս գործարարներ` Սիման Պովարենկինը և Ռոման Տրոցենկոն` համապատասխանաբար 50,5 և 48,2 % բաժնեմաս ունեն: Իսկ իրական սեփականատերերի շարքում ընդգրկված ընկերությունների բուրգը նույնն է, ինչ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում:

Ագարակի ՊՄԿ-ն 2016-2017թթ. արտադրել է տարեկան 30 հազար տոննա պղինձ և 450 տոննա մոլիբդենի խտանյութ, որի արժեքը կազմել է ավելի քան 13 մլրդ դրամ: 

Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Շամլուղի պղնձի հանքավայրի շահագործող

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործման իրավունք ունի Շամլուղի պղնձի հանքավայրի համար: Այժմ բաց հանքավայրը չի գործում, սակայն ընկերությունը շարունակում է արդյունահանումը փակ հանքավայրից:

2019թ. հուլիսի 10-ից ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը: Նա մասնակցությունն ապահովում է «Մասկօ մայն» ՓԲԸ-ի միջոցով:

Հիշեցնենք, որ Լոռիում գործում է նաև Թեղուտի հանքավայրը, որին արդեն անդրադարձել ենք։ 

Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայրի համար ընդերքօգտագործման իրավունք ունի «Ֆորչն րիզորսիս» ՍՊԸ-ն: Ընկերությունը չի ներկայացրել իրական սեփականատերերի հայտարարագիրը:

Ընկերությունների գրանցման ռեգիստրի տվյալներով՝ այստեղ բաժնետեր է ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը՝ 28 %։ Իսկ խոշոր բաժնետերը` 72 %-ը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված Caspian Bounty Steel Limite- ն է։

Վարդան Այվազյանն այստեղ բաժնետեր է եղել 2008-ին։ Այդ ժամանակ՝ մինչև 2010թ․ բաժնեմաս է ունեցել նաև ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը։

Հանքավայրը չի շահագործվում։ 

Ռուս գործարարները՝ Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում

«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունք ունի Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի համար: Այն նույն` Արմանիսի ոսկու հանքը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ի բաժնետերերինն է` ռուս գործարարներ Դմիտրի Տրոիցկունը և Դմիտրի Կորժևինը` համապատասխանաբար 70,34 % և 29,66 % բաժնեմասով: 

Մեղրաձորի ոսկու և Այգեձորի պղինձ-մոլիբդենը՝ նույն սեփականատիրոջը

«Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունք ունի Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Կենտրոնական տեղամասի համար։ Ընկերության միանձնյա բաժնետերը Վարդան Մարգարյանն է, նույն՝ Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի սեփականատերը։ Հանքավայրը չի գործում և զրոյական հաշվետվություններ է ներկայացրել ԱՃԹՆ-ին։

Տեսանկարահանումն ու լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅԿ
Հարց, Պուտինը թույլ կտար իր երկրի ընդերքը օտարինը լիներ, հետևաբար հայի հողը միայն հային է պատկանում, այստեղից էլ պարզ է դառնում ինչու է այսօրվա ռուսական իշխանությունը դեմ Հայաստան երկրի տեր կանգնող հայ մարդուն, նրանց նախկիններն են պետք, որ սկուտեղի վրա մի ամբողջ երկիր նվիրեցին, բայց կյանքը դեռ առջևում է ու մեր երկրի տերը մենք ենք լինելու ընդերքով հանդերձ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter