
Շենգավիթում կանաչ ծառեր են հատվել (տեսանյութ)
Երևան քաղաքի Եղբայրության փողոցի 22 շենքի դիմաց վերջին մեկ շաբաթվա ընթացքում ծառահատում է եղել։ Շենքի բնակիչներն ու տարածքի հարևանությամբ գործող գրախանութի սեփականատերն ականատես են։
Գարեգին Նժդեհի անվան հրապարակի և Եղբայրության փողոցի հատման մասը՝ շենքի և փողոցի մեջտեղն ընկած տարածքը, ցանկապատված է։ Չթափանցող առարկաների հետևում վերջին մեկ շաբաթվա մեջ տարբեր օրերի հատել են 4 ծառ։ Եղբայրության փողոցի 22 շենքի բնակիչներ Էլիզա Սերոբյանը և Արմինե Հովհաննիսյանը «Հետք»-ին պատմեցին, թե ինչպես է նախկին կանաչ տարածքը ցանկապատվել, որին հաջորդել է ծառահատումը։
«Երեկ ականատես եմ եղել ծառահատման, ինչը սարսափելի տեսարան էր։ Կարծում եմ՝ անընդունելի է ցանկացած բանական մարդու կողմից։ Որքանով ինձ է հայտնի, դա սեփականություն է, և սեփականատերերը իրավունք ունեն ծառերը հատել»,- ասաց Արմինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ չի կարող ասել՝ սեփականատիրոջ կողմից ծառահատում իրականացնելն իրավաչափ է, թե չէ։
Հատված ծառերի հարևանությամբ գործում է Հայկ Ամիրխանյանի ընտանիքին պատկանող գրախանութը։ Ամիրխանյանը նույնպես ցավով է ընդունել ծառահատման փաստը։ Եթե հատված ծառերի տարածքում շինարարություն սկսեն, դրանով նաև կփակեն գրախանութի լույսը։ Ըստ նրա՝ տարածքի սեփականատիրոջից փորձել է տեղեկանալ, թե ինչ են ծրագրում իրականացնել այդ տարածքում, սակայն կոշտ պատասխան է ստացել։ Սեփականատերը հայտնել է, որ օրենքի սահմաններում կառուցապատելու են։ «Ասեցի՝ բա որ կառուցապատում անեք, շենքի բնակիչների պատուհանները փակելու եք, ասեցին՝ չէ, մեր սեփականությունն է, ինչ ուզենք կսարքենք»,- տարածքի սեփականատիրոջ հետ ունեցած զրույցից մի հատված պատմեց Հայկ Ամիրխանյանը։
Բնակիչների տեղեկությամբ, հողատարածքը սեփականաշնորհվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ։ Ըստ նրանց՝ հողի ներկայիս սեփականատերը քաղաքացի Արմեն Գրիգորյանն է, որի եղբայրն ԱԱԾ աշխատակից է, և որ ԱԱԾ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորությամբ են գործում։
Առաջիկայում կանդրադառնանք հատված ծառերի տարածքի օտարման պատմությանը, կներկայացնենք սեփականատերերին։
Հ․Գ․Եղբայրության փողոցի նույն շենքի դիմաց 5 տարի առաջ նմանատիպ ևս մեկ պատմություն է տեղի ունեցել։
Մեկնաբանել