HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սարդարապատի ավագանին անվավեր է ճանաչում խորքային հորը և ենթակայանը համայնքապետի որդուն 99 տարով և անհատույց հատկացնելու որոշումը

Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանին որոշել է հունիսի 15-ին արտահերթ նիստ հրավիրել՝ մայիսի 27-ի ավագանու թիվ  12-Ա որոշումն անվավեր ճանաչելու օրակարգով:

Հիշեցնենք, «Հետք»-ն անդրադարձել էր ավագանու նշված որոշմանը, որով համայնքի սեփականություն հանդիսացող 100 ԿՎԱ հզորությամբ Ե-5220 և Ե-7478 ենթակայանները և արտեզյան հորերը անհատույց օգտագործման իրավունքով, 99 տարի ժամկետով, հատկացվել էին համայնքապետ Բաբկեն Վարդանյանի որդուն՝ անհատ ձեռնարկատեր Կորյուն Վարդանյանին և համայնքում գործունեություն ծավալող «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ին:

Խորքային հորերից մեկը օգտագործվում է Կորյուն Վարդանյանի բետոնե կոնստրուկցիաների արտադրության նպատակով, մյուսը՝ չրի արտադրամասի և ջերմատան:

Նշենք, որ Սարդարապատ համայնքն ունի 26 խորքային հոր, որոնցից որևէ մեկը պետական գրանցում չունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունք չի կարող գրանցվել, եթե գրանցված չէ տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով գույքի նկատմամբ այլ գույքային իրավունք չի կարող գրանցվել, եթե գրանցված չէ տվյալ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, Արմավիրի մարզպետարանն առաջարկել է համայնքապետին արտահերթ նիստ հրավիրել և որոշումն անվավեր ճանաչել:

«Մտահոգիչ համարելով Արմավիրի մարզի մի շարք համայնքներում նմանօրինակ դրսևորումները` ՏԻՄ-երի մեր գործընկերներին կրկին առաջարկում ենք հրապարակային սակարկությունների կամ սակարկությունների` աճուրդի (մրցույթի) կազմակերպման գործընթացում բացառապես առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ու դրա կիրարկումն ապահովող միջոցառումներով»,- նշում են մարզպետարանից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter