
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր վարակվելու և ապաքինվելու ժամկետներին
Ինձ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել մայիսի 31-ին: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցադրմանը իր` կարճ ժամանակում ապաքինվելու վերաբերյալ:
«Ես ուզում եմ ընդգծել, որ թեստավորումը պայմանավորված էր ոչ թե սիմտոմներով, այլ պարզապես պատրաստվում էի աշխատանքային այց ունենալ, որի ընթացքում ենթադրվում էր շփում զինառայողների հետ, զորամաս պետք է գնայի, դրա համար թեստավորվեցի»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով` կիրակի` մայիսի 31-ին, եղել է առաջին թեստավորումը, գիշերը` կրկնակի թեստավորումը:
«Հունիսի մեկի առավոտյան հայտարարեցի վարակվելու մասին, հա, առաջին թեստից հետո ամբողջ ընտանիքով թեստավորվեցինք, դրա հաջորդ կիրակին եղավ բացասական պատասխանը: Սա նշանակում է` դրանից առնվազն մեկ շաբաթ առաջ եղել եմ կորոնավիրուսով վարակված: Ըստ էության, եթե այս հաշվարկին հավատանք, ես մայիսի 23-ից եղել եմ վարակված, բայց որևէ սիմպտոմ չեմ ունեցել»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց` մայիսի 22-23-ից սկսած որևէ տեղ առանց դիմակի չի եղել, միայն ընտանիքի անդամների հետ է առանց դիմակ շփվել: Նրա խոսքով` իր օրինակը փաստում է, որ դիմակը որոշակի երաշխիք է, որ վարակը չփոխանցվի: Փաշինյանն անդրադարձավ նաև Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը, որին մասնակցել է:
«Եթե ենթադրենք, որ վարակված եմ եղել արդեն ամսի 20-ին և Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցել եմ վարակակիր լինելով, ասեմ, որ փակ դահլիճում եղել եմ դիմակով, Արցախի նորընտիր նախագահի հետ շփումը եղել է դիմակով, և փառք Աստծո 14 օրը անցել է, և որևէ ախտանիշ չկա»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարը խոսեց նաև Շուշիում տեղի ունեցած տոնական միջոցառման մասին, որի ժամանակ արված լուսանկարը տևական ժամանակ քննարկվում էր հանրության շրջանում, որ պաշտոնյաներն առանց դիմակի են:
«Ուզում եմ ընդգծել, որ այդ միջոցառումը տեղի է ունեցել Արցախում գործող իրավակարգավորումների շրջանակում, չգիտեմ նկարի ռակուրսից երևում էր, թե չէ, եթե ենթադրենք վարակված եմ եղել էդ օրը, ինձնից ձախ եղել է ԱԺ նախագահը, ինձնից աջ` վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, դրանից 14 օր անցել է, և որևէ մեկը չեն վարակվել, որովհետև էդ ողջ ընթացքում սոցիալական հեռավորությունը, բնազդային զգուշավորությունը եղել է»,-եզրափակեց նա:
Մեկնաբանել