HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հյուրանոցներում հանգրվանած ներքին զբոսաշրջիկների թիվը 12%-ով կրճատվել է առաջին եռամսյակում

2020 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում հաշվառված ներքին զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 12 %-ով, իսկ միջազգային զբոսաշրջիկներինը՝ 14.6 %-ով։

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում հաշվառվել է ընդամենը 139 619 ներքին զբոսաշրջիկ։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները, 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այս ցուցանիշը 12 %-ով կրճատվել է։

Նրանք հայաստանցի այն զբոսաշրջիկներն են, որոնք հանգրվանել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։ Այստեղ ներառվում են ինչպես հյուրանոցները, այնպես էլ՝ հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան տները և այլն։

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) ներքին զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում։ Այսինքն՝ որևէ երկրի բնակչի ճանապարհորդությունը իր իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում` անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով և ճանապարհորդության գլխավոր նպատակը չի հանդիսանում գործունեությամբ զբաղվելը, որի համար վճարում է կատարում այցելած վայրում:

Հյուրանոցներում հաշվառված զբոսաշրջիկների գերակշիռ մասի նպատակը հանգիստն ու ժամանցն է եղել։ Նրանց թիվն այս տարվա առաջին եռամսյակում 102 717 է, որը ներքին զբոսաշրջիկների ընդհանուր թվի 73.6 %-ն է:

Գործնական նպատակով հյուրանոցներում հանգրվանել է ներքին զբոսաշրջիկների 18.1 %-ը՝ 25 232 մարդ։

Մնացած մասը որպես զբոսաշրջության նպատակ` նշել են կրթությունը, բուժումը և այլն։

Հատկանշական է, որ էապես նվազել է ինչպես գործնական (19.7 %-ով), այնպես էլ այլ նպատակներով հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած ներքին զբոսաշրջիկների թիվը՝ ի տարբերություն հանգստացողների։

Հանգստի և ժամանացի նպատակով հանգրվանած ներքին զբոսաշրջիկների թիվն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, կրճատվել է ընդամենը 0.6 %-ով։

Կարևոր է հիշեցնել, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն է հայտարարվել։ Սա մեծապես ազդել է թե՛ ներքին, թե՛ միջազգային զբոսաշրջության, հյուրանոցային տնտեսության վրա, և արդեն երկրորդ եռամսյակի ցուցանիշներում այդ ազդեցությունը կերևա։

Նվազել է նաև Հայաստան ժամանած միջազգային՝ օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 311 264 զբոսաշրջիկ։

2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 14.6 %-ով։

Զբոսաշրջիկների մեծ մասը շարունակում են հանգրվանել հարազատների տանը կամ վարձակալած բնակարաններում։ Առաջին եռամսյակում ժամանած զբոսաշրջիկների միայն մոտ 23 %-ն է հանգրվանել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։

Միևնույն ժամանակ` առաջին եռամսյակում Հայաստանից արտերկիր մեկնած զբոսաշրջիկների թիվը 275 716 է, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կրճատվել է 13.3 %-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter