HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Փեթակներ` անիվների վրա

Կարլեն Ճաղարյանը սովետական տուրիստական ավտոբուսները վերածել է մեղուների կացարանի։ Ավտոբուսի նստարանների փոխարեն գունավոր փեթակներն են, իսկ դրսից՝ յուրաքանչյուր փեթակի համար առանձնացված պատուհանը, որից մեղուն ներսուդուրս է անում։

Գորիսեցի 32 տարվա մեղվաբույծ-մեղվապահ Կարլեն Ճաղարյանը 140 մեղվափեթակ ունի, որոնցից 120-ը տեղավորել է 3 ավտոբուսում։

Երկու ավտոբուսները քաղաքից 20-22 կմ հեռավորություն վրա են՝ տարբեր վայրերում։ Փեթակներով լի երրորդ ավտոբուսն է պատրաստվում ճանապարհ ընկելու։

Կարլեն Ճաղարյանի գործը մի քանի անգամ հեշտացել է, քանի որ մեղվափեթակները մի վայրից մյուսը տեղափոխելու համար այժմ մեծ ջանքեր չի գործադրում: Ավտոբուսին ամրացված փեթակները կարողանում է տեղափոխել նախընտրած վայր։ 

Ավտոբուսում ամսվա ընթացքում մի քանի անգամ կարողանում է օդափոխության համակարգ միացնել. ներսում մեղվաբույծը իր համար եւս սենյակ ունի:

«Ուզում ա արեւ ըլի, ուզում ա անձրեւ, քո աշխատանքին չի խանգարում, դու քո գործը կարողանում ես անել: Մեղվաընտանիքը, երբ ավտոբուսում է, կարողանում ես քիչ ժամանակահատվածում շատ աշխատանք կատարել, Էն ժամանակ մեքենան պիտի բարձեի 20 բանվորի հետ, որ տեղափոխեմ, իսկ հիմա միայն վարորդներն են տեղափոխում»,- ասում է Կարլեն Ճաղարյանը։

«Սրանք մեղվաընտանիքի համար «լյուքս սենյակներ են», ոչ անձրեւ է տեսնում, ոչ արեւ, ոչ ձյուն, ոչ մի բան նրանց չի խանգարում, դուրս են գալիս, գնում, էլի հետ գալիս։ Ես էլ ցանկացած եղանակի կարող եմ նրանց հյուր գնալ», - ասում է Կ. Ճաղարյանը։

«Մեղուները հավատարիմ կենդանիներ են, միշտ տալիս են ավելին, քան ստանում են: Մեղվի հետ աշխատող մարդն էլ բարի է լինում, չարություն չի ունենում, միշտ ուզում է մեղր տալ ուրիշին. սա կենդանուց է փոխանցվում»,- ասում է մեղվաբույծը։

Կարլեն Ճաղարյանը փեթակները չի հանելու ավտոբուսից, ձմռանը դրանք կկանգնեցնի բարենպաստ վայրում։ 

Մեղվաբույծն ամեն տարի 1-1,5 տոննա մեղր է քամում։ Նա գովում է իր մեղրը: «Ասում եմ ՝ տարեք, ստուգեք, եթե գտնենք, որ անարատ չի մեղրը, շաքարի բաժին կա, ապա 100 կգ մեղրով տուգանք կվճարեմ», - կատակում է մեղվապահը։ 

Զրույցի վերջում մեղվապահն անդրադառնում է այս օրերին հաճախ քննարկվող թեմային՝ կորոնավիրուսին: Ասում է՝ պահպանում է բոլոր կանոնները, հետո ծիծաղելով ավելացնում՝ վարակը մեղվապահների վրա չի ազդում, որովհետեւ մեղրը բոլոր տեսակի վիրուսներից պաշտպանում է:

«Իմ երեխեքից ոչ մեկը չգիտի՝ հիվանդանոցն ինչ բան է, ցավը ինչ բան է», - ասում է Կարլեն Ճաղարյանը։

Մեկնաբանություններ (2)

Hugues-Francois de Malmont
i really admire your commitment to your hives and bees. using old school buses is pure genius. i hope to e able to get some of your honey. keep up the good work. i will spread the word. we have to save the bees if we want to save ourselves. God bless you.
any
congratulations , Mr. Tchagharian ! You merit a medal for your intelligent , innovative business ! " Those working with bees are good-natured" : I believe you are right ! good luck !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter