
«Սամվել Ալեքսանյանը այն բիզնեսմենը չէ, որ պետք է կերակրի այս հանրապետությանը». Հրանտ Բագրատյան
ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին հավատ չի ներշնչում Հանրապետական կուսակցության «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը: «Գուցե լավ լոզունգ է, բայց ես ռացիոնալ մարդ եմ: ՀԱԿ-ը շուտով կհրապարակի իր հիմնական դևիզը` «500 ձեռներեցով Հայաստան». սա կոնկրետ է, հասկանում եմ: Իսկ նրանց կարգախոսը սիրո խոստովանության նման է»,- լրագրողներին ասաց Բագրատյանը:
Օրեր առաջ Հրանտ Բագրատյանն իր բաց նամակով վերլուծության ենթարկեց և քննադատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ հերթական համագումարում ունեցած ելույթի` երկրի տնտեսությանը վերաբերող հատվածը: «Բայց հարցը միայն աշխատավարձերն ու թոշակները չեն,- այսօր ավելացրեց Բագրատյանը,- Ադրբեջանի բյուջեն 18 միլիարդ դոլար է, Հայաստանինը` 2,5: Հիմա կարող են ասել` Բագրատյան, բայց քո օրոք բյուջեն 350 միլիոն դոլար էր: Ճիշտ է, բայց այդ ժամանակ` 1996 թ.-ին, Ադրբեջանի բյուջեն 700 միլիոն դոլար էր, այսինքն` երկու անգամ էր ավել Հայաստանի բյուջեից, իսկ Վրաստանինն էլ մեր բյուջեին զիջում էր, ոչ թե այսօրվա 4,5 միլիարդ դոլարն էր: Մեր երկիրը վերանում է, մի հատ պատերազմ, և պարտվելու ենք, հարյուր տոկոսով եմ ձեզ ասում»:
Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի համար նավթից եկող շահույթը բյուջեն ընդլայնելու գործոն չէ, Բագրատյանը պատասխանեց. «Ադրբեջանի նավթից ստացված գումարը բյուջե չի մտնում: Ոչ մի կոպեկ չեն մտցնում բյուջե. նրանք բացի այդ 18 միլիարդ բյուջեից ունեն նաև 35 միլիարդ դոլար ստաբիլիզացիոն ֆոնդ. նավթից ստացվող գումարը նրանք ստերիլիզացնում են»:
Նրա կարծիքով` արդեն վաղուց ճգնաժամը տնտեսական վատ վիճակի պատճառ չէ: «Ճգնաժամը ընդամենը մեկ տարի էր,- ասում է նա,- հիմա տնտեսական ճգնաժամ չկա, աշխարհը լավ էլ զարգացել է: Խնդրեմ՝ աշխարհի զարգացման թվերը: 2010 թ. աշխարհ` 5,1 % ՀՆԱ-ի աճ, Հայաստան` 2.1 %, իրականում` 1%: Մեզ պետք է աճ, որ աշխարհի միջին ցուցանիշից բարձր է: Ես հաշվել եմ. մեզ պետք է տարեկան 7.4 % ՀՆԱ-ի մաքուր աճ, որ տակը փող մնա ու ժողովրդի եկամուտը մի փոքր բարձրացնենք, մենք չունենք միգրացիա, մենք մարդկանց արտահոսք չունենք, մենք ունենք մարդկանց արտահանում»:
Հ. Բագրատյանը պետբյուջեն հարստացնելու իր տարբերակն է առաջարկում. «Ադրբեջանը ստերիլիզացնում է նավթից ստացվող շահույթը, եկենք մենք էլ տրասնպորտից եկող շահույթը ստերիլիզացնենք, 9 միլիարդ փող կունենանք բյուջեում»:
Փոխարենը, նրա կարծիքով, ծաղկում է ապրում տնտեսական մոնոպոլիան, օրինակ` Սամվել Ալեքսանյանի բիզնեսը: «Ուշադրություն դարձրեք, թե նրա «Նատալի ֆարմ» ընկերության տեսակարար կշիռը ինչպես է բարձրանում: Վերջ տվեք: Ալեքսանյանը այն բիզնեսմենը չէ, որ պետք է կերակրի այս հանրապետությանը: Նա բիզնեսի կուլտուրան չունի»,- ասում է Բագրատյանը: Իսկ թե ինչպես է ընդլայել իր բիզնեսը, եթե համապատասխան «կուլտուրա» չունի, պատասխանեց. «Որովհետև Հայաստանում տնտեսական մրցակցություն չկա: Եթե լիներ, Սամվել Ալեքսանյանը այդ ցանցը չէր ունենա: Դեղերը մեզ մոտ երեք անգամ ավելի թանկ են, քան Եվրոպայում»:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել