
Վլադիմիր Զելենսկու կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս․ Զելենսկու թեստը բացասական է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին գրառում է հրապարակվել նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։ Ելենա Զելենսկայան հայտնել է, որ զարմացած է ախտորոշման արդյունքներց, քանի որ ինքը և ընտանիքի անդամները պահպանել են հիգիենիկ անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում կրել դիմակներ և ձեռնոցներ, ինչպես նաև պահպանել սոցիալական հեռավարություն։
«Միանգամից ասեմ, որ ինձ լավ եմ զգում, սակայն գտնվում եմ ամբուլատոր բուժման մեջ, մեկուսացած եմ ընտանիքի մյուս անդամներից, որպեսզի նրանց վտանգի չենթարկեմ»,- հայտնել է Զելենսակայան։ Նախագահի գրասենյակից հայտնել են, որ առաջին տիկինը չունի հիվանդության ախտանիշներ։
Վլադիմիր Զելենսկու և նրա երկու երեխաների կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է։ Այդուհանդերձ, Զելենսկին հայտարարել է, որ կնոջ հիվանդության պատճառով անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի։ Նա կսահմանափակի շփումները և խորհրդակցություններ կանցկացնի առցանց ռեժիմով։
Վերջին տվյալներով Ուկրաինայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 29 753 դեպք, ապաքինվածների թիվը հասել է 13 567-ի, իսկ մահացածների թիվը՝ 870-ի։
Լուսանկարը՝ Ելենա Զելենսակայայի ինստագրամյան էջից
Մեկնաբանել