HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ն. Փաշինյան «Ուզում ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել, ճիշտ լուծումներ գտնելու համար»

Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հերթական ճեպազրույցն է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Վարչապետը նշել է, որ հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: «Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավենք քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություն չեն կատարի, բայց կհրավիրեն մոտակայքում գտնվող կարգախմբերի, որոնք կմոտենան և վարչական պատասխանատվության կենթարկեն կարգազանց քաղաքացիներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում կորոնավիրուսը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: «Նույն կամ մոտակա հասցեները վարակի ծագման հիմնական աղբյուր են: Վարակը հիմնականում տարածվում է բակերում և թաղամասերում: Այս առումով ոստիկանությունն արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն է իրականացնում բակերում, թույլ չտալով հակահամաճարակային իրավիճակի խախտումներ»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ բակերում պետք է հասնել հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր մակարդակի:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում կարելի է հաջողության հասնել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցության արդյունքում: «Ես քաղաքացիներին որևէ բանում չեմ մեղադրում, ներկայացնում եմ այն, ինչ կա: Փորձում եմ օգնել քաղաքացիներին, ինքս ինձ և կառավարությանը, և դա մեր ընդհանուր խնդիրն է: Անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ մեր իրավիճակը, դրա բարդություններն ու հետագա բարդացման պատճառները: Մեր խնդիրն է ախտորոշել պրոբլեմը, որպեսզի կարողանանք լուծել այն»,- շեշտել է վարչապետ ը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պարետատան նիստերին քննարկում են, թե կառավարության գործողությունների ինչ չհամակարգվածություններ են եղել և ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ, որպեսզի համակարգն ամբողջությամբ աշխատի մաքսիմալ արդյունավետ: «Միևնույն է, իմ հիմնական թեզն այս հարցում շարունակում է մնալ հետևյալը, որ այս խնդիրը հնարավոր է լուծել միայն կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցությամբ: Կորոնավիրուսն անսպասելի իրավիճակի մեջ է դրել աշխարհի ամենազարգացած երկրներին , և մեր ամենամեծ առավելությունը և թերևս ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք հարյուր տոկոսով թափանցիկ: Մենք մեր բացթողումները, սխալները, անհաջողությունները որևէ կերպ թաքցնելու և մեղմելու խնդիր չունենք: Ուզում ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել, ճիշտ լուծումներ գտնելու համար: Մեր գործողությունների արդյունավետությունը պետք է բարձրանա, պետք է բարձրանա նաև քաղաքացիների կարգապահությունը: Մենք համագործակցության ենք հրավիրում բոլոր քաղաքացիներին առանց մեղադրանքների և շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն հայրենակիցներին, որոնք ճշգրիտ պահպանում են հակահամաճարակային կանոնները»,- հավելել է վարչապետը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter