
Կորոնավիրուսի բարդությունները. ո՞ր օրգանների վրա է ամենից շատը ազդում կորոնավիրուսը
Արդեն գրեթե կես տարի է, ինչ գիտնականները և բժիշկները փորձում են գնահատել այն վնասը, որը մարդկային օրգանիզմին հասցնում է կորոնավիրուսը։ Չնայած մահացության ավելի քան 400 000 դեպքերին, միլիոնավոր վարակվածներին և հազարավոր հետազոտություններին ու զեկույցներին, պատկերը շարունակում է անորոշ մնալ։
«BBC»-ն գրում է, որ բրիտանացի հետազոտողների ստացած տվյալները վկայում են, որ հիվանդության առաջնային ախտանիշները կարող են հայտնվել, վերանալ և նորից հայտնվել 30 և ավելի օրերի ընթացքում, ինչն էականորեն ավելին է, քան երկշաբաթյա ժամանակահատվածը, որը մատնանշում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները։
Ոմանց համար հիվանդությունը կարող է նշանակել վիրուսի դեմ երկարատև և տանջալից պայքար, որը կարող է հանգեցնել նոր «հետկորոնավիրուսային համախտանիշի»։ «Science» հեղինակավոր ամսագրի տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսը «այնպիսի բաներ է անում, ինչը չի արել մարդկությանը հայտնի և ոչ մի հիվանդություն»։
Մինչ աշխարհի պետությունների կառավարություններն իրականացնում էին միջոցառումներ վարակի տարածումը կանխելու նպատակով, իսկ բժիշկները փորձում գտնել դեղամիջոց կամ պատվաստանյութ, որը կկարողանա կանխարգելել հիվանդությունը, ի հայտ են եկել կորոնավիրուսի վերաբերյալ նոր մանրամասներ, որոնք փոխում են վիրուսի վերաբերյալ առկա պատկերացումները։
Ի սկզբանե թվում էր, որ նոր կորոնավիրուսը SARS-ի կամ թռչնագրիպի նման սովորական ռեսպիրատոր հիվանդություն է, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ կորոնավիրուսը կարող է ախտահարել թոքերը, ուղեղը, ըմպանը, աչքերը, սիրտը, արյունատար անոթները, լյարդը, երիկամները և ստամոքսը, այսինքն կենսական նշանակության բոլոր ներքին օրգանները։
Արդեն իսկ իրականացված հետազոտությունների արդյունքներով՝ COVID-19-ն ուղեկցվում է տարբեր ախտանիշներով, իսկ նրանց համար, որոնք հիվանդությունը տարել են ծանր ձևով, երկարաժամկետ հետևանքները կարող են լինել ամենալուրջը. թոքային հյուսվածքի սպիացիումից և երիկամային անբավարարությունից մինչև սրտամկանի բորբոքում, առիթմիա, լյարդի վնասում, կոգնիտիվ խանգարումներ, հոգեկան խանգարումներ, որոնք ուղեկցվում են տրամադրության կտրուկ փոփոխությամբ և այլն։
Այն, թե ինչպես հիվանդությունը երկարաժամկետ կտրվածքում կանդրադառնա մարդկանց վրա, դեռևս պետք է ուսումնասիրվի ամբողջական կտրվածքով, սակայն արդեն այսօր առկա են որոշակի փաստեր այն մասին, որ հիվանդության հետևանքները շարունակում են զգալ նաև նրանք, որոնց մոտ կորոնավիրուսային վարակն ընթացել է թեթև ախտանիշներով։
Կա ևս մեկ կարևոր հարց. կարո՞ղ է արդյոք SARS-CoV-2 վարակը, քնի վիճակում, պահպանվել մարդու օրգանիզմում և մի քանի տարի անց վերաակտիվանալ՝ այս կամ այն ձևով։ Բժիշկները նշում են, որ չկա որևէ զարմանալու բան։ Գիտությանը հայտնի են վիրուսներ, որոնք նույն վարքագիծն ունեն։ Օրինակ, երբ մարդ վարակվում է ջրծաղիկով, հերպեսի վիրուսը, որը ջրծաղիկի հարուցիչն է, որևէ տեղ չի անհետանում։ Այն կարող է տասնամյակներով թաքնվել և հարմար պահին հայտնվել մարմնի ախտահարված հատվածում։
Իսկ վիրուսը, որը հեպատիտ B-ի հարուցիչն է, շատ տարիներ անց կարող է առաջացնել լյարդի քաղցկեղ։ Նույնիսկ Էբոլա վիրուսը, որը հայտնաբերվել է փրկված պացիենտներից մեկի ներակնային հեղուկում, վարակվածների 40 %-ի մոտ առաջացնում է կուրությոուն։ Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով այն փաստը, որ SARS-CoV-2-ը նախընտրում է ախտահարել թոքերը, բժիշկները ենթադրում են, որ հենց այդ օրգաններում վիրուսը կարող է առաջացնել անդառնալի փոփոխություններ։
Թոքեր
Դեռ այս տարվա մարտ ամսին Ուհանի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները հայտնել էին, որ 70 պացիենտներից 66-ի մոտ, որոնց կորոնավիրուսային հիվանդությունն ուղեկցվում էր թոքաբորբով, համակարգչային շերտագրությունը հայտնաբերել էր թոքերի շրջանում էական վնասվածքներ։ Այս վնասվածքները տատանվում էին թոքաբշտիկներում արյան անոթների խցանումից մինչև թոքային հյուսվածքի սպիացում: Այդպիսի սպիացումը կոչվում է թոքերի ֆիբրոզ և կարող է մարդուն շնչահեղձ անել։ Ներկայումս գոյություն չունի որևէ միջոց կանգնեցնելու կամ հակազդելու այդ գործընթացը։
«Ֆիբրոզը կարող է կայունանալ և ժամանակի ընթացքում չփոխվել, դա ճիշտ է։ Որոշ պացիենտների մոտ թոքերի գործառույթները կարող են ամբողջությամբ չվերականգնվել, սակայն դրա հետևանքները չեն լինի այդքան առարկայական։ Սակայն կան դեպքեր, երբ ֆիբրոզը շարունակվում է, իսկ դա իրապես վտանգավոր է, քանի որ վաղ թե ուշ դառնում է մահվան պատճառ»,- նշում է Լեսթերի համալսարանի պրոֆեսոր Լուիզա Ուեյնը։
Բացի այդ, մինչև Մեծ Բրիտանիայում խիստ կարանտինային ռեժիմի հաստատումը, «FICM»-ը (Ինտենսիվ թերապիայի բժշկության ֆակուլտետ) նախազգուշացրել էր, որ կորոնավիրուսային հիվանդության թեթև ախտանիշներ ունեցող պացիենտները կստանան թոքերի այնպիսի վնասվածքներ, որոնց վերականգնման համար անհրաժեշտ կլինի մինչև 15 տարի։ «FICM»-ն ընդգծել է, որ բազմաթիվ պացիենտների մոտ, որոնք ընդունվել են վերակենդանացման բաժանմունքներ, զարգացել է սուր շնչառական դիսթրես համախտանիշը։ Վերջինս թոքերի ծանր ախտահարում է, որի ժամանակ հեղուկն արյան մեջից անցնում է թոքաբշտիկներ։ Նման դեպքում պացիենտը չի կարողանում շնչել, առանց հատուկ շնչառական ապարատների։
Սիրտ և արյունատար անոթներ
Երբ բժիշկները փորձում են գնահատել այն վնասը, որը կորոնավիրուսը կարող է հասցնել պոտենցիալ հիվանդին, բախվում են մեկ շատ սպասելի խնդրի հետ. թոքերի, սրտի, երիկամների կամ էլ արյունային հիվանդություններ ունեցող անձինք, որպես կանոն, դարձել են կորոնավիրուսի առաջին զոհերը և նրանց պարագայում հիվանդությունը առավել բարդ ընթացք է ունեցել։ Այդ իսկ պատճառով միշտ չէ, որ կարելի է հասկանալ, թե ինչի է հանգեցրել վիրուսը, կամ էլ որ օրգաններն են մինչ այդ ախտահարվել։
Պարզ է սակայն մի բան. երբ վարակի ախտանիշներն սկսում են ի հայտ գալ, բազմաթիվ օրգանների գործառույթներ խախտվում են և դրանցից մեկի չգործելը, հանգեցնում է նաև մյուսների կանգին։ Իր դերակատարումն ունի նաև սուր բորբոքային գործընթացը, որը կարող է հանգեցնել կաթվածի և ինֆարկտի։
Ինչպես նշվում է «JAMA Cardiology» բժշկագիտական ամսագրի մարտ ամսվա համարում, սրտամկանի վնասում գրանցվել է Ուհանի հիվանդանոցներում հետազոտված 416 պացիենտների գրեթե 20 %-ի մոտ։ Նույն Ուհանում, բայց արդեն վերակենդանացման բաժանմունքներում, առիթմիան գրանցվել է 36 պացիենտների 44 %-ի մոտ։ Բժիշկներն այն կապում են հիպերցիտոկինեմիայի հետ։ Վերջինս պոտենցիալ մահացու վտանգ է օրգանիզմի համար և առաջացնում է իմունային բջիջների անվերահսկելի ակտիվացում, ինչը հանգեցնում է բորբոքված հատվածի հյուսվածքների ոչնչացման։ Այդպիսի գործընթաց նկատվել է կորոնավիրուսով հիվանդ որոշ պացիենտների մոտ։ Մասնավորապես, առաջանում է սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), որը խախտելով էլեկտրական ազդակները, առաջացնում է առիթմիա և խախտում արյան շրջանառությունը՝ հանգեցնելով շնչահեղձության։
Սրտանոթային համակարգի բարդությունները բնորոշ են ոչ միայն COVID-19-ին։ Միոկարդիտի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ բազմաթիվ հիվանդություններ։ Եվ չնայած պացիենտների մեծ մասն առողջանում են, որոշների մոտ սրտամկանի վնասումն առաջացնում է անդառնալի հետևանքներ։ Ավելին, COVID-19-ը վատ է ազդում նաև արյան վրա։ Կորոնավիրուսով հիվանդ 184 պացիենտների 38 %-ի մոտ, որոնք գտնվել են Նիդեռլանդների հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում, հայտնաբերվել է արյան բարձր մակարդելիություն, իսկ նրանց մեկ երրորդի մոտ հայտնաբերվել են նաև արյան մակարդուկներ (թրոմբներ)։
Երիկամներ
Չնայած կորոնավիրուսն առաջինն ախտահարում է թոքերը, որոշ պացիենտների մոտ վարակը հասնում է նաև երիկամներին։ Չինաստանում իրականացված ընտրանքային հետազոտություններից մեկի արդյունքների համաձայն՝ կորոնավիրուսով հիվանդ 85 պացիենտներից 27 %-ի մոտ, որոնք հայտնվել էին Ուհանի հիվանդանոցներում, գրանցվել են երիկամային խնդիրներ։
Մեկ այլ հետազոտության արդյունքներով էլ գրեթե 200 պացիենտներից 59 %-ի մեզում, որոնք հոսպիտալացվել էին Հուբեյ և Սիչուան նահանգներում, նկատվել է սպիտակուց, որը վկայում է վարակի առկայության մասին, իսկ 44 %-ի մեզում մոտ առկա է եղել նաև արյուն, ինչը խոսում է երիկամների խիստ ախտահարման մասին։ Ընդորում, սուր երիկամային անբավարարություն ունեցող պացիենտների մոտ մահացության վտանգը հինգ անգամ ավելի բարձր է, քան կորոնավիրուսով հիվանդ սովորական պացիենտների մոտ։
Ուղեղ
Հետազոտություններից մեկի տվյալներով՝ նոր տիպի COVID-19 կորոնավիրուսով հիվանդ ընտրանքային 214 պացիենտների մեկ երրորդի մոտ նկատվել են նյարդաբանական ախտանիշներ, ներառյալ գլխապտույտ, գլխացավ և կոգնիտիվ խանգարումներ։ Դեռևս գիտնականները միայն գուշակում են, թե ինչն է առաջացրել այդ ախտանիշները։ Այդուհանդերձ, գոյություն ունեցող տեսությունները հակված են այն բանին, որ վիրուսը ազդում է նյարդային բջիջների վրա։ Նշվում է նաև հոտառության և համի զգացողության կորուստը, ինչպես նաև բորբոքային գործընթացը (այդպիսով վիրուսն ազդում է մարդու իմունային համակարգի վրա), թթվածնի պակասը, որոնք զգացել են որոշ հիվանդներ։
Կոգնիտիվ խանգարումները կարող են կապված լինել վերակենդանացման բաժանմունքում պացիենտի գտնվելու փաստի հետ։ Վերջինս կոչվում է նաև գիտակցության ժամանակավոր մթագնում, երբ մարդու մոտ առաջանում են հալյուցինացիաներ։ Այն առավել հաճախ նկատվում է տարեց մարդկանց մոտ։ Եվ չնայած ախտանիշները, որպես կանոն, ժամանակի ընթացքում անհետանում են, դրանցից որոշները կարող են պահպանվել։ Բժիշկների խոսքերով՝ կորոնավիրուսով հիվանդ պացիենտների կոգնիտիվ ֆունկցիաների վերականգնումը կարող է խիստ կախված լինել պացիենտի տարիքից, այլ հիվանդությունների առկայությունից և բուն հիվանդության ընթացքից։
Ինչպես նշում է Լոնդոնի թագավորական քոլեջի վերականգնողական բժշկության պրոֆեսոր Լին Թերներ Սթոքսը, վիրուսը կարող է ազդել այն պացիենտների ուղեղի վրա, որոնց մոտ կորոնավիրուսային հիվանդությունն ունեցել է թեթև ընթացք։ Իսկ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Էդ Բուլմորի խոսքերով՝ արդեն իսկ առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ SARS-CoV-2-ը առաջացնում է «նեյրոտոքսիկ հիվանդություն», որը հանգեցնում է «իր տեսակով պացիենտի մտավոր վիճակի փոփոխության»։
Գլխավոր լուսանկարը՝ STR/AFP/CHINA OUT VIA GETTY IMAGES
Մեկնաբանել