
Ամուլսար ծրագիր. «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերություն. Վերջին շրջանի որոշ ֆինանսական զարգացումներ
Ամուլսար ծրագրի թեմայով վերջին հոդվածում անդրադարձել էի «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի բաժնետոմսերի Տորոնտոյի ֆոնդային բորսայից ապացուցակմանը և սնանկացման գործընթացներից խուսափելու նպատակով Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարանի կողմից պաշտպանություն ստանալուն:
2020 թվականի մարտի 4-ին հրապարակված ֆինանսական հաշվետվություններում առկա են հետևյալ ուշագրավ տեղեկությունները:
«Լիդիան Ինթերնեյշնլ»-ի ընդհանուր ակտիվները 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, համեմատ 2018 դեկտեմբերի 31-ի, նվազել են շուրջ 347 միլիոն ԱՄՆ դոլարով և կազմել են 52.6 միլիոն ԱՄՆ դոլար: Այս նույն ընթացքում ընդհանուր պարտավորությունները մեծացել են շուրջ 40.5 միլիոն ԱՄՆ դոլարով և կազմել 394.6 միլիոն ԱՄՆ դոլար: Իսկ ընկերության սեփական կապիտալը այս նույն շրջանում նվազել և դարձել է բացասական թվով շուրջ 342 միլիոն ԱՄՆ դոլար:
Այս նույն ժամանակահատվածում (2019 թվականի համար) «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը հայտարարագրել է շուրջ 387 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս: Նշեմ, որ 2018 թվականի համար հայտարարագրված վնասը կազմում էր շուրջ 136 միլիոն ԱՄՆ դոլար:
Այս հայտարարագրված 387 միլիոն ԱՄՆ դոլարի վնասը, ըստ ընկերության, գոյացել է երկու հիմնական աղբյուրներից: Առաջինը, 77.6 միլիոն ԱՄՆ դոլարի չափով կազմում են ծրագրի հարկադիր դադարեցմամբ պայմանավորված ծախսերը, որը 2018-ին, կրկին ըստ ընկերության, կազմել է 42 միլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդը, ակտիվների արժեզրկումից առաջացած վնասն է, որը գնահատվել է շուրջ 315 միլիոն ԱՄՆ դոլար: Ակտիվների արժեզրկման գծով վնասները 2018-ին կազմել են 92.7 միլիոն ԱՄՆ դոլար:
Անդրադառնամ ակտիվների արժեզրկմանը մի փոքր ավելին: Այն դեպքերում, երբ ակտիվի հաշվեկշռային արժեքը գերազանցում է այն գումարը, որը փոխհատուցվելու է ակտիվի օգտագործման կամ վաճառքի միջոցով, ապա ակտիվը համարվում է արժեզրկված և հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները պահանջում են այդ չափով արժեզրկումից կորուստ ճանաչել: Այս տրամաբանության մեջ, ընկերությունը 315.4 միլիոն դոլարի ակտիվներ արժեզրկված է ճանաչել 2019 դեկտեմբերի 31-ի դրությամբ. Սա հիմնականում բաղկացած է Ամուլսար ծրագրի ստեղծման-զարգացման գծով նախկինում կատարված կապիտալ ծախսերի չափով գրանցված ոչ ընթացիկ ակտիվներից:
Եթե փորձենք այս պահին մոտավոր գնահատել ընկերության արժեքը, ապա կունենանք հետևյալ պատկերը: Նախ նշեմ, որ բիզնեսների` ընկերությունների գնահատման մի քանի եղանակներ կան, որոնց կիրառությունից կախված իրարից շատ տարբերվող արդյունքներ կարող են ստացվել:
Եթե փորձենք շուկայի կապիտալիզացիայի եղանակով գնահատել ընկերությունը, ապա անհրաժեշտ է թողարկված բաժնետոմսերի գինը բազմապատկել այդ պահին մեկ բաժնետոմսի գնով: Համաձայն ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվությունների 2019 դեկտմբերի 31-ի դրությամբ ընկերությունը ունեցել է 760,017,021 հատ բաժնետոմս, որոնց հաշվեկշռային արժեքը ներկայացված է 286,074,000 ԱՄՆ դոլար: Այսինքն ստացվում է, որ մեկ բաժնետմոսի միջին գինը կազմում է 0.376 ԱՄՆ դոլար:
Տորոնտոյի ֆոնդային բորսայից ապացուցակումից առաջ, ընկերության մեկ բաժնետոմսը միջինում երեք անգամ ավելի ցածր գնով էր սակարկվում, քան վերոնշյալ արժեքն է: Իսկ ներկայում, չնայած որ ընկերության բաժնետոմսերը այլևս չեն սակարկվում բորսայում, դրանք արժեք ունեն և արտաբորսայական փոքրածավալ առևտուրը շարունակվում է: Մասնավորապես, TMX Group անվամբ ֆինանսական ծառայություններ մատուցող կանադական ընկերության կայքում կարելի է տեսնել վերջին ընթացքում տեղի ունեցած առուվաճառքի ծավալները և գները: Համաձայն այս աղբյուրի, վերջին մի քանի տասնյակ գործարքների միջին գինը մեկ բաժնետոմսի համար կազմել է 0.0113 ԱՄՆ դոլար: Ինչպես նշեցի, 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերությունը ունի թողարկած 760,017,021 հատ բաժնետոմս: Եթե այս գնով հաշվենք, ապա ընկերության արժեքը այս պահին կկազմի շուրջ 8.6 միլիոն ԱՄՆ դոլար:
Սակայն, ինչպես նշեցի սա ընկերությունների արժեքի որոշման եղանակներից մեկն է: Օրինակ, մեկ այլ` հաշվեկշռային եղանակով գնահատման դեպքում, որի պարագայում ընդհանուր ակտիվներից հանում են ընդհանուր պարտավորությունները, ընկերության արժեքը նշված ժամանակահատվածի (2019թ) վերջում կազմել է բացասական թվով շուրջ 342 միլիոն ԱՄՆ դոլար: Սա պայմանավորված է, ինչպես վերևում նշեցի, ակտիվների արժեզրկմամբ, միաժամանակ պարտքի կուտակումով: Ի դեպ, տարվա սկզբին, երբ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը ստացել էր Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարանի ժամանակավոր պաշտպանությունը` սնանկացումից խուսափելու համար, ընկերության ընդհանուր պարտքը պարտատերերին 2019 վերջին կազմում էր շուրջ 364.5 միլիոն ԱՄՆ դոլար:
Ընկերությունների արժեքի որոշման տարածված եղանակներից է նաև կանխիկ հոսքերի դիսկոնտավորված գնահատման եղանակը: Համանման եղանակով գնահատման դեպքում ընկերության արեքը շատ ավելին կկազմի, քան վերոնշյալ դեպքերում է: Ինչի վրա, հավանաբար «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը փորձել էր շեշտադրում անել, երբ նախաձեռնել էր Ամուլսար ծրագրի իրագործելիության նոր գնահատում, որը հրապարակվեց 2019 թվականի հոկտմեբերի 15-ին (գնահատումը ուժի մեջ մտնելու ամսաթիվ` սեպտեմբերի 16): Այս գնահատման մեջ ընկերությունը` հարկումից հետո զուտ ներկա արժեքով, տարբեր սցենարներով (հիմնականում ոսկու շուկայական գնից կախված) գնահատվել է 363-ից 600 մլն ԱՄՆ դոլար: Այստեղ սակայն բազում հարցեր են առաջ գալիս, մասնավորապես, թե ինչպես են վերագնահատվել ոսկու պաշարները, որոնք նախորդ գնահատման համեմատ ավել են ցույց տրվել: Սրա մասին անդրադարձել էի այս հոդվածով:
2020 թվականի հունիսի 2-ին, մի շարք ֆինանսական հարթակներում տեղեկատվություն տարածվեց, որ «Լիդիան Ինթերնեյշնլ»-ը հայտարարել է, թե չի հրապարակելու 2020 թվականի առաջին եռամսյակի ֆինանսական հաշետվությունները և այլ հարակից փաստաթղթեր, որոնք համապատասխան կարգավորումների համաձայն, պարտավոր էր իրականացնել մինչև ս.թ. հունիսի 1-ը: Համաձայն այս հաղորդագրության, ընկերությունը այլևս կարողություն և ունակություն չունի եռամսյակային ֆինանսական հաշվետվություններ հրապարակել: Միևնույն ժամանակ, ասվում է, որ նա կշարունակի տեղեկատվություն տրամադրել բոլոր շահագրգիռ կողմերին` կանադական դատարանում ընթացող իր գործի շրջանակներում:
Կասկածից դուրս է, որ ընկերությունը գտնվում է ֆինանսական ծանր վիճակում: Ինչպես նախկինում հայտարարել էին, փորձելու են վաճառել Ամուլսարի ծրագիրը և հավանաբար սա էր նաև դրդապատճառը, երբ ծրագրի իրագործելիության նոր գնահատում էին իրականացնում: Այս ընթացքում պարտատերերի հետ կանադական դատարանում վեճը` քննարկումները, շարունակվում են: Եվ Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարանը ս.թ. մայիսի 4-ին երկու որոշում է կայացրել, որով Լիդիանի երկու պարտատեր ընկերությունների համար (Limited Ab Svensk Exportkredit (ներկայացուցիչ` ING Bank N.V.) և Caterpillar Financial Services UK) վերացվել է նախկինում` հունվար ամսին, կայացված որոշմամբ սահմանափակումը և այս ընկերությունները կարող են իրացնել Լիդիանի պարտավորությունների գծով իրենց իրավունքները (այս երկու ընկերություններին Լիդիանի պարտքը` այստեղ):
Մեկնաբանել