HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-մայիսին պետբյուջե հավաքագրված հարկերը 2.2%-ով աճել են

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին ընդհանուր առմամբ հավաքագրել է 583 միլիարդ 650 միլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 12 միլիարդ 493 միլիոն դրամով կամ 2.2%-ով: Այս մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալները։  

Ինչպես մենկանաբանում է ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պայմաններում հաջողվել է հարկային եկամուտների աճ ապահավել, նույնիսկ, պետության կողմից հարկ վճարողների նկատմամբ ունեցած պարտքերի մի մասը վերադարձնելուն զուգահեռ։ Մասնավորապես, հարկ վճարողներին է վերադարձվել 52 միլիարդ 698 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և եկամտային հարկ։ 

«ԱԱՀ-ի և եկամտային հարկի գումարի վերադարձը 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին աճել է՝ 2019թ նույն ժամանակաշրջանի համեմատ: Աճը կազմել է 9 միլիարդ 317 միլիոն դրամ (2020 թվականի հունվար-մայիս ամսիներին՝ 52 միլիարդ 698 միլիոն դրամ, իսկ 2019 հունվար-մայիս ամիսներին՝ 43 միլիարդ 380 միլիոն դրամ): Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձին և ԱԱՀ-ի դեբետային գումարներից ու ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցված գումարներին»,- այսօրվա առցանց ասուլիսին նշեց Արթուր Հակոբյանը: 

Շեշտենք, որ այս տարվա ապիլին  պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները և պետական տուրքը կազմել են 151.6 մլրդ դրամ: 2019 թվականի նույն ամսվա համեմատ այն 15.1 մլրդ դրամով կամ 9%-ով նվազել է: Այսինքն՝ ենթադրվում է, որ հարկերի նվազումը շարունակվել է նաև մայիսին (ՊԵԿ-ը մայիսի ցուցանիշները դեռևս առանձին չի հրապարակել), իսկ հունվար-մայիսի ընդհանուր աճը պայմանավորված է տարվա առաջին երեք ամիսներին գրանցված ցուցանիշներով։

Այնուամենայնիվ, հունվար-մայիսի հաշվարկներով ևս որոշ հարկատեսակների մասով նվազում է գրանցվել, ինչպես օրինակ՝ եկամտային հարկի,  ԱԱՀ-ի, շրջանառության  հարկի և այլն։ 

Արթուր Հակոբյանի խոսքով՝ եկամտային հարկի գծով նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ բացի Հայաստանում համավարակի հետևանքով առաջացած ներկա իրավիճակից, ազդել են նաև այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությունները։ Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվանից գործում է եկամտային հարկի համահարթ դրույքաչափի՝ 23%-ի կիրառումը։ 

Միայն աշխատավարձի մասով՝ ապրիլ ամսվա արդյունքներով պակաս հավաքագրված եկամտային հարկը կազմում է ավելի քան 2.6 մլրդ դրամ: Ապրիլին, մարտի համեմատ, զրո դրամ եկամուտ հայտարարագրած աշխատողների թիվը, կրճատվել է  74 359-ով։ Ինչպես «Հետք»-ին պարզաբանել են Պետական եկամուտների կոմիտեից, 2020 թվականի ապրիլին Հայաստանում գրանցված աշխատողներից աշխատավարձ են ստացել 547 185-ը։ ՊԵԿ-ից շեշտում են, որ նշված 547 185-ը ոչ թե գրանցված աշխատողների ընդհանուր քանակն է, այլ՝ նրանց, որոնք ապրիլին աշխատավարձ են ստացել և վճարել եկամտային հարկ։ Ըստ ՊԵԿ-ի՝ 2020 թվականի հունվարին գրանցված աշխատողների քանակը, որոնք աշխատավարձ են ստացել և եկամտային հարկ վճարել, կազմել է 604 740, փետրվարին՝ 619 001, մարտին՝ 621 544, ապրիլին, ինչպես նշեցինք՝ 547 185:

Իսկ շրջանառության հարկի նվազումը, նույնպես, բացի ստեղծված իրավիճակից, կապված է նաև 2020-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ:  Հակոբյանը նշել է, որ մարտին ներդրված կարանտինային ռեժիմն ու տնտեսական գործունեության խիստ սահմանափակումները ազդել են շրջանառության հարկի ծավալների վրա: «Հուսով ենք, որ հունիսից ցուցանիշները զգալիորեն կփոխվեն, քանի որ ապրիլի վերջից հանվել են տնտեսական գործունեության մի շարք արգելքներ», - ասաց Արթուր Հակոբյանը:

«Արտակարգ դրության ժամանակահատվածում շարունակվում է հետևողական հսկողությունը հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով հայտարարագրման նկատմամբ: Այսպիսով, մարտ, ապրիլ և մայիս ամիսներին իրականացվել են 3 565 թեմատիկ ստուգումներ և ուսումնասիրություններ, որից ՀԴՄ կիրառման կանոնների 2 743 ստուգմամբ՝ արձանագրվել է խախտման 1 739 դեպք, իսկ չգրանցված աշխատողների մասով՝  329 ստուգման արդյունքում արձանագրվել է  չգրանցված աշխատողի 406 դեպք։ Միայն ապրիլ ամսվա ընթացքում  իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների 864 ստուգում, արձանագրվել է 596 խախտում»,- հայտնել է Արթուր Հակոբյանը։

Ինչ վերաբերում է խոշոր հարկատուներին, ապա 2020 թվականի առաջին եռամսյակում  հանրապետության 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (221 միլիարդ 20 միլիոն դրամ) գերազանցել է 24 միլիարդ 613 միլիոն դրամով կամ 11.1 %-ով:  Խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է։ Հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊ ընկերությունը։ Առաջատարների եռյակը եզրափակում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն։ 

Խոշոր հարկատուների ցանկն ու նրանց վճարած հարկերի ծավալը հրապարակվում է միայն եռամսյակային պարբերականությամբ։ Հետևաբար, միայն երկրորդ եռամսյակի տվյալների հրապարակումից հետո կերևա, թե երկրում ստեղված տնտեսական բարդ դրությունն որքանով է ազդել խոշոր հարկատուների վրա։ 

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարությունն այս տարվա համար կանխատեսում է 1 տրլն 433 մլրդ դրամ հարկային եկամուտների հավաքագրում: Մինչև բյուջեի օրենքում կատարված փոփոխությունները 2020 թվականի պետական բյուջեով կանխատեսվում էր, որ հարկային եկամուտների ծավալը կկազմի 1 տրլն 602 մլրդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter