HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ փոփոխություններ են գրանցել 10 գերխոշոր հարկատուներն առաջին եռամսյակում

Այս տարվա առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամի հարկեր և տուրքեր։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերն ու տուրքերն աճել են 24.6 մլրդ դրամով կամ 11.1%-ով։ 

Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած խոշոր հարկատուների տվյալները, 2020 թվականի առաջին եռամսյակի խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել 17.8 մլրդ դրամի հարկեր։ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն ավելացել է 4.2 մլրդ դրամով կամ 30.1%-ով։

Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊ ընկերությունն է՝ 15.3 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն ավելացել են 2.5 մլրդ դրամով կամ 19.4%-ով։ Հիշեցնենք, որ «Գրանդ տոբակո»-ն 2019 թվականի տարեկան տվյալներով գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը։  

Առաջատարների եռյակը եզրափակում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն։ Հարկերի ծավալը կազմել է 5.4 մլրդ դրամ, որը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 1.4 մլրդ դրամով կամ 36%-ով։ Հիշեցնենք, որ ինչպես «Գրանդ տոբակոն», այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» ներառված են հայտնի գործարարներ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգի» կազմում։ Նրանց կազմում է նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Մասիս տոբակո» ՍՊԸ-ն։

2020 թվականի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկի չորրորդ հորիզոնականում է բենզինի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն։ Վճարել է 4.3 մլրդ դրամի հարկեր՝ 572 մլն դրամով կամ 15.2%-ով ավելին, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում։

Հաջորդում է հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ «Վիվա-ՄՏՍ», նախկինում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»), որը տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 3.9 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության հարկերը թռիչքային աճ են գրանցել՝ մոտ 20 անգամ։ Սա, ամենայն հավանակությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության նախորդ տարվա հարկերի հաշվանցում էր կատարվել և «մաշեցվել էր» ավելի վաղ արված գերավճարները։ Այսինքն՝ 2019-ին առաջացած հարկային պարտավորությունները մարվել էին դրանից առաջ արված կանխավճարների հաշվին, ինչի արդյունքում էլ ընկերության այդ տարվա փաստացի վճարված հարկերը ցածր թիվ էին կազմել։ 

Վեցերորդ տեղում է խոշոր հարկատուների ցանկի երբեմնի առաջատար, հանքարդյունաբերությամբ զբաղվող  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ)՝ մոտ 3.5 մլրդ դրամի հարկերով, որը շուրջ երկու անգամ նվազել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այս հարցի շուրջ ԶՊՄԿ-ն լրացուցիչ պարզաբանումներ հրապարակելու կարիք ունի։

Մյուսը խոշոր հարկատուն ծխախոտի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն է։ Վճարել է մոտ 3.5 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս ընկերություն հարկերը ևս էականորեն աճել են՝ շուրջ երեք անգամ։

Ութերորդ խոշոր հարկատուն ՀԷՑ-ն է («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ)` 3.4 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության վճարած հարկերը պակասել են 1.2 մլրդ դրամով կամ 25.5%-ով։

Հաջորդում է բենզինի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ՍՊ ընկերությունը՝ մոտ 3.2 մլրդ դրամի հարկերով, որը  574 մլն դրամով կամ 15.3%-ով պակաս է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից։

Եվ գերխոշոր հարկատուների տասնյակն այս անգամ եզրափակում է «Ակվիլոն թրեյդ»  ՓԲ ընկերությունը, որն առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել մոտ 3 մլրդ դրամի հարկեր։ Նվազումը՝ 443 մլն դրամ կամ մոտ 13%:

«Ակվիլոն թրեյդ» ընկերությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը փոխկապակցված է ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին։ Զբաղվում է հագուստի մեծածախ առևտրով։ 

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին եռամսյակում հարկերի ցուցանիշները գոհացնող են, սակայն, ինչպես սպասվում է, արդեն երկրորդ եռամսյակից ցուցանիշների էական վատթարացում կլինի՝ պայմանավորված կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետևանքներով։ 

Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից, 2020 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 349 մլրդ դրամ, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 46%-ով կամ շուրջ 110 մլրդ դրամով:  

Այսպիսով, միայն 1000 խոշոր հարկատուները ապահովել են ընդհանուր հարկերի 70%-ը։ Խոշորների մասով ևս առաջիկայում հարկերի անկում է սպասվում։

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակի աճը 2019 թվականի վերջերից և այս տարվա սկզբից հարկերի իներցիոն թափի արդյունքներն են, որոնք չեն պահպանվել մարտից սկսած՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով, որն ազդում է տնտեսության վրա։ Իսկ այդ ազդեցությունները, ըստ Դավիթ Անանյանի, զգացվում են ամեն օր։

«Այո՛, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե ինչքան, ես այս պահին պատրաստ չեմ ասել։ Եվ ոչ ոք պատրաստ չէ դա ասել։ Մենք անում ենք ամեն ինչ, որ հարկային վարչարարության և հարկատուների վարքագիծը չփոփոխվի, և այն լավ փոխհարբերությունները, որ կան հարկ վճարողների և հարկային մարմնի միջև, պահպանվի։ Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք։ Կան ֆինանսական միջոցներ ներգրավելու թե՛ աղբյուրներ, թե ՛ հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականությանն առաջիկայում սպասվող դժվարությունները»,- հայտարարել է ՊԵԿ նախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter