HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Տավուշի համայնքային մանկապարտեզներից գործում է երկուսը. հաճախում է 12-15 երեխա

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Նունե Անանյանը 3-ամյա որդուն արդեն 3 ամիս է՝ նախակրթարան չի տանում։ Նա եւ ամուսինն աշխատում են եւ չեն կարողանում ամբողջ օրը որդու հետ անցկացնել, սակայն խուսափում են համավարակի օրերին երեխային տանել վարժարան։ «Եթե այլ տարբերակ չունենայինք, միգուցե ես էլ տանեի նախակրթարան, բայց նախընտրում եմ, որ տանը մնա՝ տատիկի մոտ, թեեւ վարժարանի աշխատակիցներն էլ պնդում են՝ պահպանում են հակահամաճարակային կանոնները»։

Նունեի որդին հաճախում է Նոյեմբերյանի «Սարգիս Զուրաբյան վարժարան մանկական զարգացման կենտրոն». քաղաքում այս օրերին աշխատող միակ նախակրթարանն է, մասնավոր է։

Նոյեմբերյանում կա երկու համայնքային մանկապարտեզ։ Թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մոտ 160 ծնողից միայն 7-8 հոգի է ցանկացել, որ մանկապարտեզը բացվի. փոքր թվաքանակի պատճառով աշխատանքը չեն վերսկսել։

Ըստ տնօրենի՝ ցանկություն է եղել հուլիսի 1-ից բացել մանկապարտեզը, բայց Նոյեմբերյանում կորոնավիրուսի տարածումը մտավախություն է առաջացրել։

Տավուշի մարզում ընդհանուր առմամբ կա համայնքային 52 մանկապարտեզ, որտեղ  հաշվառված է 3736  երեխա, եւ եւս երկու մասնավոր նախակրթարան։

Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ համայնքային մանկապարտեզներից վերաբացվել են երկուսը՝ Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզը եւ Գետահովիտ գյուղի մանկապարտեզը (այսօր է բացվել, հաճախել է 5 երեխա)։ Մասնավորների վերաբերյալ հաշվառում չեն իրականացնում։

Ըստ Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Սահակյանի՝ մանկապարտեզը վերաբացել են աշխատող ծնողների խնդրանքով, որոնք «այլ տարբերակ չեն ունեցել»։ Այսօր մանկապարտեզ հաճախել է 8 երեխա, 20 հոգանոց աշխատակազմից միայն 6-ն է աշխատում։ Մինչեւ համավարակի տարածումը մանկապարտեզ հաճախել է 110  երեխա։

Անահիտ Սահակյանն ասում է՝ պահպանում են հակահամաճարակային կաննոները. մանկապարտեզը համալրվել է պարետատան սահմանած անհրաժեշտ պարագաներով՝ ախտահանիչ միջոցներով։ Առավոտյան երեխաներին դիմավորում են աշխատակիցները, ծնողները մանկապարտեզի շենք չեն մտնում։ Երեխաները մուտքի մոտ ախտահանվում են, ջերմաչափվում, ներս մտնում։

«Երեխաներին 3 հոգանոց խմբերի ենք բաժանել, որ սոցիալական հեռավորություն պահպանենք։ Սնունդը յուրաքանչյուրը բերում է տնից։ Խաղերը եւս այնպես ենք կազմակերպում, որ սոցիալական հեռավորությունը պահպանենք»,- ասում է Սահակյանը։ Մանկապարտեզ հաճախում են միայն աշխատող ծնողների երեխաները, ըստ տնօրենի՝ չաշխատող ծնողները եւս ցանկություն են հայտնել, սակայն, հետեւելով պարետատան ցուցումներին, միայն աշխատող ծնողների երեխաներին են թույլատրում այցելել մանկապարտեզ։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter