
Ծառուկյանի վերաբերյալ միջնորդագրերն իրավական գործընթաց են. պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգը
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրերը ոչ այլ ինչ են, քան իրավական գործընթաց:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործերին:
«Ուզում եմ ընդգծել այն աներկբա իրողությունը, որ սա զուտ իրավական գործընթաց է՝ հարուցված շատ վաղուց: Գիտեք, որ բազմաթիվ գործեր են քննվում նույն գործով առնչվող անձանց վերաբերյալ: Բոլոր այս գործերը տարբեր ժամանակներում են նախաձեռնվել, քննության տարբեր փուլերում են: Բացառապես իրավական գործընթաց է»,-ասաց Միրզոյանը:
Տեղեկացնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի` դատախազի ներկայացրած միջնորդագրերը քննվելու են հետևալ ընթացակարգով. մինչև քսանական րոպե տևողությամբ ելույթներով հանդես են գալու գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են հարցեր տրվել: Այնուհետև մտքերի փոխանակության փուլն է, իսկ վերջում միջնորդագրում նշված պատգամավորին և գլխավոր դատախազին եզրափակիչ ելույթի համար հատկացվում է մինչև 20 րոպե:
Հարցի քննարկումը կարող է լինել նաև առանց Գագիկ Ծառուկյանի, քանի որ ԱԺ կանոնակարգ-օրենքն ընձեռում է նման հնարավորություն: Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:
Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորների հետ կապ հաստատել չի հաջողվում, որպեսզի ճշտենք` արդյոք ԲՀԿ առաջնորդը ներկայանալու է խորհրդարան, թե՞ ոչ:
Տեղեկացնենք, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում և հրապարակում է անհապաղ:
Եթե ընդունվեն այս միջնորդագրերը, Գագիկ Ծառուկյանը զրկվելու է պատգամավորական անձեռնմխելիությունից, ոչ թե մանդատից:
Ըստ Քրեական օրենսգրքի` քաղաքացին համարվում է անմեղ, քանի դեռ չկա նրա մեղավորությունը փաստող դատական վճիռ:
Գագիկ Ծառուկյանը, ըստ Ազգային անվտանգության ծառայության, մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի հատկանիշներով, այն է` ապօրինի ձեռնարկատիրություն և ընտրություններին համակարգային ընտրակաշառք բաժանելու մեջ:
Մեկնաբանել