
ԱԺ-ում քննարկվում են Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդագրերը
Խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագրերը:
13.29
Պատգամավորները գլխավոր դատախազին հիշեցրին 2018 թվականի մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես դատախազի միջնորդությունները ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց Դավթյանի խոսքերը, թե ինչու է հետ վերցրել իր միջնորդությունը, և ըստ այդմ քանի որ նախկին փոխվարչապետն է դիմել իրեն:
Զոհրաբյանը հետաքրքրվեց` գլխավոր դատախազն արդյոք պնդում է, որ այն քաղաքական պատվեր չի եղել, և արդյոք ունեցել է բավարար հիմքեր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Արթուր Դավթյանը խնդրեց մանրամասնել, թե այդ հարցն ինչ առնչություն ունի քննարկվող հարցի հետ:
Նաիրա Զոհրաբյան վստահություն հայտնեց, որ դատախազն ավելի ուշ անհարմար վիճակում է հայտնվելու, երբ հարցնեն, թե այս պրոցեսը իրավական է եղել, թե քաղաքական: Պատգամավորը նաև հարցրեց, թե արդյոք Դավթյանն իրեն անհարմար չի զգում այս պահին:
Արթուր Դավթյանը պատասխանեց` անհարմար զգալու առիթ չունի, իր պաշտոնական գործողություններն է իրականացնում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց, թե ինչու է փետրվարին հայտնաբերված փաստաթղթերը միայն այժմ քննության առարկա դարձել և ինչու դեռ փետրվարին խորհրդարան չէր եկել դատախազը նման միջնորդագրերով:
Դավթյանն արձագանքեց` եթե փետրվարին գար, ապա փաստարկներն ավելի թույլ կլինեին: Մարուքյանը հետաքրքրվեց` արդյոք խուզարկություն եղել է ՀՀԿ-ի գրասենյակներում, Արթուր Դավթյանը պատասխանեց` ցանկացած կուսակցության գրասենյակ կխուզարկվի համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում: Տեղեկացնենք, որ քաղաքական մեծամասնության որևէ պատգամավոր չի հերթագրվել ոչ հարց հնչեցնելու, ոչ էլ ելույթ ունենալու համար:
12:42
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով, ըստ Եվրոպական դատարանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարան որոշումների, քրեական հետապնդման պահը համարվում է այն իրադարձությունը, երբ մեղադրվող անձի անունը հանրայնացվում է: Ըստ նրա` նախաքննության վերահսկողության շրջանակներում անուն չպիտի հրապարակվեր, նաև տեսագրությամբ անձը չպիտի ներկայացվեր որպես առերևույթ հանցագործություն կատարած:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ Վճռաբեկ դատարանը մի քանի տարվա մեջ ստիպված է եղել իրավունքի զարգացում իրականացնել: Դավթյանի խոսքով` Վճռաբեկ դատարանն ունի որոշում, որ որևէ կերպ անձին հանրայնացնելը իրավաչափ չէ, սակայն տարիներ անց ընդունել է մեկ այլ որոշում, ըստ որի՝ այն ոչ թե ոչ իրավաչափ է դարձնում վարույթը, այլ այդ անձի համար առաջացնում է համապատասխան պաշտպանության իրավունք:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը միջնորդությունները որակեց ապօրինի, և ընդգծեց, որ այս միջնորդագրերում չկա որևէ փաստ, որը անմիջական կերպով առնչվում է Գագիկ Ծառուկյանին, ըստ նրա՝ Ծառուկյանի տանը կատարված խուզարկությունն արդեն իսկ ապացուցում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, սակայն դրա համար չկար խորհրդարանի համաձայնությունը:
Արթուր Դավթյանը պատասխանեց` հրապարակել է ապացույցներ, որոնք անմիջականորեն ապացուցում են Ծառուկյանի կապը քրեական գործի հետ: Ինչ վերաբերում է խուզարկությանը Դավթյանն ասաց, որ Հայաստանի օրենսդրությամբ հնարավոր չէ գտնել պահանջ, որ խուզարկություն իրականացնելու համար թույլտվություն պետք չէ:
Տոնոյանն արձագանեց` 2017-ի խորհրարանական ընտրությունների ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ այս կամ այն գործող պատգամավորը իր հիմնարկների աշխատակիցներին կաշառք է տալիս, անգամ դրա վերաբերյալ ձայնագրություններ կային, սակայն մինչ այս պահը որևէ քրեական գործ չկա այդ դեպքով: Տոնոյանի խոսքով` չի հարուցվում քրեական գործ, քանի որ այդ գործարարներն այժմ իշխանամերձ գործարարների սուպերմարկետներում Աննա Հակոբյանի «City of smile» դրամահավաքի արկղերն են տեղադրված:
11:30
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը, որը Սեդրակ Առուստամյանի դուստրն է (վերջինիս անունը ևս հիշատակվում է միջնորդագրում) հետաքրքրվեց, թե հայրն ինչու՞ չի հարցաքննվել:
«Միջնորդագրում ասվում է, որ Պողոսյանը գումար է ստացել Առուստամյանից ու Մանուկյանից, իմ տիրապետության տակ եղած ինֆորմացիայով, քանի որ Սեդրակ Առուստամյանը հայրս է, մինչ այս պահը չի հարցաքննվել այս գործով: Միգուցե հարցաքննման արդյունքում միջնորդագիրը անհնիմն կլիներ, անգամ պետք է առերես հարցաքննում արվեր Պողոսյանի ու հորս միջև, դիտավորյալ չե՞ք հարցաքննել»,- հարցրեց նա` դիմելով Արթուր Դավթյանին:
Դատախազն արձագանքեց` ոչ, ապա պարզաբանեց` քննիչն ինքն է տակտիկապես որոշում՝ որ պահին որ գործողությունն իրականացնի:
«Դա հստակ օրենքով է գրված, նախաքննության արդյունավետության ապահովումը թիվ մեկ չափանիշն է, եթե քննիչը ռոբոտի նման տեխնիկական գործողություն կատարի, մենք չենք ունենա ոչ մի հանցագործության բացահայտում, իսկ ձեր ասած գործողությունը պարտադիր կատարվելու է»,- ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հիշեցրեց, որ քրեականացված է ոչ միայն կաշառք տալը, այլ նաև ստանալը, նրա խոսքով` Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվում նրա համար, որ կաշառք է բաժանել, սակայն այդ կաշառքն անհասցե չի բաժաանվել, մարդիկ են ստացել: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք կան մարդիկ, որոնց մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց`այս պահի դրությամբ կաշառք ստանալու համար որևէ մեկին մեղադրանք առաջադրված չէ:
«Բայց ճիշտ եք, բոլոր կողմերը պատասխանատվության են կանչվելու, քրեաիրավական գնահատականի են արժանանալու նրանց արարքները»,- ասաց Արթուր Դավթյանը:
10.58
Տեղեկացնենք, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը նիստերի դահլիճում չէ, ԱԺ կանոնակարգ-օրենքը տալիս է նման հնարավորություն` միջնորդագրերը քննարկել, եթե տվյալ պատգամավորը անհարգելի պատճառով բացակայում է նիստից:
Գլխավոր դատախազը ներկայացրեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու օժանդակելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայության հարուցած քրեական գործի մանրամասները:
Դավթյանը ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի, ըստ հարուցված քրեական գործի, ստացած կաշառքի վերաբերյալ քրեական գործի նախապատմությունը:
Ըստ ԱԱԾ քննչական վարույթում քննվող գործի` «Երևան շին» ՓԲԸ նախագահ Վազգեն Պողոսյանը կաշառք է տվել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին` վաստակավոր շինարար կոչմանն արժանանալու համար, վերջինիս ընկերությունում կատարված խուզարկության ժամանակ էլ հայտնաբերվել են հաշվետվություն վերտառությամբ փաստաթղթեր` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբերի գործունեության վերաբերյալ:
Ըստ դատախազի` այդ հաշվետվության մեջ եղել են փաստաթղթեր` 17914 ընտրողի հաշվով 40 % կորստով վերնագրով, որտեղ գրված է Ծառուկյանի հանձնարարությամբ Լ. Աբրահամյանին 4 միլիոն 600 հազար դրամ, ակտիվիստներին վճարվելիք գումար` 34 միլիոն 388 հազար դրամ և այլն: Դավթյանի խոսքով` քրեական գործի ապացույցների համակցությունը բավարար է Ծառուկյանին հարուցված գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե արդյոք միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների առերևույթ կաշառքի դեպքեր են հայտնաբերվել, թե կան այլ ընտրական շրջանի դեպքեր: Թանդիլյանը հետաքրքրվեց, թե արդյոք դատախազը ՀՀԿ-ի բաժանած ընտրակաշառքի դեպքերի մասին չի իմացել, ապա հարցրեց՝ ինչպես է ստացվել, որ նախաքննական տեղեկություն համարվող փաստաթղթերը հայտնվել են ԱԺ պատգամավորների, նախարարների ֆեյսբուքյան պատերին:
Արթուր Դավթյանն արձագանքեց` իրենք չեն փնտրում որևէ անուն կամ քաղաքական ուժ, պարզապես մեկ այլ գործի շրջանակներում խուզարկության ժամանակ է հայտնաբերվել փաստաթղթերի տրցակ:
«Երբ ձեռք են բերվում ընտրակաշառքի վերաբերյալ տեղեկություններ, անալիզ չի արվում թե որ քաղաքական ուժին կամ որ թվականին է վերաբերում: Ընտրակաշառքին չառնչվող գործով Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի հանցակցի ընկերության շենքում խուզարկություն է կատարվել, և հայտնաբերել են փաստաթղթեր»,- ասաց Դավթյանը:
Ինչ վերաբերում է նախաքննության գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակմանը, գլխավոր դատախազն ասաց, որ վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում՝ ինչ ծավալով տեղեկություններ հրապարակել:
Լուսանկարները՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել