
Գագիկ Ծառուկյան. «Շինծու գործ է, ամոթ է, սրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք»
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է հունիսի հինգին` ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո:
Այս մասին իր ելույթում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Ես դիմում եմ ժողովրդին, հունիսի հինգին է սկսել այս ամենը, քաղխորհրդի նիստից հետո»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը ձախողել է համավարակի դեմ պայքարում, դրա համար է, որ նա քննադատել է իշխանություններին: Ըստ Ծառուկյանի` իշխանությունը ՊՈԱԿ-ի ֆեյքերով է պայքարում իր դեմ։ Նա կոչ արեց երկիրը իրական ղեկավարել, այլ ոչ թե ֆեյքերով:
«Անցել է երկու տարի, ոչ մի բան չկա, օդ, առաջին օրվանից ասել եմ` ձեր կողքին եմ, հուշագիր եմ ստորագրել, աջակցել եմ, որ ժողովրդի մեջ բան փոխվի, բայց ֆեյքերով, ՊՈԱԿ-ի 500 աշխատողներով… ֆեյքերով երկիրը չես կարող կառավարել»,- ասաց նա:
Նրա խոսքով` ինքն աջակցել է տնտեսական հեղափոխությանը, 20 միլիարդ դոլարի ներդրում է արել, արել է ամեն ինչ, որ ժողովրդի կյանքում բան փոխվի: Ծառուկյանը հերքեց գլխավոր դատախազի միջնորդագրում նշված այն մեղադրանքը, որ ընտրակաշառք է բաժանել, նա այդ ամենը սարքած գործ որակեց:
«Շինծու գործ է, ամոթ է, սրանով Ծառուկյանին ավելի հերոսացնում եք»,- ասաց նա:
ԲՀԿ առաջնորդի խոսքով` իր նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, քանի որ նա խանգարում է իշխանություններին, սակայն այս ամենից հետո ժողովուրդն ավելի է հիասթափվելու իշխանություններից: Ծառուկյանի համոզմամբ` իշխող ուժն այժմ նույնիսկ յոթ տոկոս չի կարող ձայն ստանալ:
«էնքան անբարոյական են, ինձ կանչում են հետևիցս տղուս են կանչում, Ծառուկյանը գալիս է, տղան թող մնա տանը, մարդ եղեք, տղուս վրա բան մի սարքեք, ցանկացած ասածիս տեր եմ»,- ասաց նա:
Ծառուկյանը հայտնեց, որ այժմ գնում է ԱԱԾ` քանի որ նոր քրեական գործ է հարուցվել:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ արեց մնալ դահլիճում, քանի որ նրան հարցեր կարող են հնչել, սակայն Ծառուկյանը դուրս եկավ դահլիճից:
Մեկնաբանել