HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Ոչ մի երկրում չի կարելի վիճակը կայուն համարել. բնակչությունը դեռևս խմբային իմունիտետ չունի նոր կորոնավիրուսի նկատմամբ»

«Հետքը» զրուցել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանի հետ

Տկն Պետրոսյան, մեր երկրում երեկվա դրությամբ կորոնավիրուսի 17 064 վարակակիր կա, և 285 մահ է գրանցվել: Ձեզհամար՝ որպես հանրային առողջապահության մասնագետի, այս թվերն անհանգստացնո՞ղ են:

Տարածվածության իմաստով, իհարկե, անհանգստացնող են: Բոլոր երկրները խնդիր ունեն, որ իրենց մոտ դեպքերի քանակը լինի այնքան, ինչքան որ առողջապահության համակարգը կարողանա պատշաճ բուժօգնություն ցույց տալ: Իհարկե, մեզ մոտ բավականին բարձր է վարակվածության ցուցանիշը, և այսպիսի թվերի դեպքում մեր առողջապահության համակարգի հնարավորությունները կարող են շատ հեշտ սպառվել: Այդ պատճառով անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը, որպեսզի թվերի աճը կայունանա: Այս հարցում անհրաժեշտ է, որ հասարակությունը և պետություն լրջորեն համագործակցեն:

Իհարկե, կան գիտական հանգամանքներ, որոնք դեռևս լավ ուսումնասիրված չեն: Գիտնականներն իրենց հոդվածներում գրում են, որ կան նույն վիրուսի տարբեր մուտացիաներ: Եվ այստեղ էլ համաձայնություն չկա: Կային հետազոտություններ, որոնք ցույց էին տալիս, որ վիրուսի տարբեր տարատեսակներ էին շրջանառվում տարբեր աշխարհագրական հատվածներում: Օրինակ՝ ասում են, որ ասիական երկրներում մի տարատեսակ է, եվրոպական երկրներում՝ մեկ այլ: Մենք կոնկրետ չգիտենք, թե Հայաստանում որ տեսակն է շրջանառվում: Ինչո՞ւ է դա կարևոր, որովհետև հնարավոր է, որ այդ տարատեսակների մոտ վարակելիության աստիճանի տարբերություններ լինեն: Այն դեռեւս գիտությանը հայտնի չէ, միայն հայտնի է, որ կան այս վիրուսի մոտ 8 տեսակի մուտացիաներ: Դեռևս հայտնի չէ՝ այդ մուտացիաներն, արդյոք, հանգեցնո՞ւմ են տարբեր հիվանդացության կամ հիվանդության տարբեր ծանրության: Կան էլի գիտական կարծիքներ, որ այս վիրուսի մուտացիաներն ավելի դանդաղ են տեղի ունենում, քան, օրինակ, գրիպի վիրուսի պարագայում: Եթե դա հաստատվի, իհարկե, դրական լուր կլինի: Երբ պատվաստանյութը հայտնաբերվի, այն կարող է կիրառվել բոլոր երկրներում և ավելի երկար պաշտպանվածություն տրամադրել: Ցավոք, դեռևս բավարար գիտական տվյալներ չունենք այդ ամենը հասկանալու համար:

Ուսումնասիրություններ արվո՞ւմ են Ձեր նշած մուտացիայի տեսակները որոշելու համար:

Ամեն երկիր չէ, որ նման հետազոտություններ իրականացնելու հնարավորություն ունի: Քանի որ մենք մասնակցում ենք տարբեր գիտական քննարկումների, ինձ հայտնի է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախաձեռնությամբ է հանդես եկել, որ տարբեր երկրներից նմուշներ ստանան, նաև` Հայաստանից: Ուզում են վիրուսի գենետիկ հետազոտություններ իրականացնել, որպեսզի հասկանան, թե ինչ տարատեսակներ են շրջանառվում տարբեր երկրներում, դրանք նման են, թե՞ ոչ: Ամենօրյա կտրվածքով հազարավոր հոդվածներ են գրվում նոր կորոնավիրուսի մասին, և կարծիք կա, որ մի քանի տարի կտևի, մինչեւ հասկանան, թե տարբեր մուտացիաներն, արդյոք, տարբերվո՞ւմ են իրենց վարակելիության և հիվանդացնելու աստիճանով, թե՞ ոչ:

Երկու օրինակ բերեմ. գիտնականները սկզբում իրենց եզրակացությունն անում էին՝ համեմատելով այլ՝ մեզ հայտնի կորոնավիրուսների հետ: Հայտնի էր, որ շնչառական վարակներ առաջացնող վիրուսները եղանակի տաքացման հետ կայունանում են, և սպասելիքը դա էր: Հետագայում, տեսնում ենք, որ եղանակով պայմանավորված՝ կայունացման միտում չկա, գոնե չենք հայտնաբերել՝ տարբեր երկրների վիճակագրական տվյալները դիտարկելով: Միգուցե կա, բայց մենք դա ակնառու չենք տեսնում, ինչն այլ վիրուսների դեպքում առկա է:

Մեկ այլ՝ խիստ մեծ տարբերության մասին նշեմ. մյուս շնչառական վարակները, նույն այդ կորոնավիրուսի տեսակները, որոնք թեթև մրսածություն են առաջացնում, ախտահարում են շնչառական համակարգը և հասնում են մինչև թոքային հյուսվածք: Բայց, դրանից այն կողմ, հիմնականում, անցում չէր լինում: Արդեն կան գիտական հոդվածներ, որ COVID-19-ի դեպքում թոքային հյուսվածքից վիրուսն անցնում է արյան շրջանառության համակարգ և կարող է ախտահարել արյան անոթները, արյան միջով հասնում է նաև այլ օրգաններ և ախտահարում այդ օրգանների գործունեությունը: Նույնիսկ գիտական կարծիք կա, որ ավելի շատ ախտահարում է արյան անոթները, քան շնչառական հյուսվածքները: Սա էլ վկայում է այն մասին, որ այս վիրուսը նորից տարբերվում է նախկինում մեզ հայտնի վիրուսների վարքագծից, առաջացրած հիվանդությունից և հիվանդացության տեսակներից: Ցավոք, գիտական տվյալները սակավ են, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք ավելի արդյունավետ պայքարել այս վիրուսի դեմ: Այդ պատճառով, հիմնականում, տարբեր երկրներում շեշտը դրվում է կանխարգելման վրա:

Մեր երկրում վիրուսի արագ տարածմանը ի՞նչ գործոններ են նպաստում:

Հայտնի գործոնների մասին կարող եմ խոսել, բայց նկատի ունեցեք, որ կարող են լինել կենսաբանական գործոններ, որոնցից մենք դեռևս տեղյակ չենք: Հայտնի գործոններից է այն, որ համատարած խախտվում են հակահամաճարակային կանոնները: Ավելի անհանգստացնող է, երբ վարակումը տեղի է ունենում մարդաշատ հավաքույթների ժամանակ: Եթե կանոնները պահպանվեն, առավելագույնը կարող է այդ ընտանիքի մեկ-երկու անդամ վարակվել, կամ ամբողջ ընտանիքը: Բայց դա չի կրի այնպիսի զանգվածային բնույթ, ինչպիսին ունենք: Եթե նկատել եք, գյուղական վայրերում թաղումների ժամանակ են լինում վարակման մեծ թվով դեպքեր: Մեծ թվով մարդիկ միասին երկար ժամանակ լինում են նույն տարածքում, և բոլորը խոսում են, շփվում: Այս վիրուսի մասին հայտնի տվյալները խոսում են այն մասին, որ եթե մարդն ավելի բարձր է խոսում, հավանակությունը, որ ինքը կվարակի ավելի մեծ թվով մարդկանց, ավելի է մեծանում: Երբ մարդը երգում է, այդ ընթացքում ավելի մեծ թվով վիրուսային մասնիկներ են արտազատվում, և խիստ մեծանում է ավելի մեծ թվով մարդկանց վարակելու հավանականությունը: Այդպիսի դեպքեր հայտնի են տարբեր երկրներում, երբ երգչախմբի փորձի ժամանակ մարդկանց մեծ մասը վարակվել է:

Հայաստանում հանրային առողջության ցածր մակարդակն արդյոք չի նպաստել վարակակիրների թվի ավելացմանը:

Ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ: Տարիներ շարունակ Հայաստանում առողջապահության ոլորտին հատկացվել է երկրի ՀՆԱ-ի մոտավորապես 1,5 %-ը, և դրա մի չնչին տոկոսն էլ տրամադրվել է հանրային առողջապահության (ՀԱ) գործողություններին: Մենք եվրոպական տարածաշրջանում համարվում ենք չեմպիոն այն իմաստով, որ ամենաքիչ հանրային ռեսուրսն է տրամադրվել առողջապահությանը, քանի որ այն չի համարվել առաջնահերթություն: Դրան ավելացնենք, որ այդ սուղ միջոցներն էլ խիստ անարդյունավետ են ծախսվել տարիներ շարունակ: Սա մեր երկրում, իսկ ընդհանրապես համաշխարհային մակարդակում ՀԱ-ը միշտ անտեսվում է: Դրա համար միշտ ավելի քիչ միջոցներ են տրամադրվում, քան անհրաժեշտ է, քանի որ հաճախ լինում է քաղաքական կամքի պակաս: Քանի որ կառավարությունները սովորաբար ընտրվում են կարճ ժամկետով, ուզում են այնպիսի բաներ անել, որի արդյունքը բնակչությունը շատ արագ կնկատի: Մեծ համարձակություն է պետք, օրինակ, հակածխախոտային միջոցառումներ իրագործելու համար, որպեսզի երկրում մի քանի տարում ծխելու տարածվածությունը նվազի, որը կբարելավի առողջությունը, կնվազեցնի հիվանդացության և մահերի թիվը: Սակայն, դրանք հանրաճանաչությանը նպաստող քայլեր չեն, որովհետև արդյունքը կտեսնեն մի քանի տարի հետո: Սա համաշխարհային մակարդակի խնդիր է: Այս համավարակը բոլոր երկրներին ցույց տվեց, որ անհրաժեշտ է հանրային առողջապահությանը բավարար միջոցներ տրամադրել և ցույց տվեց համապարփակ առողջապահական ծածկույթի կարևորությունը:

Մեր երկրի ունեցած ռեսուրսների համեմատությամբ շատ մեծ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Դեռևս վաղ է ընդհանուր ծավալի աշխատանքների արդյունավետության մասին խոսելը, քանի որ մենք դեռևս գտնվում ենք այս համաճարակի ոչ վերջնական, գուցեև սկզբնական փուլերում, որպեսզի հասկանանք, թե տարբեր երկրներում ինչ գործընթացներ կծավալվեն, և թե ինչպես իրավիճակը կզարգանա: Կցանկանայի համակարգային հետազոտությունների հիման վրա դիտարկել այս հարցը: Ջոնս Հոփկինսի համալսարանի հանրային առողջապահական ֆակուլտետը համարվում է աշխարհում լավագույնը, և նրանց հետ Հայաստանի Ամերիկյան համալսարանը հիմնադրման օրից համագործակցել է: Նրանք 195 երկրների համար հետազոտություն են իրականացրել` 2019 Global Health Security Index, քարտեզագրում են արել, և այդ համապարփակ, բազմագործոն վերլուծության արդյունքում Հայաստանը գտնվում էր 44-րդ հորիզոնականում: Վրաստանը 42-րդ տեղում է այս շարքում, իսկ շատ հարևան երկրներ ավելի ցածր հորիզոնականներում են: Այդպիսի վերլուծությունները ցույց են տվել, որ մեր համակարգը նման խնդիրներին դիմակայելու որոշակի ներուժ ունի: Շատ զարգացած երկրներում վարակի տարածվածությունը և մահացությունը շատ ավելի բարձր են: Հայաստանում մահերի ցուցանիշն այսօրվա դրությամբ 1,6 % է և, եթե նույնիսկ այդ թվին գումարենք մահվան այն դեպքերը, որոնց մասին ասում են՝ ունեցել է վարակվածություն, բայց մահը վրա է հասել այլ հիվանդությունից, լինում է 2,2 %: Ջոնս Հոփկինսի համալսարանի 160 երկրների մահացության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրների մեծ մասում նրանցից շատերն ունեն բարձր եկամուտ և շատ ավելի հզոր առողջապահական համակարգեր, այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է, երբեմն՝ 2-4 անգամ:

Գիտությունը ի՞նչ հիմնական գործոններ է առանձնացնում համաճարակների կանխարգելման և նվազեցման համար, և ի՞նչը մեզ չի հաջողվում:

Համավարակի սկզբնական շրջանում վիրուսի վերաբերյալ բավարար քանակի գիտական տվյալներ չկային: Սկզբում, երբ տարածվածությունն այդքան բարձր չէր, օրինակ՝ դիմակների հետ կապված, կար գիտական տվյալների սղություն: ԱՀԿ-նասում էր, որ բուժաշխատողներից բացի՝ երկրում բժշկական դիմակներ կրեն այն մարդիկ, ովքեր վարակված են և նրանց խնամողները: Դրանից հետո եղան այլ հետազոտություններ, հոդվածներ տպագրվեցին շատ հեղինակավոր պարբերականներում, որոնցիցեն «Nature»-ը, «The Lancet»-ը: Օրերս Քեմբրիջի համալսարանն էր հետազոտություն կատարել, թե հանրային առողջապահական միջոցառումներն, ինչպիսին, օրինակ, դիմակ կրելն է, կարո՞ղ է բերել համաճարակային վիճակի կայունացման: Այս հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե դիմակ կրում են համատարած և ճիշտ ձևով, վարակելու հավանակությունը մոտ 82 %-ով նվազում է: Եթե սոցիալական հեռավորությունը պահում են 1,5-2 մ, այդ դեպքում վարակելու հավանակությունը մոտ 80 %-ով իջնում է: Սրանք նոր հանրայնացված տվյալներ են, և մեր երկիրը կարողացել է ճկուն լինել և փոխել իր քաղաքականությունը գիտական ապացույցների հիման վրա:

Այն երկրներում, որտեղ կա վարակի համայնքային տարածում, երբ մարդը կարող է վարակվել և չիմանալ, թե ինչպես վարակվեց, ԱՀԿ-ն առաջարկում է համատարած դիմակներ կրել, որպեսզի կարողանանք կանխել վարակի տարածումը: Այս պահին ունենք գիտական հիմնավորված տվյալներ, ապացուցողական հիմք՝ եթե այս քայլերը ձեռնարկվում են՝ դիմակ կրել, հեռավորություն պահպանել, ձեռքերն ախտահանել և հաճախ լվացվել, այն զգալիորեն նվազեցնում է վարակի տարածումը:

Համաճարակաբանության մեջ ևս մեկ գործոն կա՝ միջին թիվը, թե ամեն վարակված միջինում քանի հոգու կարող է վարակել: Այդ թիվն այս հիվանդության դեպքում ավելի բարձր է, քան գրիպի դեպքում: Տարբեր թվեր էին շրջանառվում, վերջերս գիտնականները 2-4 թիվն են նշում: Նաև կարծիք կա, որ վարակակիրների 20 %-ն ահռելի մեծ թվով մարդկանց է վարակում, իսկ 80 %-ն՝ ավելի քիչ: Սա դժվարացնում է հաշվարկները, տվյալագետների համար շատ դժվար է ճշգրիտ կանխատեսումներ անել, թե միջինում մեկ վարակակիրը քանի մարդու կարող է վարակել, որպեսզի այդ թիվն իջեցվի 1-ից ներքև:

Հիմա եվրոպական որոշ երկրներում ունեն կայունացում, բայց այսօր բոլոր երկրների նպատակն այն է, որ միջինում մեկ վարակակիրը մեկից քիչ մարդու վարակի: Երկրները չեն կարող մշտապես փակ մնալ: Պետք է նկատի ունենալ, որ երբ տնտեսական անկում է լինում, դա նույնպես բերում է մեծ առողջապահական հետևանքների՝ բնակչությունն ավելի շատ է հիվանդանում: Երկրները պետք է կարողանան ակտիվ տնտեսական գործունեություն ծավալել՝ զուգահեռ ապրելով այս իրականության մեջ: Փակվելը երկարաժամկետ լուծում չէ, երկարաժամկետը կա՛մ պատվաստանյութի հայտնաբերումն է, կա՛մ թիրախային բուժման հայտնաբերումը: Դրանց հայտնաբերումը, զանգվածային արտադրությունը, որ հասանելի լինեն երկրներին, բավականին երկար կտևի:

Այն երկրները, որոնք հայտարարում են, թե իրենց հաջողվել է կանխել համաճարակը, եթե թուլացնեն կանխարգելիչ միջոցառումները, հնարավո՞ր է բռնկումը կրկնվի:

Միանշանակ: Ներկայում բնակչության մակարդակով արվում են հակամարմինների տարածվածության հետազոտություններ: Սակայն, դեռ չկան հստակ պատասխաններ՝ առաջանո՞ւմ է իմունիտետ, թե՞ ոչ, և ինչքա՞ն ժամանակով է առաջանում:

Հետազոտություններ արվում են, որպեսզի հասկանան, թե բնակչության որ տոկոսն է արդեն վարակվածություն ունեցել: Նույնիսկ Իսպանիայում վարակի ամենաբարձր տարածվածություն ունեցող քաղաքներում 14 %-ի էր հասնում: Այսինքն, բոլոր երկրները դեռևս շատ-շատ հեռու են խմբային իմունիտետ ունենալուց, որպեսզի խմբային իմունիտետ առաջանա, տարբեր գիտնականներ 60-70 % ցուցանիշն են նշում: Օրինակ՝ Շվեդիան, որը խիստ միջոցառումներ չէր ձեռնարկել, սպասում էին, որ տարածվածությունը շատ կլինի, սակայն նրանց հետազոտությունն ընդամենը 7 % էր հայտնաբերել: Դա նշանակում է, որ նույնիսկ այսօր, եթե երկիրը հասնի 0 դեպքի, հերիք է, որ այլ երկրից մեկ վարակակիր մտնի այդ երկիր, նույն իրավիճակը կարող է առաջանալ, որովհետև բնակչության մեծ մասը դեռևս չունի իմունիտետ նոր կորոնավիրուսի նկատմամբ: Այդ է պատճառը, որ ոչ մի երկրում չի կարելի վիճակը կայուն համարել: Դրա համար էլ այդ երկրներում շարունակաբար խնդրում են, որ շարունակեն դիմակներ կրել, որպեսզի ոչ մի երկիր կայունության վիճակից դուրս չգա: Այսինքն, ոչ մի տեղ դեռևս հիմնական լուծում գոյություն չունի:

Վերջերս շրջանառվում է մի տեսակետ, ըստ որի՝ առանց ախտանիշի հիվանդացածները խիստ հազվադեպ են վարակ տարածում, համամի՞տ եք:

Այդ մասին ԱՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ անախտանիշ հիվանդները հաճախ չէ, որ տարածում են վարակը: Կարծում եմ, որ սխալ ձևակերպում էր կամ լեզվի սայթաքում: Այսօր հրապարակված հոդվածները բոլորովին այլ բանի մասին են խոսում. Ճիշտ հակառակը, ասում են, որ առանց ախտանիշի մարդիկ վարակը տարածում են, և լուրջ գիտական աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ: Կա մասնագետի սահմանում, թե ինչ է նշանակում առանց ախտանիշ, և կա մարդկանց սահմանումը, թե իրենց պատկերացմամբ ինչ է նշանակում առանց ախտանիշ: Մարդը կարող է չիմանալ, որ ինքն ունեցել է թույլ արտահայտված ախտանիշ: Այսպիսի մեկ անզգույշ նախադասությունը կարող է վատ անդրադառնալ երկրների հակահամաճարակային ջանքերի վրա: Նոր գիտելիքների սով կա, և երբեմն գիտնականները շտապում են մարդկանց մի նոր տեղեկություն հասցնել, դրա արդյունքում վերլուծությունները երբեմն կարող են խորքային չլինել: Սակայն, այստեղ շտապողականությունն այնքան էլ ճիշտ չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter