
Հոսանքի տատանման պատճառով տուժած բաժանորդները փորձության են ենթարկվում․ ՀԷՑ–ի դեմ անզոր են
Հայաստանում տարիներ շարունակ մարդիկ վնասներ են կրում հոսանքի տատանումից, սակայն ոչ բոլորը և ոչ միշտ են համարժեք փոխհատուցում ստանում։ Բազմաթիվ դեպքերում ընդհանրապես փոխհատուցում չեն ստացել։
Ալեքսանդր Թարփոշյանի բնակարանում հոսանքի տատանման հետևանքով վնասվել են էլեկտրական բազմաթիվ սարքեր։ 2019 թ.-ի սեպտեմբերից մինչ օրս նրա կրած վնասը ո՛չ պատշաճ գնահատվել է, ո՛չ փոխհատուցվել։ «Հետք»-ի հետ զրույցում Թարփոշյանը պատմեց, որ նախորդ տարի տան էլեկտրական սարքերը հաջորդաբար խափանվել են, սակայն սկզբում չի պատկերացրել, որ հոսանքի տատանումից կարող է առաջացած լինել։ «Բաքսին սարքել տվեցի, նորից փչացավ, արդեն ստաբլիզատորն (հոսանքի կարգավորիչ) էլ վառեց, այդ ժամանակ մասնագետներն ասեցին, որ տուն մտնող հոսանքի գծերի հետ խնդիր կա»,- ասաց Ալեքսանր Թարփոշյանը։
Դրանից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները եկել, փորձել են խնդիրը հասկանալ։ Պարզվել է, որ շենքի մուտքը սնուցող մալուխներից մեկն է վնասվել, որի նորոգման ժամանակ կրկին հոսանքի տատանում է եղել։ Այդ ամենից հետո անցել է 9 ամիս, սակայն Ալեքսանդր Թարփոշյանի կրած վնասը պատշաճ չի գնահատվել։ ՀԷՑ-ից նրան ուղղորդել են էլեկտրական սարքեր նորոգող մի ընկերություն, որտեղ էլ վնասված սարքավորումների մի մասը փորձել են նորոգել, մի մասը ասել է հոսանքի տատանումից չի վնասվել, որոշ դեպքերում էլ չնչին գումար են առաջարկել վնասը վերականգնելու համար։ Ա․ Թարփոշյանի և ՀԷՑ-ի հաղորդակցությունը կանոնավոր չի եղել, ամիսներ շարունակ բաժանորդը զանգել, դիմումներ է գրել, որոնց ժամանակ առ ժամանակ պատշաճ ընթացք չի տրվել։ Եղել է դեպք, որ նամակով զբաղվող չի եղել։ Բաժանորդի դիմումներին միտումնավոր կամ անփութությամբ փորձել են պատշաճ ընթացք չտալ։
Հոսանքի տատանման պատճառով վնասներ կրած բաժանորդներին ՀԷՑ-ից առաջարկում են դիմել իրենց հետ համագործակցող արհեստանոց։ Երևանի Հրաչյա Քոչար փողոցում գտնվող արհեստանոցը շահագործում է «Մերի Ավոտիսյան» ԱՁ-ն։ Մեր գրավոր հարցերին ի պատասխան ԱՁ-ի տեխնիկական ծառայության պետ Արա Կիրակոսյանը հայտնեց, որ իրենց կազմակերպությունն իրականացնում է լարման շեղման հետևանքով կենցաղային տեխնիկայի վերանորոգման աշատանքներ։ ՀԷՑ-ի հետ համագործակցում են 2016 թ.-ից։
«Ուսումնասիրում ենք տեխնիկան տեղում՝ հասկանալու, թե արդյոք տեխնիկայի վնասման պատճառը լարման շեղման հետևանք է։ Եթե փաստը հաստատվում է, և սարքը վերանորգման ենթակա է, այն վերանորգվում է, եթե վերանորգման ենթակա չէ, ներկայացվում է ՀԷՑ ընկերությանը ֆինանսական փոխհատուցման։ Եթե պարզվում է, որ սարքի խափանումը լարման շեղման հետևանք չէ, այն վերադարձվում է բաժանորդին»,- հայտնել է Ա․Կարապետյանը։
Մենք ի թիվս այլ հարցերի Կիրակոսյանին երկու կարևոր հարց էինք տվել՝ կազմակերպությունը փորձաքննություն իրականացնո՞ւմ է, և կարողանո՞ւմ եք ճշգրիտ պարզել՝ քաղաքացիների էլեկտրական սարքավորումները մատակարարվող հոսանքի որակի անհամապատասխանության հետեւանքով է առաջացել, թե՞ այլ տեխնածին պատճառներից է վնասն առաջացել։ ԱՁ-ից այս հարցերին չեն պատասխանել։
Փոխհատուցման հազարավոր դիմումներ
Մինչ արհեստանոցին դիմելը, գրավոր հարցմամբ դիմել էինք Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ին։ Մի շարք տեղեկություններ էինք խնդրել քաղաքացիներին պատճառված վնասի վերականգման գործընթացի, այդ փուլում նորոգման կետերի և այլնի մասին։ 2020 թ.-ի փետրվարից ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալիա Սարաջյանից, ամիսներ տևած հաղորդակցության արդյունքում, այդպես էլ չստացանք մեր հիմնական հարցերի պատասխանը։ Երեք ամիս անց Նատալիա Սարաջյանը անստորագիր մի նամակով տեղեկություն տրամադրեց վերջին տարիներին ՀԷՑ-ի կողմից վնասի փոխհատուցման մասին։ Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում արտացոլված թվերը փաստում են, որ ՀԷՑ-ի գործունեության ընթացքում բազմաթիվ բաժանորդներ միլիոնավոր դրամների վնասներ են կրում։
2016թ.-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ստացել է 2163 դիմում, որոնցից 28-ը ոչ բնակիչ-բաժանորդներից,
2017թ.-ին՝ 2102, որոնցից 20-ը ոչ բնակիչ-բաժանորդներից,
2018թ.-ին՝ 1749, որից 54-ը ոչ բնակիչ-բաժանորդներից,
2019թ.-ին՝ 2307, որից 114-ը ոչ բնակիչ-բաժանորդներից,
2020թ.-ի առաջին եռամսյակում 423, որից 4-ը ոչ բնակիչ-բաժանորդներից:
Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում, ըստ տարիների, ներկայացված են տրամադրված փոխհատուցման չափերը։ ՀԷՑ-ից ստացված թվերը ցույց են տալիս, թե որքան հաճախ ու ինչ ծավալի հոսանքի տատանումներ են տեղի ունենում։
ՀԷՑ-ի և բաժանորդների իրավունքները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը էլեկտրաէներգիա մատակարարող միակ ընկերությունն է Հայաստանում։ ՀԷՑ-ն ու բնակիչ-բաժանորդները ունեն էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր։ Բացի պայմանագրից, ՀԷՑ-ի և բաժանորդների իրավունքներն ու պարտականությունները սահմանված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից սահմանված՝ էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով (ԷՄՕԿ)։ Այդ ամենից զատ այս ոլորտը կարգավորվում է նաև «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով։ ՀԷՑ-ի և բաժանորդի միջև կնքված պայմանագրում որևէ բառ չկա հոսանք մատակարարող ընկերության բաժանորդին հասցրած վնասի փոխհատուցման մասին։
ԷՄՕԿ-ում էլ ընդամենը արձանագրված է, որ «որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա մատակարարելու համար մատակարարը փոխհատուցում է սպառողի կրած վնասը ՀՀ օրենքով սահմանված կարգով»։ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի 11-րդ կետում նշված է, որ «ԷՄՕԿ-ով սահմանված ժամկետում սպառիչ կերպով պատասխանել սպառողի բանավոր դիմումին` բանավոր, գրավոր դիմումին` գրավոր, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով»: ԷՄՕԿ–ի 75–րդ կետն էլ սահմանում է, որ «մատակարարը սպառողի դիմում-բողոքին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից առնվազն 15 սպասարկման օրվա ընթացքում, եթե առանձին դեպքերի համար սույն կանոններով այլ ժամկետ սահմանված չէ»:
Շատ դեպքերում և հիմնականում սպառողների հետ հաղորդակցության ժամանակ չեն պահպանվում ժամկետները։ Իսկ եթե բանը հասնում է էլեկտրական սարքերի խափանման պատճառը բացահայտելուն, ապա այն կանոնակարգված չէ, և արհեստանոցը, առանց փորձաքննության, հայեցողական կարող է որոշել՝ սարքը խափանվել է հոսանքի տատանումից, թե չէ։ Բաժանորդը անորակ մատակարարման պատճառով վնաս կրելու դեպքում երաշխիք չունի, որ իր կրած վնասը պատշաճ կգնահատվի և կփոխհատուցվի։
Ի տարբերության վերը շարադրվածի՝ բաժանորդի հետ կնքված պայմանագրում և իրավական ակտերում ՀԷՑ-ի իրավունքներն ավելի պաշտպանված են, քան բաժանորդներինը։ Օրինակ՝ եթե բաժանորդը սահմանված ժամկետից ուշ վճարում կատարի սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, ապա հոսանքազրկումը ժամերի հարց է։
Դատական տեղեկատվական համակարգում ՀԷՑ-ի դեմ բնակիչ-բաժանորդների ներկայացրած դատական գործերի վերլուծությունն էլ ցույց է տալիս, որ ՀԷՑ-ը գրեթե միշտ դատարանում հաղթում է։ Չի պարտվում, քանի որ բնակիչ-բաժանորդներն են կրում վնասի առաջացման պատճառն ապացուցելու բեռը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել