HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

4.5 %. ԿԲ-ն այս տարի երրորդ անգամ է իջեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը  

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 16-ին որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5 %:

Կենտրոնական բանկն (ՀՀ ԿԲ) այս տարվա մեջ արդեն երրորդ անգամ է իջեցնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այսօր գլխավոր դրամատունը հայտարարեց, որ այն դարձնում է 4.5 %: Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետևանքով առաջացած տնտեսական դրությունն ու գնանկումն են ԿԲ-ին ստիպել նման որոշում կայացնել։

Այս տարվա ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշում կայացվեց մարտի 17-ին՝ 5.5 %-ից իջնելով 5.25 %-ի։ Հաջորդ ամսվա՝ ապրիլի 28-ի նիստին այն նվազեցվեց ևս 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5 %: Եվ այսօր՝ արդեն երրորդ անգամ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվում է 0.5 տոկոսային կետով։

Հիշեցնենք՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Դա օգնում է բանկերին էժան փողի հարցում և որոշ ժամանակ անց կարող է հանգեցնել նրանց կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազմանը։ Դա էլ իր հերթին նպաստում է վարկերի ծավալների ու սպառման աճին, տնտեսության աշխուժացմանը։

Սակայն վերաֆինանսավորման տոկոսադրույքի դերը նաև չի կարելի գերագնահատել, քանի որ բանկերի տրամադրած վարկերի տոկոսների վրա ազդող բազմաթիվ այլ գործոններ էլ կան։ Տարբեր երկրներում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունները տարբեր ժամանակահատվածում են արձանագրվում։

Այսինքն՝ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնում է այն ժամանակ, երբ տնտեսության ընդհանուր աշխուժացման հարցում խնդիրներ է տեսնում։

Ներկայացված գրաֆիկում ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի դինամիկան է սկսած 2007 թվականից։ Այստեղ կարելի է տեսնել, որ վերջին անգամ այն 4.5 %-ի մակարդակում է եղել հենց 2007 թվականին։

Կենտրոնական բանկը սպասում է, որ Հայաստանում երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի գործոններով:

Նշենք, որ ըստ Վիճկոմիտեի՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 17.2 %-ով։

Նաև գնաճն է ցածր մակարդակում։ Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. մայիսը 2019թ. մայիսի նկատմամբ) կազմել է 1.2 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1 % գնանկում:

«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սպասվում է, որ երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունը կգրանցի իր պատմական ամենամեծ անկումներից մեկը: Ընդ որում, գնահատվում է, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը ընթանում է սպասվածից ավելի դանդաղ տեմպերով, և շարունակվում է պահպանվել համավարակի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունը: Միևնույն ժամանակ հումքային ապրանքների գները ցույց են տալիս կայունացման և վերականգնման որոշ նշաններ՝ պայմանավորված Չինաստանի տնտեսության զգուշավոր լավատեսական սպասումներով: Ակնկալվում է, որ արտաքին հատվածը ՀՀ տնտեսության վրա կշարունակի ունենալ գնանկումային ազդեցություն»,- մեկնաբանում են Կենտրոնական բանկից։

Հայաստանում, ըստ ԿԲ-ի, առաջարկի մասով նվազումը պայմանավորված է հատկապես շինարարության ու ծառայությունների ոլորտում արձանագրված անկմամբ, իսկ պահանջարկի տեսանկյունից անկումը կարտահայտվի հիմնականում մասնավոր ծախսումների կրճատմամբ թե՛ սպառման, թե՛ ներդրումների մասով։

Գլխավոր դրամատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ռիսկերի դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է ըստ անհրաժեշտության ճշգրտել քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Այս հաղորդագրությունից կարելի է ենթադրել, որ չի բացառվում՝ առաջիկայում կրկին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշում կայացվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter