
Հեռավար հաղորդակցում քաղաքացիների հետ
Քաղաքապետ-վարչապետ` 1:0
Վերջին օրերին Մաշտոցի պուրակում ծավալվող իրադարձությունները հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի և քաղաքացի-իշխանություններ հարաբերությունների ուղղակի արտապատկերումն են: Այստեղ է երևում պետության ժողովրդավարականության և իշխանությունների հաշվետվականության աստիճանը, բացեիբաց մատուցվում է ՀՀ քաղաքացու և ՀՀ պետական մարմինների փոխգործակցության առկա մոդելը: Այստեղ ևս մեկ անգամ երևակվում է բազմաթիվ մտավորականների իրական դեմքը, ասել է թե` տարորոշվում է «մտավորական» սահմանման միջին հնչյունը` ըստ քաղաքացիական պայքարի նկատմամբ վերջիններիս արտահայտած դիրքորոշման:
Միևնույն ժամանակ ՀՀ նախագահի ելույթում տեղ գտած դրույթը, թե «պետությունն իր վարած քաղաքականությամբ պետք է դառնա բոլորի հովանավորը` հավասարապես» կյանքի է կոչվում այս պահին Մաշտոցի պուրակում հանուն հանրային սեփականության և իրավահավասարության պայքարող քաղաքացիների կողմից. և որքան էլ զարմանալի չլինի, բայց վերջիններիս չեն միանում ՀՀԿ անդամները, հանդես չեն գալիս հատուկ հայտարարությամբ, չեն ձեռնարկում հստակ և անհապաղ քայլեր` վերոհիշյալ դրույթի կենսագործմանը նպաստելու համար: Ավելին, հանրային կանաչ սեփականության բետոնապատման կողմնակիցները ուշի ուշով հետևում են մի տխրահռչակ, զազրելի գործընթացի, որով ՀՀ կառավարությունը պարտրաստվում է հանրային այգին էլ ճանաչել «բացառիկ` գերակա հանրային շահ»` մի պիտակ, որը վերջին տարիներին քաղաքաշինական ապօրինությունների օրինականացման ամենաարդյունավետ գործիքն է դարձել: Հասարակության բողոքը գնդակի պես ատյանից ատյան ուղարկվեց և կարծես թե լուծումը գտել են` իհարկե, այս անգամ էլ` ոչ ի շահ հանրության: Սակայն սպասենք. այդ ամենը` երկրորդ խաղակեսում:
Մինչ այդ, ամփոփելով առաջին խաղակեսը, կատարենք մի կանի դիտարկում: Քաղաքացիների անձնուրաց պայքարի և արդեն իսկ շուրջօրյա նստացույցի վերածված ակցիայի լույսի ներքո վերաիմաստավորվում են հասարակության առջև «պարզերես» լինելու իր վերջին շանսերը սպառող քաղաքապետի հնչեցրած հայտարարությունները: Մասնավորապես քաղաքապետի այն հայտարարությունը, թե ինքը հերթապահում է Մաշտոցի այգում, մի քանի մեկնաբանության տեղիք է տալիս, եթե հաշվի առնենք, որ այգում մինչ օրս հերթապահել են միայն քաղաքացիական ակտիվիստներն ու ոստիկանության աշխատակիցները.
Մեկնաբանություն առաջին: Քաղաքապետն, իրոք, [անձամբ] հերթապահում է Մաշտոցի պուրակում, որպեսզի այնտեղ ոչ մի աշխատանք չկատարվի (սակայն նրան ոչ ոք չի տեսնում):
Մեկնաբանություն երկրորդ: Քաղաքապետը հերթապահությունն իրականացնում է ոստիկանների միջոցով, ովքեր չնայած օրեր շարունակ երկաթե արգելապատնեշներով «մասնակիորեն խոչընդոտում են պուրակի ճեմուղիներով զբոսնող քաղաքացիների անցուդարձը», սակայն միևնույն ժամանակ նույն պատրվակով փորձում են համոզել ակտիվիստներին այգու տարածքում վրաններ չտեղադրել:
Մեկնաբանություն երրորդ: Քաղաքապետը հոգեպես ակտիվիստների հետ է: Նա հոգով ու սրտով սատարում է նրանց և իր հերթապահությունն իրականացնում է այդպես` հեռավար կարգով:
Մեկնաբանություն չորրորդ: Քաղաքապետը հանձնարարել է, որ աշխատանք չիրականացվի, և այդ հանձնարարությունն ինքնին որակում է որպես «հերթապահություն», սակայն անձամբ չի այցելում այգի:
Մեկնաբանություն հինգերորդ: Քաղաքապետը պուրակի հարցով հերթապահում էր Կառավարության դռների մոտ, որպեսզի խնդիրը ներառվեր մարտի 15-ի նիստի օրակարգում և շուտափույթ լուծում ստանար գերակա շահի փրկարար հնարքի շնորհիվ:
Չնայած տարըմբռնումներ առաջացնող նման հայտարարություններին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն, այնուամենայնիվ, որոշակի առավելություն ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի նկատմամբ, եթե համեմատենք այդ երկու պաշտոնյաների մարտավարությունը կիբերտարածքում: Առավելությունը նրանում է, որ, օրինակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքային էջի պատասխանատուները դեռևս ավելի հանդուրժողական են և տեղադրված հղումներն ու տեղեկությունները «մասնակիորեն են խոչընդոտվում» և դա անում են, ասենք, տարոսիկ հիշեցնող ինչ-որ ծաղկեփնջի նկարների օգնությամբ: Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ քաղաքապետի էջը հավանաբար վերահսկում է երիտասարդ մի օրիորդ, ում թեթև ձեռքով քաղաքացիների կողմից քաղաքապետի պատին տեղադրվող հրատապ ահազանգերը հաճախ ընդմիջվում են ոչ միայն գովասանքի տեքստերով, այլև ռոմանտիկ նկարազարդումներով:
Մինչդեռ վարչապետ Տիգրան Սարգսյանի էջի պատասխանատուները շատ օպերատիվ կերպով խոչընդոտում են քաղաքացիների` նույնիսկ ամենաառարկայական դիմումների տեղադրումը վարչապետի էջում: Այսօր առնվազն մեկ դիմումի հղում փորձեցինք տեղադրել նրա ֆեյսբուքային էջում, սակայն հղումը համառորեն ջնջեցին: Մեզ հետաքրքիր է, թե ի վերջո վարչապետի ֆեյսբուքային էջի մոդերատորները երբ պիտի գլխի ընկնեն, որ բարձրաստիճան պաշտոնյայի էջից հանրության դիմումը «Hide անելը» (թաքցնել) նման է խնդիրն անտեսելու նպատակով գլուխն ավազի մեջ թաքցնելուն և որ նրանք այդպիսով միմիայն վնասում են վարչապետի վարկանշին` ընթերցողի երևակայությունը տեղափոխելով կենդանական աշխարհ:
Եթե կա հստակ դիմում` ուղղված կոնկրետ պաշտոնյայի, ապա նրա կամ նրա ներկայացուցիչների կողմից դրան չանդրադառնալու աննշան թվացող ժեստերն անգամ կարող են ամոթալի արարք համարվել: Անշուշտ, ներողություն ենք խնդրում խոսքը հուզական դաշտ տեղափոխելու և ամոթից խոսելու համար: Մենք գործնական ենք մնում մեր կողմից ցանկացած չինովնիկի ուղղված առարկայական դիմումների, դրանցում արդարացիորեն բարձրացված պահանջների և քաղաքացիական գիտակից գործողությունների շրջանակներում:
Պարզապես ակնկալում ենք ավելի հաշվետու կեցվածք հանրության առջև, ինչը ենթադրում է առնվազն միանշանակ հայտարարություններ մեր չինովնիկների կողմից, ինչպես նաև առավել ընդգծված հարգանք` մեր երկրում օրինականության և քաղաքացիական հասարակության հաստատման համար պայքարող քաղաքացիների անձնուրաց ջանքերի, ինչպես նաև իշխանությունների հետ նրանց երկխոսության քաղաքակիրթ փորձերի նկատմամբ:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանել