HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Յուրաքանչյուր վարչական շրջանում մի քանի մանկապարտեզ կշարունակի գործել. քաղաքապետարանն ու պարետատունը համաձայնության են եկել 

Երևանի քաղաքապետարանն ու պարետատունը համաձայնության են եկել վարչական շրջաններում մի քանի մանկապարտեզի գործունեությունը շարունակելու հարցում։ Այս մասին «Հետքին» հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նշենք, որ երեկ  քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հայտնեց՝ Երևանի քաղաքապետարանը պարետատանն առաջարկել է ժամանակավորապես դադարեցնել Երեւանի մանկապարտեզների աշխատանքը՝ թույլատրելով յուրաքանչյուր վարչական շրջանում կենտրոնացված մեկ կամ երկու մանկապարտեզի աշխատանքy՝ այդ վարչական շրջանի երեխաների համար։

«Հաշվի առնելով, որ վերաբացվելուց հետո համայնքային նախակրթարաններում հաճախելիությունը չափազանց ցածր է (6-7%), ինչպես նաեւ մանկապարտեզների աշխատակազմերում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը ավելանում են, Երեւանի համայնքային իշխանությունը դիմել է ՀՀ պարետին՝ մանկապարտեզների գործունեությունը հունիսի 20-ից ժամանակավորապես դադարեցրելու առաջարկով»,- հայտնել էր Տիգրան Վիրաբյանը։

Մանե Գևորգյանի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանը մեկ-երկու օրվա ընթացքում պետք է ներկայացնի այն ձևաչափը, որով որոշ համայնքներում շարունակելու են գործել համայնքային մի քանի մանկապարտեզները։

«Մեկ-երկու այն մանկապարտեզները, որտեղ հաճախելիությունը մի փոքր ավելի շատ է, հնարավոր է, որոշվի, որ իրենք կշարունակեն գործել»,-ասաց Մանե Գևորգյանը։

Ըստ քաղաքապետի տեղակալի՝ մինչեւ մայիսի 20-ը՝ մանկապարտեզների վերաբացումը, հարցումների արդյունքում ակնկալվում էր, որ հաճախելիությունը լինելու է մինչեւ 30 տոկոս, սակայն վերաբացվելուց հետո առաջին օրերին հաճախելիությունը մոտ 10 տոկոս է եղել, որը այս շաբաթների ընթացքում գնալով նվազել է մինչեւ 6-7 տոկոսի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter