HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տիգրան Ավինյան. «438 ընտանիքի հարց և՛ Ֆիրդուսի թաղամասից, և՛ այլ թաղամասերից, լուծվել է»

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ հանրային գերակա շահ ճանաչված Ֆիրդուսի շենքերի օտարմանն ու նոր շենքերի կառուցմանը: Ավինյանը հիշեցրեց թաղամասի հանրային գերակա շահի ճանաչման նախապատմությունը և ներկայացրեց, թե ինչ է արել գործադիրը հեղափոխությունից հետո: Ավինյանի խոսքով` եղել են ընտանիքներ, որոնց բնակարանային ապահովության հարցն առկախված է եղել «Գլենդել հիլզ» ընկերության սնանկացման հետևանքով:

 «438 ընտանիքի հարց և՛ Ֆիրդուսի թաղամասից և՛ այլ թաղամասերից, լուծվել է, ոմանց տրվել է գումարային փոխհատուցում, ոմանց պատրաստի բնակարան: Գումարային փոխհատուցումները հեղափոխությունից հետո կրկնապատկվել են»,- ասաց նա:

Փոխվարչապետի խոսքով` երկրորդ շահառուն ներդրողներն են, որոնք տարածքի օտարումների համար ներդրել են 70 միլիոն դոլարին համարժեք գումար և նրանց շահերից է բխում նաև, որ գործընթացը հնարավորինս արագ լինի:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հետաքրքրվել էր, թե ինչ է սպասվում այն շենքերին, որոնք ներառված չեն հուշարձանների ցանկում, սակայն պատմական տեսանկյունից մեծ արժեք են ներկայացնում:

Ավինյանն արձագանքեց` կա հանձնարարական, որ պատմամշակութային հուշարձանները պետք է հանվեն օտարման ծրագրից, եթե այդ ցանկում մեկ-երկուսը կան, դրանք էլ կհանվեն:

«Ինչ վերաբերում է այն շենքերին, որոնք կարող են դիտարկվել որպես պատմամշակութային հուշարձան, դրանց վերաբերյալ տեղային լուծումներ փորձում ենք տալ»,- ասաց փոխվարչապետը:

Տիգրան Ավինյանն անդրադարձավ Ֆիրդուսի 80 շենքին, որը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն Կառավարությունը բանակցում է ներդրողների հետ շենքն այդ ծրագրից դուրս բերելու համար:

Ավինյանի խոսքով, սակայն, դա առաջացրել է շենքի բնակիչների դժգոհությունը, քանի որ նրանք ակնկալել են, որ փոխհատուցում կստանան:

«Խնդիրը միակողմանի չէ, եղած նախապատմությամբ Ֆիրդուսի նախագիծը ինչ-որ մի տրամաբանությամբ բոլոր շահերը հաշվի առնելով՝ պետք է առաջ տանել, և կարծում եմ, ընդհանուր առմամբ բալանսավորված լուծումները հնարավոր են»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter