HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Բողոքարկումից հետո «Վեոլիա ջուրը» չեղարկել է բնակչի 47 հազար դրամ տուգանքը

Երեւանի բնակիչ Քնարիկ Առաքելյանին «Վեոլիա ջուր» ընկերությունը տուգանել է մոտ 47 հազար դրամով՝ ջրաչափի անսարքության համար, որն առաջացել է լոգարանի վերանորոգման ժամանակ։ Տուգանքի մասին ծանուցում ստացել է փետրվարին, որի մասին բողոքարկել է «Վեոլիա ջրի» սպասարկման գրասենյակ, որտեղից նշել են՝ կատարվել է վերահաշվարկ, եւ պարտքը կազմել է 44 հազար դրամ։ Քնարիկը ապրիլին նոր նամակ է ուղղել ընկերությանը, որպեսզի վերաճշտեն եւ հստակ նշեն, թե որ հարցում են սխալվել, ինչպես նաեւ ներկայացնեն վերջնական տուգանքի չափ։ Նամակի պատասխանը չստանալով, երեկ վերջինս զանգահարել է «Վեոլիա ջրի» թեժ գիծ, օպերատորը պատասխանել է, որ ընկերությունը վերանայել է բողոքը եւ վերացրել տուգանքը։

«Հետքը» «Քաղաքացիները համաձայն չեն «Վեոլիա ջրի» տուգանքներին․ բողոքարկման միակ կարգը դատարանն է» հոդվածում անդրադարձել է Քնարիկ Առաքելյանի ներկայացրած պատմությանը։ Ըստ նրա՝ լոգասենյակի վերանորոգման ժամանակ զանգահարել են ջրամատակարարող «Վեոլիա ջուր» ընկերությանը, տեղեկացրել վերանորոգման մասին, խնդրել այցելել իրենց, սակայն տեսուչը չի այցելել, այլ խնդրել է ջրաչափի ցուցմունքը ֆիքսել, ապա հանել կնիքը և աշխատանքները շարունակել։

Վերանորոգման ընթացքում առաստաղից քար է ընկել, վնասել ջրաչափը, նույն պահին բնակիչները լուսանկարել են ջրաչափը եւ ուղարկել «Վեոլիա ջուր»։ Քնարիկը պնդում է՝ մի քանի օրից տուն է այցելել «Վեոլիա ջրի» աշխատակիցը, արձանագրել, որ միտումնավոր խախտում չի եղել, ջրաչափը չի փոխել, իսկ 3,5 ամիս հետո՝ այցելության ժամանակ նշել են, որ հաշվիչը պետք է ուղարկել լաբորատորիա՝ փորձաքննության։ Այնուհետեւ բնակիչը ստացել է 47 հազար դրամ տուգանքի վերաբերյալ ծանուցում՝ ըստ որի՝ սարքի տեսողական ցուցիչ սլաքը խախտված է։ 

«Հետքի» հետ զրույցում Քնարիկ Առաքելյանը նշում է, որ հարցի հանրայնացնելու, մի քանի անգամ «Վեոլիա ջուր» նամակներ ուղարկելու շնորհիվ կարողացան առանց դատական հայցի չեղարել տուգանքը։ «Առաջին բողոքարկման ժամանակ միայն 3000 դրամ տուգանքի չափը նվազեցրին՝ վերահաշվարկ անելով, իսկ երկրորդ բողոքարկման ժամանակ ինձ ասացին, որ նամակս ամբողջովին հիմնավոր է, եւ այդ պատճառով էլ չեղարկում են տուգանքը, սա իմ հետեւողական պայքարի արդյունքն է», - խոսքը եզրափակեց Երեւանի բնակիչ Քնարիկ Առաքելյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter