HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Ծառուկյանի պաշտպանի խոսքով՝ նրա վերաբերյալ գործն ապօրինի է քննվում Ազգային անվտանգության ծառայության վարույթում

Դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Ինքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո դատական նիստը շարունակվել է, այն ընդմիջվել է մոտ մեկ ժամ առաջ և կշարունակվի հունիսի 19-ին։

Երեմ Սարգսյանը նշեց, որ իրենց այսօրվա դատական նիստի ընթացքում խոսել են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ գործն ապօրինի է քննվում Ազգային անվտանգության ծառայության վարույթում։

Սարգսյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, թե որ հոդվածով հարուցված քրեական գործը որ քննչական մարմնում պետք է քննվի, և ըստ օրենսգրքի՝ Գագիկ Ծառուկյանին վերագրվող հոդվածով գործերը ենթակա են քննության Հատուկ քննչական ծառայության կողմից։

«Դատախազն իրավունք չունի փոխել նախաքննական մարմինը։ Այստեղ առաջին պահից սկսած ապօրինություն է եղել, և դրան հաջորդող բոլոր գործընթացներն ապօրինի են»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Պաշտպանը նշեց, որ իրենց փաստակներ են ներկայացրել այն մասին, որ տեղի ունեցող գործընթացները ոչ թե իրավական, այլ քաղաքական են։ Երեմ Սարգսյանի խոսքով՝  քրեական գործում առկա փաստաթղթերը, որոնք դրվել են Գագիկ Ծառուկյանի մեղադրանքի հիմքում,  հայտնաբերվել են փետրվարի 5-ին, փետրվարի 6-ին կոնկրետ անձի հարցաքննության ժամանակ, ում անունը Սարգսյանը չտվեց, հարց է ուղղվել, որ այս փաստաթղթերից տպավորություն է ստեղծվում,  թե  ընտրությունների ժամանակ ձայներն են գնվել։ Հարցին պատասխան չի տրվել: Դրանից 4 ամիս անց, երբ Գագիկ Ծառուկյանն արդեն հրապարակավ կարծիք էր հայտնել, որ կառավարությունը պետք է փոխվի, ԱԱԾ-ն հանկարծ հիշել է, որ նույն անձին կրկին պետք է հարցաքննի։

Ըստ պաշտպանի՝ հունիսի 8-ին այդ անձին հարցաքննել են, նոր փաստական տվյալ չեն ստացել, զննել են դեռևս փետրվարին հայտնաբերված փաստաթուղթն ու դրանում այս անգամ հանցագործության հատկանիշներ տեսել։

Սարգսյանը շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գագիկ Ծառուկյանն անհանգստացած է մի շարք քրեական գործերի ընթացքով, այդ թվում՝ ընտրակաշառքների վերաբերյալ։ Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Մանե Գևորգյանի հայտարարության պահին ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործ չի եղել։

Պաշտպանը նաև ասաց, որ պաշտոնատար անձանց ֆեյսբուքյան էջերում առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից, ինչպես նաև ազատությունից զրկելու միջնորդությունները հունիսի 15-ին, ժամը 18:18-ի դրությամբ արդեն մուտքագրված են եղել Ազգային ժողով,  սակայն դրանցում հղում է կատարվել այնպիսի ապացույցի, որը վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել նույն օրը, ժամը 19:00-ին։

«Դրա վերաբերյալ մենք բավականին խորը վերլուծություն ունենք, սա ակնհայտորեն  նշանակում է, որ տարբեր պետական մարմինների միջև եղել են պայմանավորվածություններ»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ այս գործողությունների նպատակը եղել է  այն, որ Ազգային ժողովում հնարավոր լինի հունիսի 16-ի հերթական նիստում քննարկել միջնորդությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter