HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածուները նորից գործարարներն են

«Հետքն» անդրադարձել էր մեծամասնական ընտրակարգով առաջադրվող ՀՀԿ-ի թեկնածուներից մի քանիսին, այժմ ներկայացնում ենք նաեւ մյուսներին: Հնարավոր է ընթացքում փոփոխություններ լինեն, սակայն քիչ հավանական է: ՀՀԿ-ից տեղեկացրին, որ գալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մեծամասնականով առաջադրելու է 33 թեկնածու:

Թիվ 10 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը: Այս ընտրատարածքում է առաջադրվել նաեւ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Թիվ 13 ընտրատարածքից (Էրեբունի, Նուբարաշեն) պատգամավոր ընտրվելու ցանկություն ունի Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով այսօր առաջադրվել է:

Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում առաջադրվելու է «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր, գլխավոր դատախազի մտերիմ Վրեժ Մարկոսյանը:

Նույն մարզի մյուս ընտրատարածքում՝ թիվ 15-ում, ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է Թալինի գործող քաղաքապետ Մնացական Մնացականյանը: Նրա հետ ընտրապայքարի մեջ կմտնի Արագածոտնի մարզի Ոսկեվազի ՕԵԿ-ական համայնքապետ Հայկ Հովհաննիսյանը:

Արարատի մարզի թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը:

Նույն մարզի թիվ 17 ընտրատարածքում պայքարելու է կին թեկնածու՝ Կարինե Պողոսյանը:

Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում առաջադրված է Սեդրակ Սարոյանը՝ գեներալ Սեյրանը; Նրա հետ ընտրապայքարի դուրս կգա նաեւ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):

Մարզի թիվ 20 ընտրատարածքի գործող պատգամավորը Հրանտ Գրիգորյանն է, ով այսօր առաջադրվել է, իսկ թիվ 21-ում պայքարելու է «ՄԱՊ» գործարանի սեփականատեր, պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ):

Գեղարքունիքի մարզի Թիվ 22 ընտրատարածքում ՀՀԿ-ն այս անգամ Տիգրան Արզաքանցյանի փոխարեն առաջադրելու է «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր, պատգամավոր Մանվել Բադեյանը:

Մարզի թիվ 24 ընտրատարածքում առաջադրվելու է ԱԺ պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ)

Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքի ՀՀԿ-ի թեկնածուն Համլետ Հայրապետյանն է:

Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքում պայքարելու է պատգամավոր Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ), իսկ մարզի մյուս՝ թիվ 30 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է մեկ օր առաջ հանրապետական դարձած Վիկտոր Դալլաքյանը:

Լոռու մարզի թիվ 31 ընտրատարածքում առաջադրվելու է պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, իսկ թիվ 32-ում՝ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:

Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքում կրկին առաջադրվելու է «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), իսկ թիվ 34-ում` «Շիրակ» ֆուտբոլային թիմի ղեկավար, գործարար Արման Սահակյանը:

Մարզի մյուս՝ թիվ 36 ընտրատարածքում առաջադրվելու է պատգամավոր Մխիթար Վարագյանը:

Սյունիքի մարզի թիվ 37 ընտրատարածքում նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի փոխարեն ընտրապայքարի դուրս կգա Հայկ Գրիգորյանը, իսկ թիվ 38-ում կրկին կառաջադրվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին՝ պատգամավոր Վահե Հակոբյանը:

Վայոց ձորի մարզի թիվ 39 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է  «Ջերմուկ» հանքային ջրի գործարանի սեփականատեր, պատգամավոր Աշոտ Արսենյանին:

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից ընտրապայքարի է դուրս գալու «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Հրանտ Վարդանյանի ավագ որդին՝ «Մասիս տաբակ» ընկերության համասեփականատեր, պատգամավոր Միքայել Վարդանյանը, իսկ 41-ում՝ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter