HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բյուջեի եկամուտների անկումն արագացել է

Բիզնեսի և ամբողջ տնտեսության անկումը լավագույնս արտացոլվում է պետական բյուջե վճարվող հարկերի վիճակագրության մեջ։ Եթե այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի պետական բյուջե մուտքագրվող հարկերի աճ էր գրանցվում, ապա ապրիլից արդեն անկում սկսվեց։ Մայիսին, ինչպես վկայում են Պետական եկամոտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) հրապարակած նոր տվյալները, անկումը խորացել է։

2020 թվականի մայիսին Հայաստանի պետական բյուջե  հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքը կազմել են 82.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 21.8 մլրդ դրամով կամ մոտ 20.8%-ով։ Ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, անկումը կազմել էր 9.1%:

Օրեր առաջ՝ հունիսի 12-ին, ՊԵԿ-ի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանն ասուլիսին նշեց, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման պայմաններում հաջողվել է հարկային եկամուտների աճ ապահովել։ Նա ներկայացրեց տարվա առաջին հինգ ամիսների ցուցանիշները՝ հունվար-մայիսը։

Հունվար-մայիսի հաշվարկներով, իսկապես, պետական բյուջեի եկամուտների աճ է գրանցվել, սակայն դա դեռևս չի նշանակում, որ կորոնավիրուսի տարածման օրերին հնարավոր է եղել պահպանել հարկերի աճը, քանի որ ապրիլից դրանք անկում են ապրում։

Այսպես, այս տարվա առաջին հինգ ամիսներին միասին՝ հունվար-մայիսին, պետական բյուջե հաշվեգրված հարկերը կազմել են 583.6 մլրդ դրամ, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 12.5 մլրդ դրամով կամ 2.2%-ով։

Ասուլիսի օրը՝ հունիսի 12-ին, Պետական եկամուտների կոմիտեն դեռևս մայիսի ցուցանիշն առանձին չէր հրապարակել, սակայն ինչպես և ենթադրում էինք, հունվար-մայիսի աճն ապահովվել է հունվար-մարտի շնորհիվ, իսկ ապրիլ-մայիսին արդեն անկում ունենք։ Հիշեցնենք, որ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել այս տարվա մարտի 16-ից։ Արդեն մարտի երկրորդ կեսից սկսած՝ բիզնեսը վնասներ է կրում։ Այդ վնասներն ավելի են մեծացել ապրիլին ու մայիսին։

Ինչպես կարող եք տեսնել ստորև գտնվող գրաֆիկում, այս տարվա հունվարին և մարտին ավելի շատ հարկ է հավաքագրվել, քան նախորդ տարվա նույն ամիսներին։ Իսկ փետրվարին հարկերի ցուցանիշը գրեթե նույն մակարդակում է եղել նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Նոր կորոնավիրուսի ազդեցությունն արդեն երևում է ապրիլի ու մայիսի ցուցանիշներում։ Դատելով տնտեսության ու բիզնեսի ներկա իրավիճակից՝ լավագույն սցենարների դեպքում այդ անկումը առնվազն մինչև այս տարեվերջ կշարունակվի։

Թե' ապրիլին, թե' մայիսին անկում է գրանցվել հարկատեսակների մեծ մասի գծով՝ ինչպես ավելացված արժեքի հարկի, այնպես էլ եկամտային հարկի, մաքսատուրքերի և այլն։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Հայաստանի պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներն ու պետական տուրքը կազմել են 1 տրլն 464.3 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ աճել է 206.2 մլրդ դրամով կամ 16.4%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter