HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազը 7 տարի ազատազրկում պահանջեց Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի համար

Դատախազությունը 7 տարի ազատազրկում է պահանջում Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի համար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվեց Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործի քննությունը, որի ընթացքում դատախազ Աբգար Առաքելյանը մեղադրական ճառ ասաց:

Առաքելյանը դիրքորոշում հայտնեց, որ դատաքննությամբ հաստատվում է, որ Հայկ Սարգսյանը կատարել է իրեն վերագրվող արարքները, դատարանին միջնորդեց նրան մեղավոր ճանաչել ու դատապարտել 7 տարի ազատազրկման:

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին վերագրվում է երկու արարք՝ սպանության փորձ և ապօրինի զենք-զինամթերք պահելը: Առաջին հոդվածի վաղեմության ժամկետը դեռևս չի անցել, իսկ զենք-զինամթերքի հոդվածի դեպքում անցել է, այսինքն՝ մեղադրյալի համաձայնության դեպքում նրա նկատմամբ զենք-զինամթերքի հոդվածով քրեական հետապնդումը մեղադրական հիմքով կարող է դադարեցվել, ինչին, սակայն, Հայկ Սարգսյանը դեմ է:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ և այս մասին բարձրաձայնելով՝ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներում:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Սարգսյանը դեպքի օրն իրենց առանձնատան նկուղային հարկում եղել է Դավիթ Սիմոնյանի և ևս մեկ անձի` Արթուր Սիմոնյանի հետ, որտեղ մարիխուանա տեսակի թմրամիջոց օգտագործելուց հետո Սարգսյանը քնել է բազմոցին՝ ձեռքին պահելով մարտական վիճակի բերված ատրճանակը: Քիչ անց Դավիթ Սիմոնյանը թմրամիջոցի հետագա օգտագործման չափաբաժնի շուրջ վիճաբանել է Արթուր Սիմոնյանի հետ, և ձայներից արթնացած Հայկ Սարգսյանը, Դավիթ Սիմոնյանին կյանքից զրկելու դիտավորության մասին բարձրաձայնելով, կրակել է վերջինիս որովայնին:

Հայկ Սարգսյանը նախաքննության ընթացքում գտնվում էր կալանքի տակ, սակայն գործը քննող դատավորը, այն վարույթ ընդունելիս, անդրադառնալով խափանման միջոցի հարցին՝ 50 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատել էր կալանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter