
Վիրավորելու համար 5 միլիոն, զրպարտության` 10 միլիոն դրամ փոխհատուցում. Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ցանկանում է սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկել, վիրավորանքի դեպքում մեկ միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:
Ալեն Սիմոնյանը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում:
Նույն հոդվածը սահմանում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.
- Հրապարակայնորեն ներողություն խնդրել:
- Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը:
- Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.
- Եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:
- Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
Նախագծի հիմնավորումներում հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումներից մեկին, ըստ որի՝ քաղաքացիական ծառայողները, որոնք նշանակված են պաշտոնում, ինչպես և քաղաքական գործիչները, ենթարկվում են առավել լայն քննադատության, քան մասնավոր անձինք:
Եւ, որպես հիմնավորում, նշվում է այն, որ նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել` խստացնել, խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները:
«Նման կարգավորումը միտված է պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը, կեղծ զրպարտչական և (կամ) վիրավորական արտահայտություններից: Խոսքի արտահայտությունն ընդունելով որպես բարձրագույն արժեք ժողովրդավարական հասարակությունում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փաստել, որ այն բացարձակ իրավունք չէ, և կարող է սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության նպատակով»,-ասված է նախագծում:
Ըստ ԱԺ փոխխոսնակի` խոսքի ազատության սահմանափակումը կարող է լինել իրավաչափ, եթե այդ սահմանափակումը պաշտպանում է որևէ անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, եթե այդ սահմանափակումը սահմանված է օրենքով, և եթե այդ սահամանափակման դեպքում նախատեսված պատասխանատվությունը համաչափ է ժողովրդավարական հասարակության չափանիշների տեսանկյունից:
Նշվում է նաև, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:
Ըստ նախագծի հեղինակի` ներկայում բավականին լայն տարածում է գտել համացանցի միջոցով անձանց կարծիքն ազատ արտահայտելու համար անհիմն վիրավորելը, բացառություն չէ նաև անձանց հրապարակային զրպարտելու ինստիտուտը:
Ըստ հիմնավորման` լրագրողը պարտավոր է հրաժարվել այնպիսի տեղեկատվության հրապարակումից, որը չի համապատասխանում իրականությանը, սպեկուլյատիվ բնույթ ունի, լրիվ չէ ու ունի առևտրային ուղղվածություն:
Նախագծի համաձայն` առաջարկվող փոփոխությունները կապահովեն լրացուցիչ երաշխիքներ անձանց արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:
Լրացված 14:40
«Իմ քայլը» խմբակցության նիստից հետո Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր հեղինակած նախագծին:
«Այսօր Հայաստանում տիրում է մի իրավիճակ, երբ բոլորն իրենց թույլ են տալիս անպատասխանատու հայտարարություններ անել և վիրավորանքներ հնչեցնել: Ես կարծում եմ` խստացնելով գոյություն ունեցող հոդվածը, կկարողանանք ինչ-որ չափով կանխել տեղեկատվական դաշտում տիրող… չգիտեմ՝ ինչ բառ օգտագործեմ, որը այսօր կա»,-ասաց նա:
Սիմոնյանի խոսքով` հանրությունը ևս վրդովվում է այդ ամենի պատճառով, քանի որ մոլորության մեջ են հայտնվում:
«Այս պահի դրությամբ՝ չորս դատական հայց ունեմ ներկայացրած: Կարծում եմ` բոլոր խմբակցությունները պետք է սատարեն այս նախաձեռնությանը»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:
Լրագրողի դիտարկմանը, որ առաջարկվող փոփոխություններով ԶԼՄ-ների համար նախատեսվող փոխհատուցման չափը ևս ավելանալու է զրպարտության կամ վիրավորանքի համար, արդյոք նախագիծը քննարկվել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ, Սիմոնյանն արձագանքեց.
«Մենք խոսում ենք զրպարտության և վիրավորանքի մասին, եթե ԶԼՄ-ն մտածում է, որ վիրավորանքի ու զրպարտության հետ կապված հարցն իր հետ պետք է քննարկվի, ուրեմն ենթագիտակցաբար դրանով զբաղվում է: Եթե ԶԼՄ-ն նորմալ ԶԼՄ է, ընդհանրապես որևէ մտածելու բան չունի»,-ասաց նա:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել