HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոլորակի կանաչ ապագայի արժեքը 3 տրիլիոն դոլար է. պատրա՞ստ է արդյոք Երկիր մոլորակը գլոբալ տաքացման կանխմանը

Աշխարհում կորոնավիրուսի պատճառով կարանտինային կենսապայմանների տարածումը կտրուկ կրճատել է ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ, սակայն գլոբալ տաքացումը շարունակվում է: Որպեսզի կանգնեցվի երկրագնդի ջերմացումը, մեկանգամյա ճգնաժամային անկումը անհրաժեշտ է դարձնել համակարգային։ Այդ մասին զգուշացնում են միջազգային կազմակերպությունները և հաշվարկում հնարավոր ծրագրի արժեքը, որը կազմում է 3 տրիլիոն դոլար։ «BBC»-ն փորձել է ուսումնասիրել առաջարկվող նախագիծը։

Աշխարհն ստացել է պատմական շանս մեկընդմիշտ և առհավետ համաշխարհային տնտեսությունը դնել մաքուր ռելսերի վրա։ Եթե նախկինում տնտեսության վերակառուցման համար չէր բավարարում փողն ու քաղաքական կամքը, ապա ներկայումս կա և՛ մեկը, և՛ մյուսը։ Ճգնաժամի դեմ պայքարելու համար՝ աշխարհի խոշորագույն երկրների կառավարությունները հատկացրել են մեծ չափի  գումարներ (շուրջ 10 տրիլիոն դոլար)։ Եթե ճիշտ ծախսվեն այդ գումարները, ապա հնարավոր է խուսափել ոչ վաղ անցյալի կրկնությունից, երբ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո կրճատված արտանետումները ոչ միայն վերադարձան նախկին մակարդակին, այլև սկսեցին աճել ռեկորդային տեմպերով։

Այդ պահից աշխարհն ընդունել է, որ պետք է պայքարել գլոբալ տաքացման դեմ, և գրեթե բոլոր երկրներն ստորագրել են արտանետումների կրճատման Փարիզի համաձայնագիրը։ Համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո՝ դրա նպատակները դարձան առավել ստվերային, մինչև COVID-19 կորոնավիրուսի համավարակը։ Հարուստ երկների իշխանությունները հատկացրել են տրիլիոններ տնտեսության աշխուժացման համար և խոստացել «կանաչ» վերականգնում։ 

Վերականգնումն իրականացնելու համար փորձագետները մշակել են գործողությունների պլան, թե տարեկան 1 տրիլիոն դոլարը որ ուղղություններով պետք է ներդնել այնպես, որ երեք տարվա ընթացում ջերմոցային գազերի արտանետումները կրճատվեն նախորդ տարվա համեմատ 15 %-ով, իսկ գործարար ակտիվությունն աճի լրացուցիչ 1 %-ով։ Արդյունքում համաշխարհային տնտեսության ծավալները կլինեն 3,5 % ավելի մեծ, քան առանց «կանաչ ներդրումների»։

Էներգետիկ միջազգային գործակալությունը և Արժույթի միջազգային ֆոնդը, որոնք հանդիսանում են նախագծի մշակողները, նշում են, որ միանգամայն հնարավոր է միաժամանակ և խթանել տնտեսական աճը, և ստեղծել միլիոնավոր աշխատատեղեր, և աստիճանաբար կրճատել արտանետումների ծավալները։

Ի տարբերություն նախորդ ճգնաժամի, ներկայումս ամեն ինչ ընթանում է հօգուտ կանաչ հեղափոխության։ «Գործերի ներկայիս դրությունը իշխանություններին եզակի հնարավորություն է տալիս։ Համեմատած 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամի հետ, մաքուր էներգետիկայի ավանդական տեխնոլոգիաները ներկայումս ավելի հասանելի և էժան են»,- նշում են նախագծի հեղինակները։

Վերականգնե՞լ հինը, թե՞ կառուցել նորը

Նախորդ տարվա վերջին ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու և մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումը մեկ ու կես աստիճանի սահմաններում պահելու համար, համեմատած նախաարդյունաբերական մակարդակի հետ, առաջիկա տասնամյակներին արտանետումները տարեկան պետք է կրճատվեն 7,6 %-ով։ Կորոնավիրուսն այդ խնդիրը լուծել է մարդկանց փոխարեն։ Այս տարի կրճատումը կկազմի հենց այդ ցուցանիշի սահմաններում։ Սակայն դրա արժեքն ընդունելի չէ ոչ մարդկության, ոչ էլ քաղաքական գործիչների համար։ Միլիոնավոր մարդիկ դարձել են գործազուրկ, տասնյակ միլիոնավոր մարդիկ պահպանել են աշխատանքը միայն պետական օգնության և հատկացումների հաշվին, որոնք անվերջ չեն կարող լինել։

Արտանետումների կրճատման նախագծի դեմ արտահայտվողները նշում են, որ աշխատատեղերի վերականգնման ամենակարճ ուղիղ վերականգնել այն ամենը, ինչ կար 2020 թվականի սկզբին, այլ ոչ թե մեծացնել հատկացվող գումարների չափը։ Գիտնականները, փորձագետները և բնապահպանները նշում են, որ մեկը մյուսին չեն խանգարում։

Նախագիծը խոստանում է տարեկան ստեղծել 9 միլիոն աշխատատեղ։ Տարբեր տնտեսագետների գնահատականներով մոտավորապես այդքան աշխատատեղ անվերադարձ կկորցնի Եվրոպական Միությունը, երբ կավարտվի զբաղվածության հակաճգնաժամային օգնությունը։ Այդ մարդիկ կկարողանան աշխատանք գտնել տնտեսության նոր կանաչ ճյուղերում, եթե իշխանությունները ներդրումներ անեն արտանետումների կրճատման ուղղությամբ։ IEA-ն առանձնացնում է երեք հիմնական ճյուղ. բնակարանի վերասարքավորում՝ դրանց էներգաարդյունավետության բարձրացման համար, էլեկտրացանցերի կառուցում և վերականգնվող էներգետիկա:

Տնտեսության մաքուր վերածնունդն այդքան էլ թանկարժեք չի լինի։ Նախորդ ճգնաժամի ժամանակ բիզնեսի վերականգնման ծախսերի մոտ 15 %-ն է ներդրվել կանաչ տեխնոլոգիաների մեջ։ Եվ չնայած արտանետումները ամեն դեպքում աճել են, այդ խթանները արդյունքում հանգեցրել են վերականգնվող էներգետիկայի և մյուս մաքուր արտադրությունների արագընթաց զարգացման։ Դրա վառ օրինակը Իլոն Մասկի «Tesla» ընկերությունն է, որը նման հաջողությունների է հասել ի շնորհիվ կանաչ տեխնոլոգիաների։

IEAN-ն խոստանում է, որ եթե ներկայումս ներդրվի խոստացված երեք տրիլիոն դոլարը, ապա ընդհանուր ծախսերում առկա մասնաբաժինը կլինի նույնը, սակայն կկրճատվեն արտանետումները։ Սա լուրջ նախադրյալ է տեխնոլոգիական նոր զարգացման համար։ Այդուհանդերձ, իշխանությունները չեն շտապում հատկացումներ անել բնապահպանության ոլորտին։ Նրանք ունեն այլ առաջնահերթություններ. գործազրկության աճ, բիզնեսին հասցված մեծ հարված, հիվանդանոցներում դեղորայքի, սարքավորումների և անձնակազմի խիստ պակաս։

«Bloomberg» գործակալությունը հաշվարկել է, որ աշխարհի 50 խոշորագույն տնտեսությունների կողմից խոստացված մոտ 12 տրիլիոն դոլար օգնությունից միայն 60 միլիարդ դոլարը (0,5 %) կհատկացվի բնապահպանական նախաձեռնություններին։ Դրա երկու երրորդը կծախսեն գերմանացիները։

Թանկարժեք հաճո՞ւյք, թե՞ շահավետ ներդրում 

Տարեկան մեկ տրիլիոն դոլարը համեմատաբար մեծ գումար չէ։ Այն համաշխարհային ՀՆԱ-ի 1 %-ից մի փոքր ավելին է։ Քանի որ ներդրումները կազմում են համաշխարհային տնտեսության մոտ մեկ քառորդը, կամ մոտ 23 տրիլիոն դոլար, խոսքը գնում է այն մասին, որ ներդրումների ընդամենը 4 տոկոսն ուղղվի գլոբալ տաքացման կանխարգելմանը։ Եվ պարտադիր չէ, որ դրանք լինեն նոր գումարներ։ Դրանց մի մասն արդեն ծախսվում է վերականգնվող էներգետիկայի, արտանետումների կրճատման և էներգախնայողության վրա։ Այլ բառերով խոսքը գնում է ոչ թե ընկերությունների և երկրների բիզնես նախագծերի մասշտաբային վերանայման մասին, այլ միայն չնչին փոփոխությունների, որոնք կնպաստեն արտանետումների կրճատմանը։ 

Օրինակ, հին ավտոբուսների վերանորոգման, գազալցակայանների կառուցման կամ էլեկտրականության վճարման համար մարդկանց սուբսիդիաների տրամադրման փոխարեն, նույն գումարժները կարելի է ծախսել քաղաքային տրանսպորտի էլեկտրականացման, արևային մարտկոցների և ջերմամեկուսացման համակարգերի գնման վրա դոտացիաներ տրամադրելուն։ IEA-ի նախագծի իրականացման համար տարեկան երեք տրիլիոն դոլար հատկացումներն իրականացվելու են ընկերության մասնավոր բյուջեից և քաղաքացիներից, իսկ պետական ներդրումներին (պետական գնումներ, բյուջեից սուբսիդիաներ) բաժին է հասնում միայն 30 %-ը։ Այսինքն, հակաճգնաժամային պետական օգնության ծախսերը կլինեն ավելի քիչ։

Որպեսզի մարդկանց, քաղաքական գործիչներին և բիզնեսին դրդեն վերանայել կենսական առաջնահերթությունները, պետք է համապետական, իսկ ավելի լավ է միջպետական նախաձեռնություններ և ֆինանսական օգնություն։ Առաջնամարտիկի դերում հանդես է գալիս Եվրամիությունը, որը պետությունների միավորման աշխարհի խոշորագույն սուբյեկտն է (450 միլիոն բնակչություն) և ծավալներով աշխարհի երկրորդ տնտեսությունը՝ Միացյալ Նահանգներից հետո։

Եվրամիությունը խոստացել է ճգնաժամի համար հատկացնել տրիլիոնավոր եվրոներ և հույս ունի այդ գումարներով միանգամից վերակառուցել տնտեսությունն ու դառնալ մաքուր տեխնոլոգիաների առաջատարներից մեկը։ Այդուհանդերձ, նախագիծը դեռ քննարկման փուլում է և 27 անդամ երկրների մոտ չկա միասնական տեսակետ։

Հետաքրքրական է, որ բնապահպաններն արդեն իսկ դժգոհ են։ Եվրոպական «Greenpeace» միջազգային հասարակական կազմակերպությունը մեղադրել է քաղաքական գործիչներին ընկերություններին զիջումներ անելու համար, որոնք իրենց բիզնեսն իրականացնում են օրգանական հանածո վառելիքի միջոցով։ Բնապահպանները ուսումնասիրել և վերլուծել են հակաճգնաժամային միջոցառումները, այնտեղ գտել սպառնալիքներ կանաչ ապագայի համար և ԵՄ-ին կոչ արել վերացնել այդ խնդիրները։

«Իշխանությունների մեջ քիչ են այն մարդիկ, որոնք մտահոգված են, որ բյուջետային և մոնետար հակաճգնաժամային միջոցառումները վտանգ են հանդիսանում կլիմայի համար։ Դա անխոհեմ է և վտանգավոր։ Տրիլիոնավոր եվրոները, որոնք հատկացվել են կորոնավիրուսի դեմ պայքարի համար, կարող են հակառակ ազդեցություն ունենալ, որի արդյունքում կավելանան արտանետումները և կկրճատվեն կենսական նշանակություն ունեցող կանաչ ներդրումները»,- նախազգուշացրել են կազմակերպության ներկայացուցիչները։

Լուսանկարը՝ KAMILPETRAN / ISTOCK / GETTY IMAGES PLUS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter