
Ինչ փոփոխություններ են առաջարկվում դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է դպրոցի տնօրենի ընտրության ընթացակարգում փոփոխություններ կատարել։
Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի միասնական կայքում։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է դպրոցի սովորողներին, մանկավարժական և ծնողական խորհուրդներին մասնակից դարձնել տնօրենի ընտրության գործընթացին, քանի որ «Հանրակրթության մասին» օրենքով նրանք հանդիսանում են ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներ:
Նախատեսվող փոփոխությամբ՝ դպրոցի տնօրենի հավակնորդը հանդիպելու է սովորողների հետ զարգացման ծրագիրը կազմելու համար, իսկ մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկելու են իրենց խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ: Եթե տնօրենի մրցույթի հավակնորդը չներկայանա քննարկմանը, չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:
Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվելու է քվեարկություն։ Մրցույթի անցկացման ժամանակ քվեարկության այդ արդյունքները պարտադիր են տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար։ Անդամները պարտավոր են լինելու քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին, իսկ քվերակության թեկնածու խորհրդների կողմից չընտրելու պարագայում՝ խորհրդում առաջադրած անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ:
Բացի այդ, դպրոցի տնօրենն ընտրվելու է բաց քվեարկությամբ՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կարծիքով՝ այս փոփոխությունը կբացառի մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից կառավարման խորհրդում առաջադրված անդամների ուղղորդման կամ ճնշումներ գործադրելու հավանական փորձերը և առավել թափանցիկ, պատասխանատու կդարձնեն քվեարկության գործընթացը:
Նոր փոփոխությամբ՝ տնօրենի ընտրությանը նաև կարող է մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը։ Ներկայացուցիչը մրցույթին մասնակցելու է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին, 1 աշխատանքային օրվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել մրցույթի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն:
Նոր փոփոխությամբ՝ տնօրենի ընտրության ընթացքը պետք է ձայնագրվի։ Նշենք, որ նախկինում խորհրդին տրվել է հայեցողական իրավունք, որը, ըստ նախարարության, հաճախ դարձել է բողոքարկման համար հիմք: «Մրցույթի ընթացքն արձանագրվում և ձայնագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը ձայնագրվում է, իսկ ձայնագրությունը պահպանվում է ուսումնական հաստատությունում»,-հայտնել է Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը։
Առաջարկվող փոփոխությամբ նաև հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը, տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը չի հրապարակի զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ) հնգօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ։ Հայտարարությունը կհրապարակվի azdarar.am և կրթության կառավարման պետական լիազորված մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ մարզպետարանի կամ քաղաքապետարանի պաշտոնական կայքերում։ Նախարարությունը ընդգծել է, որ ռադիոյով, հեռուստատեությամբ կամ մամուլով հրապարակելը ուսումնական հաստատության համար ֆինանսական հավելյալ միջոցների առկայություն է պահանջում: «Ներկայում շահագրգիռ անձիք հիմնականում իրենց անհրաժեշտ տեղեկտավությունը ստանում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքից (escs.am)»,-ընդգծել է Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մեկնաբանել