HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գառնառիճի նորաստեղծ էկո հյուրատան տերը կորոնավիրուսի պարտադրած փակուղուց դուրս գալու ելքեր է փնտրում

«Մայիսից պիտի հյուրեր ընդունեի, ձմռան ընթացքում ահագին ամրագրումներ էին եղել, սակայն կորոնավիրուսի պատճառով ամբողջը չեղարկվեց»,- պատմում է Արմեն Իգիթյանը:

Գառնառիճ գյուղում կավից ու ծղոտից պատրաստված էկո հյուրատան կառուցման գաղափարի հեղինակ Արմեն Իգիթյանի՝ գյուղական տուրիզմի միջոցով Շիրակի մարզի հյուսիսն առավել ճանաչելի դարձնելու ծրագրերը ժամանակավորապես հայտնվել են փակուղում: «Հետք»-ն անցած տարի նոյեմբերին անդրադարձել էր նոր կառուցվող հյուրատանը: Մեր այցելության ժամանակ 2 հատվածից բաղկացած էկո տան միայն մի հատվածն էր ամբողջացած, և Արմենը հույս ուներ զբոսաշրջիկներին ընդունելուն զուգահեռ ավարտել նաև երկրորդ հատվածի շինարարական և կահավորման աշխատանքները:

«Ձմռանը զանգեր եղան, գրեցին, մարդիկ ցանկություն ունեին գալ հանգստանալ, բայց այդ ժամանակ էլ ջրի խողովակներն էին սառել, ու մինչև գարունը չեկավ, եղանակները մինչև մի փոքր չտաքացան՝ խնդիրը չլուծվեց: Մարտ ամսին, երբ վիրուսի հետ կապված արտակարգ դրություն հայտարարվեց, մտածում էի, թե մի երկու ամսից երևի կվերադառնանք բնականոն կյանքին, սակայն մինչեւ հիմա փաստացի ոչ արտակարգ դրությունն է հանվել, ոչ հիվանդությունն է նահանջել,-նկատում է զրուցակիցս,- անցած տարի՝ շինարարությունը նախաձեռնելիս, շատ էի ոգևորված, մեծ հույսեր ունեի, որովհետև գոնե Գյումրու մակարդակով վերջին 2 տարում տուրիստական բում էր, բայց մի քանի ամսում աշխարհը «շուռ եկավ»:

«Շուռ եկած» աշխարհում ոտքերի վրա ուղիղ կանգնելու համար Արմենին հարկավոր էր ոչ միայն դրամական միջոց, այլև՝ լավատեսություն ու հավատ ապագայի նկատմամբ: Խոստովանում է` եղել է մի պահ, երբ ցանկացել է ամեն ինչ վաճառել ու հեռանալ երկրից: Սակայն ամեն ինչ փոխվել է, երբ հունիսի սկզբին, երկօրյա իրենց հանգիստը Արփի լճի ափին անցկացնելու հայտ են ներկայացրել ռուս ամուսիններ, մեկ շաբաթ անց էլ՝ 4 անձից բաղկացած մեկ հայ ընտանիք: Սա դրական ազդակ էր, և «կորոնավիրուսից հետո էլ կյանք կա» սթափեցնող միտքը ստիպել էր Արմենին ձեռնամուխ լինել հյուրատան երկրորդ հատվածն ավարտուն տեսքի բերելու աշխատանքներին:

Արմենին օգնում է կինը՝ Աիդան, որ երկու փոքրիկ աղջիկների հետ Գյումրիից տեղափոխվել է Գառնառիճ: Հյուրընկալման առաջին փորձերը հաջող են անցել: Աշխատել են գյուղական բարիքներով ու սեփական ձեռքերով պատրաստած քաղցրեղենով գոհացնել այցելուներին:

Աիդան զրուցում և միաժամանակ նախաճաշի սեղան է պատրաստում՝ ավելացնելով մուրաբաների տեսականին, թեյի սպասքին զուգահեռ մի անկյունում դասավորելով սուրճի բաժակները, վարսակի փաթիլների համար նախատեսված կաթը, թխվածք, կտրատած միրգ և հյութ: «Կարող ենք նաև խաշած ձու առաջարկել կամ ձվածեղ պատրաստել, կամ փլավի որևէ տեսակ, դեռ լավ չենք կողմնորոշվում, որ այցելուները շատանան, գուցե մենք էլ արդեն մեզ համար հստակ որոշակի ցանկ ունենանք առաջարկվող ուտելիքի»,- նկատում է զրուցակիցս:

Արմենն անցած տարի, առանց թունաքիմիկատների ու պարարտանյութի, կարտոֆիլ է մշակել տնամերձում: Հավատացնում է, որ հրաշալի բերք է ստացել՝ անմահական համով: Ծրագրում է Գառնառիճի էկո տուն այցելողներին, հնարավորինս մաքուր սննդամթերք մատակարարել: Անցած տարի 4 հորթ էր գնել և մի քանի ոչխար: Այս տարի փորձել է դիմել Կառավարության կողմից գյուղատնտեսությանը տրամադրվող զրո տոկոսադրույքով վարկավորման ծրագրերին՝ տնտեսությունը մեծացնելու նպատալով, սակայն առայժմ անարդյունք:

«Բոլորս ենք հասկանում, որ տուրիզմը՝ որպես եկամտի աղբյուր, ամենակայունը չէ, ու դա ապացուցվեց՝ վիրուսով պայմանավորված, երբ փակվեցին սահմանները, մտցվեցին սահմանափակումներ: Դրա համար էլ մտածեցի զուգահեռ գյուղատնտեսությամբ զբաղվել: Դիմեցի 8 մլն դրամ վարկավորման համար, բայց որպես գրավ՝ տուն ուզեցին քաղաքում, էն դեպքում, որ ես կարող էի գրավադրել հյուրատան շենքը և երկու մեքենա, Գյումրիում ես իմ անունով տուն չունեմ: Ինձ բանկից ասին, թե պիտի մեքենաներն իրենց մոտ թողնեմ, բայց էդ դեպքում մեքենաները կծախեմ, էլ վարկ ինչու՞ եմ վերցնում,- տարակուսում է Արմենը,- դե, որ էդ մեծ վարկը չեղավ, ապրիլի 21-ին դիմեցի 1 մլն դրամ վարկ ստանալու համար, մեկ ամիս անց եկան բանկից տնտեսությունս նայեցին, ու արդեն հունիսի 16-ն է` պատասխան չկա՝ ոչ դրական, ոչ բացասական»:

Արմենն ասում է, որ մտադիր է, եթե վարկը հաստատվի, փոքր թռչնաֆաբրիկա սարքել՝ հավ, սագ, հնդկահավ բուծելու նպատակով: Սա հնարավորություն կտա հյուրատան կարիքների համար ոչ թե գնել, այլ սեփական տնտեսությունից մատակարարել ձուն ու թռչնամիսը, իսկ ավելցուկը՝ վաճառել: Ֆերմերական տնտեսության ձեւավորումը լավագույն հնարավորությունն է նաև ֆորսմաժորային պայմաններում տուրիզմի բացերը լրացնելու:

«Գառնառիճցիները դեռ վատ են պատկերացնում, թե ով և ինչպես կարող է օգուտ քաղել տուրիզմից: Էս պահին երկու հոգի գյուղում հյուրատան կառուցման գործով են զբաղված, սակայն ոչ մեկը չի մտածում, օրինակ՝ նորմալ խանութ կամ պանդոկ բացելու մասին: Իհարկե, մրցակցությունը լավ բան է, դա չի թողնում, որ լճանաս, անընդհատ նոր բաներ ես մտածում, որ տարբերվես, բայց էս ոլորտում էլ, փաստորեն, մարդիկ գնում են նույն ճանապարհով, ինչ գյուղատնտեսության մեջ, եթե բոլորը հեկտարներով կարտոֆիլ են ցանում, ուրեմն մի բան գիտեն, բերեք ես էլ ցանեմ»:

Ի՞նչը կարող է այսօր հրապուրել զբոսաշրջիկին ու ստիպել հասնելու Շիրակի մարզի հյուսիս-արեւմուտք` Գյումրուց մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Գառնառիճ գյուղ: Արմենի համոզմամբ, նախ մաքուր օդը, վիրուսով պայմանավորված՝ մեկուսացման լավագույն հնարավորությունը բնության գրկում, Արփի լճի հարևանությունը, թռչնադիտարկման, ձկնորսության հնարավորությունը և այլն:

«Ես մտադիր եմ նաև վրանատեղի պատրաստել էն մարդկանց համար, ովքեր չեն ուզում հյուրատանը մնալ, նաև արհեստական լճակ, որտեղ կարող են ջրային հեծանիվ քշել, ձուկ որսալ: Գյուղում մեկ ձիատեր կա, ում հետ պայմանավորվել եմ, որ վճարի դիմաց ձիով զբոսանք կազմակերպի: Քանի որ տունը հեռու է գյուղից, անգամ իմ սեփական տնից, սա շատ լավ հնարավորություն է հանգստացողի համար բացառել նաև օտար շփումները,- նկատում է Արմենը,- հիմա փորձում եմ տան դիմացի հատվածն ավարտուն տեսքի բերել, որ երեկոյան դրսում հանգստի տեղ ունենամ, նաև յոգայով զբաղվողները կարողանան պարապել»:

Շիրակի մարզի հյուսիսում տուրիստական ամառը շատ կարճ է տևում, ձմեռային տուրիզմն ավելի շահեկան է դառնում, եթե տարին ձնառատ է: Արմենի հաշվարկով, Գառնառիճում հնարավոր է զբոսաշրջիկին հյուրընկալել մայիսից սեպտեմբեր և ձմռան երեք ամիսներին: Այս տարին, զբոսաշրջային առումով, մեծ հույսեր չի ներշնչում, մնում է հավաքել լավատեսության պաշարն ու սպասել հաջորդին:

Մեկնաբանություններ (2)

Մելանյա
հյուրատնային. բիզնես
Սուրեն
Արդեն քանի դեպքի եմ հանդիպում, երբ բանկերը անհեթեթ պատճառաբանություններով մերժում են կառավարության ծրագրերով տրվելիք վարկերի հայտերը: Կարծում եմ կա որոշակի դիտավորությու: Իսկ Արմեն Իգիթյանը՝ կեցցե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter