HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության գործողությունները հակասահմանադրական են

Ոստիկանությունը մթության քողի տակ բիրտ ուժ է կիրառել Մաշտոցի պուրակի խաղաղ
ցուցարարների նկատմամբ

Սույն թվականի մարտի 14-ին' երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ, մթության քողի ներքո, ֆիզիկական ուժ է կիրառել Մաշտոցի պուրակում իրենց արդարացի բողոքն արտահայտող և միևնույն ժամանակ խաղաղ նստացույցի մասնակիցներիս հանդեպ' շրջափակելով վրանի տարածքը, քանդեցին և պատռեցին այն և բռնություն գործադրելու միջոցով' վրանում գտնվող ակցիայի մասնակիցներիցս մեկի նկատմամբ, առգրավվեց վրանը և վրանի մեջգտնվող բոլոր իրերը' քնապարկերն ու ծածկոցները, հագուստ, ակտիվիսներից մեկի ակնոցը, անձնական պայուսակը և բաճկոնը: Ոստիկանական անօրինական, բիրտ ևպատժիչ գործողություններն իրականացվել են մթության վրա հասնելուն պես և հանկարծակի՝ առանց նախազգուշացման:

Հետաքրքիրն այն է, որ ՀՀ ոստիկանությունն այս սցենարն արդեն նախապես ուներ, ավելին` ուներ նաև հրահանգ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելու, քանզի ժամը 21.15-ից Մաշտոցի պուրակում ոստիկանների թիվն անհամեմատ ավելացավ, որն անհանգսություն առաջացրեց մեզ մոտ, թե դա ինչով էր պայմանավորված, սակայն մեր հարցին, ոստիկանության ուժերը ղեկավարող պաշտոնատար անձինք պատասխանեցին, որ ոստիկանները փոխարինում են միմյանց: Միևնույն ժամանակ, քամահրանքով դիմեցին մեզ' «էս ինչ ուտելիքներ ու խմելիքներ եք հավաքել, տնավորվել եք»:

Այնուհետև, այդ պահին, «Մետելիցա» սրճարանի անմիջապես ձախ կողմում, կրպակների հետնամասում 2-3 արական սեռի ոմն երիտասարդներ, բարձր գորգոռացին,որպեսզի մեր ուշադրությունը շեղեն, և 100-ից ավելի ոստիկաններ վազեցին դեպի մեր վրանի կողմը, փոխանակ պարզելու, թե այդ ովքեր էին, որ հասարակական կարգը խախտում էին միմյանց վրա գորգոռում և հայհոյում էին հասարակական վայրում:

Չէ որ ոստիկանությունը կոչված է հասարակական կարգը պաշտպանելու համար, այլ ոչ թե իմիտացիոն բնույթ կրող գործողությունների: Սույն դեպքը, թույլ է տալիս մեզ' քաղաքացիական հասարակության սուբյեկտներիս, արձանագրելու, որ ՀՀ ոստիկանությունը դիմել է ամենաէժանագին և ստոր քայլի, երբ բեմադրություն կազմակերպելով հարձակվում է խաղաղ հավաքի մասնակիցների վրա, երբ նրանց թիվն անհամեմատ քիչ էր, քան ոստիկանների թիվը:

Մենք վրանը տեղադրել ենք 13.03.2012թ. նստացույցը սկսելու մասին հայտարարության օրը, որը, ըստ ՀՀ Սահմանադրության կրում է օրինական բնույթ և չի խախտում որևէ օրենք և այլոց իրավունքներ: Սակայն, ինչպես տեսնում ենք, հանդիպեցինք ՀՀ ոստիկանների բռնի գործողություններին: Նրանք պնդում են, որ մենք իրավունք չունենք վրաններ տեղադրելու:
Ու զավեշտալին այն է, որ այս քայլին ՀՀ ոստիկանությունը դիմում է այն դեպքում, երբ Մաշտոցի պուրակում' հանրային կանաչ տարածքում ՀՀ օրենսդրության պահանջների բացահայտ խախտումներով կառուցվել և տեղադրվել են բուտիկներ:

Մենք արձանագրում ենք, որ մեր նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում' երբ իր սահմանադրական իրավունքն իրականացնող և բողոքը նստացույցի միջոցով արտահայտող մարդուց ցուրտ գիշերով, առանց նախազգուշացնելու խլում են ցրտից պաշտպանվելու համար նախատեսված վրանը, նրան թողնելով դրսում սառելու, ինչ է դա, եթե ոչ խոշտանգում:

Մենք բղավում էինք, որ վրանում մարդ կա: Այդ երիտասարդը հազիվ հասցրեց դուրս գալ, նա նույնիսկ չհասցրեց վերցնել իր ակնոցներն ու հագնել կոշիկները: Ոստիկանները նաև հրեցին մի լրագրողի, ով իր աշխատանքն էր կատարում պուրակում:

Այդպիսով ՀՀ ոստիկանությունը դիմել է հակասահմանադրական գործողութունների՝ դառնալով գործիք Մաշտոցի պուրակում ապօրինի շինարարությունը պաշտպանելու համար: Ոստիկանության գործողություններն ուղեկցվել են քաղաքացիական համազգեստով աշխատակիցների սադրիչ քայլերով, ովքեր վեճ հրահրելով, շեղել են հավաքի մասնակիցների ուշադրությունը վրանի տեղահանմանն ուղղված հարյուրավոր ոստիկանների բռնության գործադրմամբ գործողությունից:

Ոստիկանականության այս բռնարարքը վկայում է ՀՀ ոստիկանության կողմից նախկին բռնատիրական անցյալին հատուկ աշխատելաոճի կիրառման և ՀՀ Սահմանադրության բացահայտ և անամոթաբար ոտնահարման մասին: Հավաքի մասնակիցների հանդեպ բռնությունը ի ցույց է դնում նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կրկին վտանգված է սահմանադրական կարգը, ինչի համար պատասխանատու են ՀՀ իշխանությունները' ի դեմս երկրի նախագահի, քաղաքական իշխանության և իրապահ համակարգի պատասխանատուների:

Ոստիկանական բռնությունից հետո ՀՀ ոստիկանությունը կամայական և սուբյեկտիվ հայտարարություն է տարածել դեպքի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Բռնության մասին լուրին արձագանքելով՝ Մաշտոցի պուրակում հավաքի մասնակիցների թիվը եռապատկվել է: Քաղաքացիները որոշել են, չնայած ոստիկանության նենգ ու բռնի գործողություններին, շարունակել անժամկետ նստացույցը և պատասխանատվության կանչել անօրինականություն իրականացնողներին:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` Մաշտոցի այգու պաշտպանների անունից հայտարարում ենք.
մենք՝ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներս շարունակելու ենք մեր խաղաղ բողոքի ակցիաներն այնքան ժամանակ, մինչև որ կապամոնտաժվեն անօրինական կառույցները Մաշտոցի հանրային զբոսայգուց:

Դիմում և պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀ ոստիկանության պետին Մաշտոցի պուրակում հերթապահող ոստիկանների և նրանց գործողությունները ղեկավարող պաշտոնատար անձանց նկատմամբ անհապաղ իրականացնել ծառայողական քննություն և պատասխանատվության կանչել անօրինական հրաման արձակող և կատարող անձանց:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
15.03.2012թ.

Մեկնաբանություններ (1)

seda
Lav el arel en vostikanner@,da irenc ashxatanqn e. u joxovurd@ inch uzuma ani.uzuma amisnerov aygum qni.ete voroshel en krpakner karucel uremn kkarucen.izur tox iranc chkotoren.mek e vochinch chi poxvi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter