HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպանն ասում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել՝ առանց անձեռնմխելիության երաշխիքները հաղթահարելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը՝ տեղեկացնելով, որ դատարանի որոշումը կհրապարակվի հունիսի 23-ին։

Աբրահամ Մանուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալը կազմակերպելու մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդել է նրան կալանավորել։

ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում, որով անցում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Մանուկյանը ձերբակալվել է, պաշտպան Հրանտ Անանյանը ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել, որը բավարարվել է։ Մանուկյանն այս պահին ազատ է։

Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մանուկյանի մեղադրանքի հիմքում մեկ անձի ցուցմունք է դրված, ով մինչև հունիսի 8-ը 4 կամ 5 անգամ այլ բովանդակությամբ ցուցմունքներ է տվել։

«Սկսած հունիսի 8-ից՝ «երջանիկ անսպասելիությամբ» այդ անձը սկսել է քրեական հետապնդման մարմինների համար ցանկալի ցուցմունքներ տալ»,- ասաց Հրանտ Անանյանը։ Խոսքը 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի մասին է։

Ըստ Անանյանի՝ թեև Մանուկյանի մեղադրանքի հիմքում դրվել են նաև որոշ փաստաթղթեր՝ դրանք անստորագիր են, A4 ֆորմատի թղթի վրա, դրանցում նշում է արված, որ Պողոսյանը Աբրահամ Մանուկյանից 35 մլն դրամ գումար է վերցրել։ Ըստ պաշտպան Անանյանի՝ որևէ նշում չկա, թե որպես ի՞նչ է տրվել այդ գումարը, իր պաշտպանյալը դրա նպատակի մասին տեղյակ եղել է, թե՞ ոչ, արդյոք իմացե՞լ  է այդ գումարի՝ ընտրակաշառք լինել-չլինելու մասին։

«Այս անձը (նկատի ունի Վազգեն Պողոսյանին, հեղ․) նշում է, որ չի հիշում՝ ինչպես, երբ, բայց ստացել է գումար, որը նախատեսված են եղել օրինական նպատակներով և գումար, որը նախատեսված է եղել ընտրակաշառքի համար, և չի նշում, որ միայն Աբրահամ Մանուկյանից է գումար ստացել, հայտնում է մեծ մասամբ այլ անուններ, ասում է, որ փաստաթղթերի մեջ առկա է, թե ումից ինչքան գումար է վերցրել»,- ասաց Հրանտ Անանյանը։

Պաշտպանի խոսքով՝  Աբրահամ Մանուկյանը չի ընդունում, որ գումար է տվել կամ մասնակցել որևէ անօրինական պրոցեսի, չի բացառում, որ ինչ-որ մեկի խնդրանքով այդ անձին գումար փոխանցած լինի, բայց հանգամանքները չի հիշում․ կարևորություն չի տվել դրանց։

Նշենք, որ Աբրահամ Մանուկյանը ԲՀԿ-ի ցուցակով պատգամավոր է եղել 2003-2017 թվականներին, այսինքն՝ մինչև ԱԺ հինգերորդ գումարման նստաշրջանի ավարտը։ Պաշտպանն ասում է, որ դրանից հետո իր պաշտպանյալը որևէ կապ չի պահել կուսակցության հետ։

Ըստ Անանյանի՝ նման պայմաններում, երբ, փաստացի Մանուկյանը որևէ կապ չունի կուսակցության հետ, նրան կալանավորելը ինքնանպատակ է, առկա չէ գործի քննությունը խոչընդոտելու ռիսկ։

Պաշտպանը դիրքորոշում հայտնեց, որ Աբրահամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդման գործընթաց է սկսվել՝ առանց անձեռնմխելիության երաշխիքները հաղթահարելու։ Մեր դիտարկմանը, որ Մանուկյաննն այս պահին պատգամավոր չէ, և հետևաբար, նաև անձեռնմխելի չէ, Անանյանը պատասխանեց, որ Մանուկյանին արարք է վերագրվում, որը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, կատարվել է այն ժամանակահատվածում, երբ նա եղել է պատգամավոր։

«Եթե անձին արարք ես վերագրում, որն, ըստ մեղադրանքի, կատարվել է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում, անձեռնմխելիության երաշխիքները գործում են՝ անկախ նրանից՝ պաշտոնավարման ժամկետն ավարտվում է, թե՞ ոչ, եթե դրա մասին հատուկ վերապահում չկա։ Տվյալ դեպքում դրա մասին հատուկ վերապահում չկա»,- ասաց Հրանտ Անանյանը։

Վերջինս նշեց, որ առկա է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում անձեռնմխելությամբ օժտված այլ անձի, ավելի կոնկրետ՝ դատավորի վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ պաշտպանի՝ դատավոր նկատմամբ լիազորությունների ավարտից հետո քրեական հետապնդում է սկսվել դատավոր եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ արարքի համար, և Վճռաբեկ դատարանն այս առնչությամբ դիրքորոշում է հայտնել, որ անձեռնմխելիությունը պետք է վերաբերի պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված դեպքերով քննությանը՝ անկախ նրանից, որ անձի լիազրությունները դադարեցված են։

Անանյանը նաև նշեց, որ Աբրահամ Մանուկյանը 60 տարեկան է, ունի հիվանդություններ, և Հայաստանում տարածված կորոնավիրուսի համավարակի պայմաններում գտնվում է խոցելի խմբում։

«Միջին ծանրության հանցագործությունով Աբրահամ Մանուկյանին կալանավորելն ինքնանպատակ է կամ առնվազն այլ նպատակ է հետապնդում»,- ասաց Հրանտ Անանյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter