HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը․ արդյոք հնարավոր է խուսափել դրանից

Կորոնավիրուսի համավարակի ավարտը դեռևս չի երևում։ Կան երկրներ, որտեղ հիվանդության նոր դեպքերի թիվը բավականին բարձր է, իսկ այն երկրներում, որտեղ հնարավոր է եղել իրավիճակը դարձնել կառավարելի, իշխանությունները մտավախություն ունեն կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման վերաբերյալ։ «BBC»-ն փորձել է հասկանալ, թե արդյոք վտանգավոր կլինի կորոնավիրուսի երկրորդ ալիքը, և հնարավոր է արդյոք խուսափել դրանից։

Մեկ դար առաջ «իսպանական գրիպի» համավարակի երկրորդ ալիքն ավելի մեծ թվաքանակով մարդկանց կյանքեր է խլել, քան առաջին ալիքը։ Մեծ Բրիտանիայի համալսարանների վիրուսաբանները կարծում են, որ COVID-19-ի համավարակի երկրորդ ալիքի հնարավորություն միանշանակ կա։ Իսկ որքանո՞վ է այն վտանգավոր։

Ի՞նչ է երկրորդ ալիքը

Մի պահ պատկերացնենք ծովի ալիքները։ Վարակվածների թիվն աճում է, այնուհետ կրկին նվազում։ Այդպիսի յուրաքանչյուր շրջափուլ կորոնավիրուսի «ալիքն» է։ Ուորիքսի համալսարանի վարակիչ հիվանդությունների մաթեմատիկական մոդելավորման մասնագետ Մայք Թիլդեսլին նշում է, որ ինչքան էլ տարօրինակ լինի, համավարակի ալիքի միասնական գիտական սահմանում գոյություն չունի։ Նա նշում է, որ «ալիք» տերմինին երբեմն տրվում են կամայական մեկնաբանություններ։ Ոմանք, ալիք ասելով, հասկանում են տվյալ շրջափուլում վարակվածների թվի աճն ու անկումը, բայց հաճախ դրանք առաջին ալիքի սահմանների անհարթություններն են։ Այդպիսի իրավիճակ ներկայում առկա է ամերիկյան մի քանի նահանգներում։

Որպեսզի հայտարարվի ալիքի ավարտի մասին, իշխանությունները պետք է վիրուսի տարածումը հսկողության տակ պահեն և հասնեն նոր դեպքերի գրանցման էական կրճատման։ Երկրորդ ալիքի սկզբի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ նկատվի նոր դեպքերի կայուն աճ։ Նոր Զելանդիան, որտեղ 24-օրյա դադարից հետո գրանցվել են վարակման առաջին դեպքերը և Պեկինը, որտեղ 50-օրյա դադարից հետո գրանցվել է կորոնավիրուսի նոր բռնկում, չեն գտնվում երկրորդ ալիքի փուլում։

Սակայն որոշ գիտնականներ պնդում են, որ ներկայում Իրանում տեղի ունեցող զարգացումները և կորոնավիրուսի վարակակիրների կտրուկ աճը միանգամայն համապատասխանում են երկրորդ ալիքի չափանիշներին։

Արդյոք երկրորդ ալիքը սպառնու՞մ է Մեծ Բրիտանիային

Պատասխանը 100 %-ով կախված է մարդկանց և իշխանությունների որոշումներից։ «Ինձ թվում է, ներկայում մեր առջև ծառացած է հսկայական անորոշություն և անկեղծ ասած, դա ինձ խիստ անհանգստացնում է»,- նշում է Մայք Թիլդեսլին։ Մեծ Բրիտանիայում երկրորդ ալիքի հավանականություն, բնականաբար, առկա է։ Վիրուսը նախկինի նման տարածվում է, իսկ դրա ազդեցությունը և հնարավոր հետևանքները ոչնչով պակաս չեն, քան տարվա սկզբին։ Առկա տվյալների համաձայն՝ բրիտանացիների մոտ 5 %-ն է հիվանդացել կորոնավիրուսով, և որևէ երաշխիք չկա, որ նրանք բոլորը ձեռք են բերել իմունիտետ։

«Փաստերը ցույց են տալիս, որ բնակչության մեծ մասը նախկինի պես գտնվում է վարակման ռիսկի տակ։ Մեծ հաշվով, եթե մենք հիմա չեղարկենք սահմանափակող միջոցառումները, կվերադառնանք այն վիճակին, ինչն առկա էր այս տարվա փետրվար ամսին։ Ամեն ինչ կսկսվի նորից»,- նշել է Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի գիտնական, համաճարակաբան Ադամ Կուչարսկին։

Ի՞նչ գործոններ կարող են հանգեցնել երկրորդ ալիքին

Պատասխանը մեկն է․ կարանտինային միջոցառումների չափից դուրս մեղմացումը։ Սահմանափակումների ռեժիմը դարձել է ամբողջ աշխարհում մարդկանց կենսակերպի լրջագույն փոփոխման պատճառ։ Աճել է գործազրկության մակարդակը, խախտվել է կրթական գործընթացը, կորոնավիրուսը ֆիզիկապես և հոգեբանորեն ազդել է մարդկանց առողջության վրա։ Սակայն այդ միջոցառումները հնարավորություն են տվել որոշակիորեն վերահսկել և սահմանափակել վիրուսի տարածումը։

«Ամենաբարդ խնդիրն այն է, թե ինչպես պետք է պահել վերահսկողությունը՝ նվազեցնելով մարդկանց սովորական կենսակերպի վրա դրա կործանիչ ազդեցությունը»,- կարծում է Կուչարսկին։

Որևէ մեկը հստակ չգիտի, թե ինչ չափով կարելի է մեղմացնել կարանտինային միջոցառումները։ Հենց այդ պատճառով էլ Մեծ Բրիտանիայում սահմանափակող միջոցառումները հանվում են աստիճանաբար, և միաժամանակ ներդրվում են վերահսկողության նոր միջոցներ։ Օրինակ՝ դիմակների կրումը և վարակվածների հետ կոնտակտի մեջ գտնվող անձանց մոբայլ հսկողությունը։

«Մեծ Բրիտանիայում և հարևան երկրներում նոր բռնկումները կարող են շատ արագ լինել, եթե կարանտինը հանվի այնպես, որ դրանից հետո վիրուսի հետագա տարածման նկատմամբ վերահսկողությունը դառնա անհնարին»,- մեկնաբանում է Կուչարսկին։ Այդ տենդենցը ներկայում նկատվում է Գերմանիայում։ Այնտեղ վերջերս կորոնավիրուս է հայտնաբերվել սպանդանոցի 650 աշխատակիցների մոտ։

Խնդիրը չի ահագնանա, եթե իշխանությունները կարողանան արագորեն բացահայտել հիվանդության տարածման օջախները, որի արդյունքում առանձին հատվածներում կհայտարարվի կարանտին, որն էլ իր հերթին կկանխի վիրուսի հետագա տարածումը։ Արագ արձագանքման բացակայության պարագայում այդպիսի բռնկումները կհանգեցնեն կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքին։

Հարավային Կորեան, որն աչքի էր ընկնում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությամբ, ստիպված սահմանափակող միջոցառումներ է սկսել կիրառել այն բնակավայրերում, որտեղ հայտնաբերվել են վարակի նոր օջախներ։

Արդյոք երկրորդ ալիքը նման կլինի՞ առաջին ալիքին

Պատասխանը մեկն է․ եթե ինչ-որ մի բան այնպես չընթանա։ Վիրուսի վերարտադրության ինդեքսը (R), այսինքն մարդկանց միջին թիվը, որին մեկ վարակակիրը փոխանցում է վիրուսը, համաճարակի սկզբում հավասար էր երեքի։ Դա նշանակում էր, որ վիրուսը բավականին արագ է տարածվում։ Սակայն մեր վարքագիծը փոխվեց, մարդիկ պահպանում են սոցիալական հեռավորությունը, և այս իրավիճակում դժվար է պատկերացնել, որ R-ը նորից այդքան կաճի։

«Աշխարհի ոչ մի երկրում չի լինի այնպիսի դեպք, երբ կարանտինը ուղղակի վերջանա, և բոլորը վերադառնան բնականոն կյանքին։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ վիրուսի տարածումը հնարավոր չեղավ վերցնել վերահսկողության տակ, ինչպես օրինակ՝ Հնդկաստանում և Բրազիլիայում, վերարտադրության ինդեքսը չի հասնում երեքի»,- վստահ է Կուչարսկին։

Եթե վարակված դեպքերի թիվը նորից սկսի աճել, ապա, ամենայն հավանականությամբ, այդ աճը կլինի համեմատաբար դանդաղ։ Մյուս կողմից, երկրորդ ալիքը տեսականորեն կարող է առավել մասշտաբային լինել, քան առաջինը, այն պատճառով, որ այդքան մարդ շարունակում է մնալ վարակված։ «Սակայն եթե վարակակիրների թիվը կտրուկ սկսի աճել, մենք նորից կկարողանանք մտցնել սահմանափակումներ, որպեսզի կանգնեցնենք երկրորդ ալիքի վտանգը»,- կարծում է Մայք Թիլդեսլին։

Ե՞րբ կլինի երկրորդ ալիքը

Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի գիտնական, համաճարակաբան Ադամ Կուչարսկիի կարծիքով՝ լոկալ բռնկումները կարող են ի հայտ գալ կարանտինային միջոցառումների թուլացումից հետո՝ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Սակայն սա դեռևս հիմք չէ երկրորդ ալիքի համար։ Իր հերթին Մայք Թիլդեսլին նշում է, որ եթե կարանտինային ռեժիմը խիստ կրճատվի, ապա երկրորդ ալիքը կարող է սկսվել օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին։

Ձմեռը կարող է դժվարին լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սովորաբար կորոնավիրուսներն արագ տարածվում են տարվա ցուրտ ամիսներին։ Ձմեռային ամիսներին նույնիսկ ամենափոքր բռնկումը կարող է նոր ալիքի պատճառ դառնալ։ Նոթինգհեմի համալսարանի վիրուսաբան, պրոֆեսոր Ջոնաթան Բոլը նշում է, որ գարունն իրավամբ օգնեց մարդկությանը, սակայն երկրորդ ալիքը ուղղակի անխուսափելի է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ առնվազն հինգ ամիս անց սկսվում են ցուրտ ամիսները։ Գիտնականը վստահ է, որ իշխանությունների գլխավոր խնդիրն է հասնել նրան, որ հիվանդության պիկը չծանրաբեռնի առողջապահական համակարգը։

Կդառնա՞ արդյոք վիրուսը պակաս վտանգավոր

Տեսություններից մեկի համաձայն՝ ժամանակի ընթացքում վիրուսները թուլացնում են իրենց հզորությունը։ Դրանք շարունակում են նույն կերպ տարածվել, սակայն կրճատվում է մահացության ցուցանիշը։ Նույնիսկ ՁԻԱՀ-ը ժամանակի ընթացքում թուլանում է։

«Որևէ երաշխիք չկա, որ դա ուղղակի մի քանի վիրուսաբանների «ծույլ» տեսությունն է»,- կարծում է պրոֆեսոր Բոլը։ Բացի այդ, վիրուսի հավանական թուլացման գործընթացը կարող է տևել բավականին երկար ժամանակ։ Ներկայիս համավարակը ձգվում է շուրջ կես տարի և չկան որևէ հստակ գրավականներ, որ վիրուսի տարածումը կդանդաղի։

Լուսանկարը՝ Tayfun Coskun/Anadolu Agency via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter