HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Դատախազն իմաստազրկել է դատավորի անձեռնմխելիության ինստիտուտի բովանդակությունը»․ ինչու՞ է կարճվել Դավիթ Գրիգորյանի գործը

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղադրվել է Դատավոր Դավիթ Գրիգորյանի և վերջինիս նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատավոր Դավիթ Բալայանի որոշումը։

Հիշեցնենք, որ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող  դատավոր Դավիթ Գրիգորյանի և դրան օժանդակելու մեջ մեղադրվող դատավորի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով՝ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում։

2020 թվականի մայիսի 21-ին, երբ դատավոր Գրիգորյանի և վերջինիս նիստերի քարտուղարի գործը դատավոր Դավիթ Բալայանի վարույթում էր, դատարան է մուտքագրվել մեղադրյալների պաշտպաններ Երվանդ Վարոսյանի և Հունան Բաբայանի միջնորդությունը՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնելու մասին։ Միջնորդության մեջ պաշտպանական կողմը համոզմունք է հայտնել, որ դատարանը վերը նշված որոշումը պարտավոր է կայացնել առանց դատաքննության․ Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներն առաջին ատյանի դատարանին նման հնարավորություն ընձեռում են։

2020 թվականի հունիսի 1-ին դատարան է մուտքագրվել պաշտպան Երվանդ Վարոսյանի գրությունը, որով վերջինս նշել է, որ մայիսի 23-ին, դատարանում ծանոթանալով քրեական գործի վերջին հատորի նյութերին, պարզել է, որ գործին կցված չէ գլխավոր դատախազի որոշումը, որով վերջինս մերժել է պաշտպանների բողոքը՝ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու քննիչի որոշման դեմ։ Գլխավոր դատախազի այս որոշումը կցվել է գործին։ Ուսումնասիրելով նյութերն, այդ թվում՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերը նշված որոշումը՝ դատարանը գտել է, որ քրեական գործի վարույթը ենթակա է կարճման ու մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցման, և դա հնարավոր է առանց դատաքննության։

Դատարանը որոշման մեջ դատավարական բնույթի էական խախտումներ է արձանագրել

Դատարանը որոշման մեջ մատնանշել է դատավարական բնույթի այն էական խախտումները, որոնք հիմք են հանդիսանում մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու եզրահանգման գալու համար: Այսպես՝

Քրեական գործի նախապատմությունից դատարանի համար ակնհայտ է, որ գործը հարուցվել է առանց դատավոր Դավիթ Գրիգորյանի անձեռնմխելիության արգելքը հաղթահարելու

Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ հաղորդում է տվել քաղաքացի Սերգո Փանոսյանը։ 2019 թվականի փետրվարի 18-ին Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով  քննիչ Խորեն Մեջլումյանը քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Հետագայում Փանոսյանը բողոքարկել է որոշումն ու գլխավոր դատախազը 2019 թվականի հունիսի 28-ին վերացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշումը։ Կայացվել է պաշտոնեական կեղծիք կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին որոշում։

Դատավոր Դավիթ Բալայանն իր կայացրած դատական ակտում նշել է, որ  փետրվարի 18-ին քրեական գործ հարուցելը մերժելու որոշում կայացնելիս քննիչ Մեջլումյանը հաստատված է համարել, որ խոսքը վերաբերում է դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ենթադրյալ կեղծիք կատարելու դեպքի բացակայությանը: Ընդ որում, նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչը դիմել է դատավորին՝ նրանից բացատրություն ստանալու ակնկալիքով, իսկ հետագայում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը ուղարկել է դատավորին` նրա աշխատանքի վայրի հասցեով՝ պարզաբանելով նաև որոշման բողոքարկման կարգը և ժամկետները։

Դատարանն անձանագրել է նաև, որ գլխավոր դատախազի որոշումը՝ քննիչի կայացրած որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին, վերաբերում է հենց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առիթով քրեական գործի հարուցմանը, ըստ որում՝ դատախազը, քրեական գործ հարուցելով հիմնավոր է համարել դատավորի արարքում հանցակազմի տարրերից առնվազն մեկի առկայությունը: Այս հանգամանքն, ըստ դատավոր Դավիթ Բալայանի, գալիս է հիմնավորելու, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ թեև ոչ ձևական (փաստաթղթային), սակայն բովանդակային (գործնական)  իմաստով հարուցվել է քրեական հետապնդում:

«Գտնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազն, իր որոշմամբ ըստ էության քրեական հետապնդում է սկսել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ու այդ հետապնդումն իրականացվել է առանց օրենքով նախատեսված անձեռնմխելիության արգելքի հաղթահարման, ինչը պարտադիր էր, քանի որ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 4-րդ մասը և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը արգելում են դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել՝ կապված նրա լիազորությունների իրականացման հետ՝ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության»,- որոշման մեջ գրել է Դավիթ Բալայանը, մեջբերել մի շարք իրավադրույթներ, որոնցից ակնհայտ է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության առկայությունն  իմպերատիվ պայման է, որի բացակայության դեպքում դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը դառնում է անհնարին:

Դատավոր Բալայանը նշել է, որ թեև Քրեական դատավարության օրենսգրքով «քրեական հետապնդման հարուցում» եզրույթը արտահայտվում է դատավարական որոշումների ձևով, այսինքն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու կամ մինչ այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին որոշումներով, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է նաև (ոչ պաշտոնապես) սկսվել ավելի վաղ:

Ըստ դատարանի՝ գլխավոր դատախազին չէր կարող ծանոթ չլինել դատավոր Լեւիկ Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումը

Դատարանը մեջբերել է 2011 թվականին Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը՝ դատավոր Լևիկ Պողոսյանի գործով, որում վճռաբեկը նշել է, որ  «այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ տրվում են այնպիսի ձևակերպումներ, որոնցից հետևում է, որ կոնկրետ անձը կատարել է քրեորեն պատժելի արարք, քննարկվող որոշումն իրավական հետևանքների առումով հավասարվում է անձին մեղադրանք առաջադրելու մասին որոշմանը»։

Նույն գործով վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարողի մատնանշելու պարագայում, նա իրավունք է ձեռք բերում օգտվելու որոշակի դատավարական երաշխիքներից, այդ թվում՝ պաշտպանության իրավունքից, այսինքն՝ եթե  քրեական գործ հարուցելու մասին որոշման նկարագրական-պատճառաբանական կամ եզրափակիչ մասերում առկա ձևակերպումներից ուղղակիորեն հետևում է, որ դատավորը կատարել է քրեորեն պատժելի արարք, ապա քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա է դատական կարգով բողոքարկման:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը  նշված գործով քննիչի կողմից կայացված որոշման արդյունքում դատավոր Լևիկ Պողոսյանին, ըստ էության, քրեական մեղադրանք է առաջադրվել և արձանագրել, որ  Հատուկ քննչական ծառայության կողմից չեն պահպանվել դատավորին մեղադրանք առաջադրելու սահմանադրական և օրենսդրական ընթացակարգերը, Դատավոր Լևիկ Պողոսյանին քրեական մեղադրանք է առաջադրվել՝ առանց ՀՀ արդարադատության խորհրդի միջոցով ՀՀ Նախագահի համաձայնությունն ստանալու, ինչի հետևանքով դատավորը փաստացի զրկվել է արդարադատություն իրականացնելու հնարավորությունից: Նշենք, որ այժմ «Արդարադատության խորհուրդ» գոյություն չունի, և  դրան փոխարինում է Բարձրագույն դատական խորհուրդը։

Դատավոր Դավիթ Բալայանը գրել է, որ վերը հիշատակված որոշումը պարզապես չէր կարող հայտնի չլինել գլխավոր դատախազին, քանի որ վերջինս հունիսի 28-ին կայացրած «քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին» որոշման մեջ հղում է կատարել հենց դատավոր Լևիկ Պողոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի որոշման կետերից մեկին, սակայն անուշադրության է մատնել նույն որոշման մեջ նշված մյուս իրավական դիրքորոշումները:

«ՀՀ գլխավոր դատախազն իր իսկ կողմից կայացված որոշման մեջ արձանագրելով, որ  «...2019 թվականի փետրվարի 18-ին կայացված որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժված նյութերում առկա են դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու հանցակազմի օբյեկտիվ հատկանիշների առկայության մասին վկայող բավարար տվյալներ, այն է՝ քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր...», գործնականում քրեական մեղադրանք է առաջադրել դատավոր Դավիթ Գրիգորյանին, ինչով խախտել է Լևիկ Պողոսյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտած դիրքորոշումը՝ զրկելով դատավոր Դավիթ Գրիգորյանին ոչ միայն օգտվելու դատավարական երաշխիքներից, այլև նաև դատավորի անկախության երաշխիքից: Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազը, փաստացի իրականացնելով քրեական հետապնդում և ձեռնպահ մնալով Բարձրագույն դատական խորհրդի թույլտվությունը ստանալուց, իմաստազրկել է դատավորի անձեռնմխելիության ինստիտուտի բովանդակությունը։ Նման պայմաններում գտնում եմ, որ քրեական գործը հարուցվել է, առանց դատավորի անձեռնմխելիությունը հաղթահարելու, հետևաբար առանց օրինական հիմքի, ուստի իրականացվող քրեական հետապնդումն ի սկզբանե եղել է ապօրինի, ինչը հանգեցնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված հիմքով հետապնդումը բացառող հանգամանքի»,- ասված է որոշման մեջ։

Գլխավոր դատախազը վարույթն իրականացնող մարմնին զրկել է  բազմակողմանի, լրիվ եւ օբեկտիվ նախաքննություն իրականացնելու օրենսդրական հնարավորությունից

Դատավոր Բալայանը նաև հարկ է համարել նշել, որ Վերաքննիչ քրեական դատարանը քրեական գործի նախաքննության ընթացքում,  քննության առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու որոշման դեմ բողոքը՝ այն բավարարել է, բեկանել խուզարկության թույլտվության վերաբերյալ որոշումը՝ արձանագրելով, որ «դատավորի նկատմամբ քրեական հետապնդում, այդ թվում նաև՝ բովանդակային (գործնական) իմաստով, իրականացնելու համար վարույթն իրականացնող մարմնի համար պարտադիր է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը, ինչը, սակայն, թե՛ ՀՀ գլխավոր դատախազի որոշման կայացման, և թե՛ քննիչի միջնորդության ներկայացման պահի դրությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ստացված չի եղել»:

Ի դեպ, այս որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։ Այս դատական ակտը գլխավոր դատախազը բողոքարկել է  Վճռաբեկ դատարան, և բողոքի մեջ գրել է․

«Ավելորդ չէ նկատել, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նման տրամաբանությունը դեռևս կատարվելիք նախաքննության փուլում քրեական գործը կտանի փակուղի, քրեական գործով վարույթի բացառման, որի վերջնարդյունքն էլ, փաստորեն, վարույթն իրականացնող մարմնին կզրկի բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ նախաքննություն իրականացնելու օրենսդրական հրամայականից»: Վճռաբեկ դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 2-ին որոշում է կայացրել ինչպես գլխավոր դատախազի, այնպես էլ դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին»։

Դատավոր Դավիթ Բալայանը դատական ակտում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դատախազը, մոռացության մատնելով իր վերը հիշատակված տեսակետն այն մասին , որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման առկայությունը քրեական գործը կտանի փակուղի, քրեական գործով վարույթի բացառման, որոշում չի կայացրել քրեական հետապնդումը դադարեցրելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, և դրանից հետո երեք անգամ երկուական ամսով երկարացրել է գործի նախաքննության ժամկետը:

«Նման պայմաններում հարկ է արձանագրել նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը ստանալու հարուցելով քրեական հետապնդում դատավոր Դ. Գրիգորյանի նկատմամբ՝ ինքն է զրկել վարույթն իրականացնող մարմնին բազմակողմանի, լրիվ և օբեկտիվ նախաքննություն իրականացնելու օրենսդրական հրամայականից և հնարավորությունից»,- գրել է Դավիթ Բալայանը։

Դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի եւ դրա համաձայնությունը տալու մասին ԲԴԽ-ի որոշումները հիմնված են անթույլատրելի ապացույցների վրա

Անդրադառնալով գլխավոր դատախազի այն փաստարկին, որ 2019 թվականի հուլիսի 27-ին ստացվել է Բարձրագույն դատական խորհուրդի համաձայնությունը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, ինչից հետո ձեռք են բերվել Դավիթ Գրիգորյանի մեղադրանքը հիմնավորող վերաբերելի, թույլատրելի բավարար ապացույցներ, Բալայանը դիրքորոշում է հայտնել, որ հիշյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ դատավոր Դավիթ Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման և մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու հիմքում գլխավոր դատախազի պաշտոնակատարը դրել էր ապօրինաբար հարուցված քրեական գործի շրջանակներում քննիչի ձեռք բերած, գործին կցած և Բարձրագույն դատական խորհրդի նիստում ներկայացված անթույլատրելի ապացույցները։

Այս հանգամանքն, ըստ դատական ակտի, փաստվել է նաև Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշմամբ, որով բեկանվել է դատավորի աշխատասենյակում խուզակություն կատարելու թույլտվության մասին որոշումը։ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ արձանագրվել է քրեական գործի՝ ապօրինի հարուցված լինելու փաստը, արձանագրվել է նաև դատավոր Դավիթ Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելը թույլատրելու դատախազի միջնորդության, այդ միջնորդության կապակցությամբ ԲԴԽ-ի տրված համաձայնության ոչ իրավաչափ լինելը, քանի որ դատավարական վերոնշյալ գործողությունները և որոշումների կայացումը հաջորդել են քրեական գործ հարուցելուն, բացի այդ՝ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի և դրա համաձայնությունը տալու մասին ԲԴԽ-ի որոշումները հիմնված են ապօրինաբար հարուցված քրեական գործով ձեռքբերված անթույլատրելի ապացույցների վրա․ հարուցման պահից ևեթ ողջ վարույթը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ եղել է անօրինական, ուղեկցվել նրա իրավունքների, մասնավորապես՝ դատավորի անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումներով: Դատարանն արձանագրել է, որ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնություն տալն ինքնին չի «օրինականացնում» նույնիսկ այդ որոշումից հետո նախաքննության մարմնի ձեռնարկած քննչական և դատավարական գործողությունները, դրանց արդյունքներով ձեռք բերված ապացույցները, քրեական հետապնդման մարմնի կայացրած որոշումները, կազմած և հաստատած մեղադրական եզրակացությունը:

Ըստ դատարանի՝ գլխավոր դատախազը Դավիթ Գրիգորյանի գործի հետ ոչ համադրելի նախադեպ է մեջբերել

ՀՀ գլխավոր դատախազի մյուս փաստարկն այն է, որ  «Վճռաբեկ դատարանը քաղաքացի Արթուր Կարապետյանի վերաբերյալ 2019 թվականի հունիսի 12-ին կայացված մեկ այլ որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ անձին որպես հանցանք կատարող մատնանշելն ինքնին չի հանգեցնի անձի իրավունքների խախտման, եթե վերջինս պատշաճ կարգով տեղեկացվում է պաշտպանության իրավունքի մասին և նրա համար ապահովվում են դրա բովանդակությունը կազմող նվազագույն իրավունքների իրացման համար անհրաժեշտ դատավարական երաշխիքները։

Դատական ակտում նշված է, որ դատախազությունն այս որոշումը ստացել է 2019 թվականի սեպտեմբերի 23-ին։ Դատավոր Բալայանը նկատել է, որ ՀՀ գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հունիս ամսին որոշում կայացնելիս, չէր կարող առաջնորդվել իր կողմից վկայակոչված գործով վճռաբեկի հայտնած իրավական դիրքորոշմամբ, բայց, այնուամենայնիվ, անդրադարձել է դատախազի այս փաստարկին ու նշել, որ գլխավոր դատախազի հիշյալ փաստարկը որևէ առնչություն չունի քննարկվող իրավիճակի հետ՝ մի քանի հիմնավորումներով։

Այսպես, ըստ դատավոր Դավիթ Բալայանի՝ գլխավոր դատախազը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի վերոնշյալ  որոշումը,  անտեսել է այն հանգամանքը, որ գործի փաստական հանգամանքներն էապես տարբեր են և չեն կարող նույնացվել թե՛ Լևիկ Պողոսյանի, թե՛ Դավիթ Գրիգորյանի գործերով փաստական հանգամանքների հետ, առաջին հերթին այն պատճառով, որ վերջիններս դատավորներ են, նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական լիազորությունների կատարման հետ կապված ենթադրյալ կեղծիք կատարելու կապակցությամբ, որի պարագայում առկա է Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիության արգելքը հաղթահարելու անհրաժեշտությունը, իսկ Արթուր Կարապետյանի դեպքում քրեական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել այն, որ սահմանափակվել է վերջինիս ազատությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ ապօրինի թմրամիջոցներ տեղափոխելու կասկածանքով ու Ա. Կարապետյանն օժտված չէ անձեռնմխելիությամբ, հետևաբար նաև դրա արգելքի հաղթահարման անհրաժեշտությունը բացակայում է:

Նման պայմաններում Արթուր Կարապետյանի վերաբերյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշումն, ըստ դատավոր Բալայանի, չի կարող նույնացվել դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի փաստական հանգամանքների հետ, քանզի առաջինի դեպքում, քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ նրան որպես հանցանք կատարող մատնանշելն ինքնին չի հանգեցնի անձի իրավունքների խախտման․ վերջինիս պատշաճ կարգով տեղեկացվում է պաշտպանության իրավունքի մասին և նրա համար ապահովվում են դրա բովանդակությունը կազմող նվազագույն իրավունքների իրացման համար անհրաժեշտ դատավարական երաշխիքներն, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում վերջինիս ոչ միայն չի տեղեկացվել քրեական գործ հարուցելու մասին որոշման առկայության վերաբերյալ, ինչով խախտվել է նրա՝ որպես անձի պաշտպանության իրավունքը, այլև խախտվել է դատական իշխանության անկախության հանրային երաշխիքը, քանի որ անձեռնմխելիությունից օգտվող դատավորի համար քրեական հետապնդումից պաշտպանվելու առանձնահատկությունը, ոչ թե այդ պաշտոնը զբաղեցնող քաղաքացու անձնական, մասնավոր առավելություն է, այլ դատական իշխանության անկախության հանրային երաշխիքն է:

Անհասկանալի է, թե քննության առարկա դարձած արձանագրությունների ի՞նչն է կեղծ

Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործը վերաբերում է դատական նիստի արձանագրություն կեղծելուն։ Խոսքը պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստերի արձանագրությունների մասին է,  որոնցում արձանագրվել են դատական նիստերը չկայանալու, բողոքի և միջնորդության քննությունը հետաձգելու և մեկ այլ օր նշանակելու հանգամանքը, դրանց վրա առկա է նաև կնիք, դատավորի և նիստերի քարտուղարի ստորագրություն։

Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին 31.07.2019 թվականի որոշման ձևակերպումների համաձայն՝ Գոռ Վարդանյանը, զբաղեցնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը, օժանդակել է դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն, ինչը դրսևորվել է նախ՝ պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ դատական նիստի արձանագրություն կազմելու և դրա տակ ստորագրելու, ապա այդ փաստաթուղթը հանձնելուն, այն է՝ այն դատական գործին կցելու եղանակով: Համաձայն մեղադրանքի՝ որոշումների և նախաքննական մարմնի վարկածի՝ պարզ թղթային եղանակով կազմված տվյալ նիստի արձանագրությունն ակնհայտ կեղծ է, քանի որ դրանում «տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին բողոքաբերը, քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները չեն ներկայացել, որի հետևանքով էլ դատական նիստը հետաձգվել է» մեկ այլ հերթի: Մինչդեռ, ըստ դատավոր Դավիթ Բալայանի որոշման, փաստ է, որ վերոնշյալ անձինք դատական նիստի վայրի և ժամանակի մասին չեն ծանուցվել, փաստ է նաև, որ նրանք դատական նիստին չեն ներկայացել և մասնակցել, հետևաբար՝ անհասկանալի է, թե արձանագրության մեջ առկա այդ տեղեկատվության ի՞նչն է կեղծ կամ դրա ո՞ր մասն է կեղծ, այլ կերպ՝ ինչն է, որ իրականությանը չի համապատասխանում:

«Արձանագրության մեջ նշված է, որ «դատարանը վերջիններիս չներկայանալու պատճառների մասին որևէ տեղեկություն չի ստացել»։ Հավանաբար նախաքննական մարմինն այս հանգամանքը գնահատել է որպես ակնհայտ կեղծ տեղեկությունների արձանագրում»,- գրել է Դավիթ Բալայանը։ Վերջինս դատական ակտում նշել է, որ գործերի նյութերում բացակայում է որևէ փաստաթուղթ, որը կարող էր վկայեր այն մասին, որ դատարանը մինչև 2018 թվականի սեպտեմբերի 14-ի դատական նիստը որևէ աղբյուրից՝ գրավոր կամ թեկուզ բանավոր եղանակով տեղեկություն է ստացել առ այն, որ կողմերը չեն ներկայանալու դատական նիստին, ուստի դատական նիստի արձանագրության մեջ նշված «տեղեկություն չստանալու» վերաբերյալ ձևակերպումը չի կարող կեղծ լինել:

«Նախաքննական մարմինը նիստի արձանագրությունների կեղծված լինելու տակ հավանաբար նկատի ունի այն, որ դատական նիստի քարտուղար Գ.Վարդանյանը և դատավոր Դ.Գրիգորյանը մինչև տվյալ արձանագրության էլեկտրոնային նախագծի կազմումը, տպումը, ստորագրումը, իսկ դատավորի կողմից՝ նաև դրա կնքումը պարզել են, որ կողմերին ծանուցումները չեն ուղարկվել, հետևաբար՝ նրանք նիստին գալ չէին կարող: Ստացվում է, որ նախաքննական մարմինը որպես կեղծիք է դիտում այն հանգամանքը, որ արձանագրության մեջ չի նշվել դատավարության մասնակիցների դատական նիստին չներկայանալու իրական պատճառը՝ նրանց նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ նախապես ծանուցումներ չուղարկելու մասին նշում չկատարելը, ինչը ըստ էության անգործություն է, ու երբեք չի կարող որակվել որպես պաշտոնական կեղծիք, քանի որ այդ արարքը կարող է կատարվել բացառապես գործողությամբ՝ ակտիվ վարքագծով: Ավելին, դատավորին կցված աշխատողների անփույթ աշխատանքի մասին դատական նիստի արձանագրության մեջ նշում չկատարելը չի կարող քրեաիրավական հետևանքներ առաջացնել դատավորին չկցված աշխատողի՝ դատական նիստի քարտուղարի, առավել ևս՝ դատավորի համար»,- ասված է որոշման մեջ։

Ինչ վերաբերում է դատական նիստերի կայացած չլինելու վերաբերյալ նախաքննական մարմնի պնդումներին, ապա դրանք, ըստ դատարանի, հիմնված են ենթադրությունների վրա, քանի որ մեղադրանքի որոշումների մեջ հստակեցված չէ, թե ենթադրաբար կեղծ, պարզ թղթային եղանակով կազմված դատական նիստի արձանագրությունը փաստացի որտեղ է կազմվել՝ դատական նիստերի դահլիճում, թե՞ դատավորին կցված աշխատողների սենյակներում, երբ է կազմվել, տպվել, ստորագրվել և կնքվել, քանի որ պաշտոնեական փաստաթղթի նշանակություն այն կարող է ստանալ միայն ստորագրելուց և կնքվելուց հետո։ Դատարանը նշել է, որ մեղսագրվող հանցանքների կատարման ժամանակը՝ արձանագրությունների ստորագրման և կնքման օրը, վայրը պարզելն այս գործով  ապացուցման ենթակա կարևորագույն հանգամանք է։

Դատարանի համար անհեթեթ է դատավոր Դավիթ Գրիգորյանին վերագրվող արարքի շարժառիթը

Ըստ դատավոր Դավիթ Գրիգորյանի մեղադրանքի, վերջինս, քաղաքացի Սերգո Փանոսյանի բողոքի քննությունը պարտավոր լինելով սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, իր աշխատանքի արդյունավետ գնահատման դրական չափանիշ, այն է՝ քննությունը սահմանցած ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն:

Դատավոր Դավիթ Բալայանը նշել է, որ վարույթն իրականացնող մարմնի պատկերացումները բողոքի և միջնորդության քննության դատավարական ժամկետները խախտելու վերաբերյալ չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, իսկ քննության ողջամիտ ժամկետը դատարանի կողմից չպահպանելու վերաբերյալ քննիչի հետևությունն պարզապես անհեթեթ է, անհեթեթ է նաև դատավոր Դավիթ Գրիգորյանին վերագրվող պաշտոնական կեղծիք կատարելու շարժառիթը՝ իր աշխատանքի արդյունավետ գնահատման դրական չափանիշ ցույց տալը։

«Վարույթն իրականացնող մարմնի նման ձևակերպումը, ոչ միայն երևավակայական է այլ իրավական հիմքերից զուրկ, քանի որ որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացնելու պահի դրությամբ «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 27-րդ կետի համաձայն՝ «Դատավորների առաջին հերթական գնահատումն իրականացվում է 2019 թվականի հունվարի 1-ից 2024 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում…», և փաստ է, որ բողոքը և միջնորդությունը դատավոր Դ.Գրիգորյանի վարույթում քննվել ու ավարտվել են 2018 թվականին, հետևաբար դատավորի աշխատանքի գործունեությունը արդյունավետ գնահատելու չափանիշը չէր կարող վերաբերվել այդ ժամանակահատվածին»,- գրված է դատական ակտում։

Միջնորդության մեջ պաշտպանների վկայակոչած գործերից մեկով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը հղում կատարելով՝  դատավոր Դավիթ  Բալայանը նշել է, որ արարքի նվազ կարևոր լինելն արձանագրելու համար որևէ նշանակություն չունի՝ քննարկվող արձանագրությունը ստորագրել և կնքել է դատավորը, քննիչը, թե՞ հետաքննություն կատարող անձը, առավել ևս էական չէ այն, որ դրանք ենթադրաբար կազմել նաև ստորագրել է դատական նիստի քարտուղարը, ով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով ընդհանրապես չի կարող պաշտոնատար անձ համարվել:

Այսպիսով, վերը նշված հանգամանքները հաշվի առնելով, դատարանը գտել է, որ Դավիթ Գրիգորյանին և դատական նիստի քարտուղար Գոռ Վարդանյանին մեղսագրված արարքները չեն կարող հանցագործություն համարվել հետևյալ հիմքերով.

Ենթադրաբար կեղծված արձանագրությունները չեն հանդիսանում պաշտոնական փաստաթուղթ, քանի որ չեն բովանդակում իրավաբանական նշանակություն ունեցող փաստ կամ իրադարձություն։

Ենթադրաբար կեղծված արձանագրություններն իրականությանը չհամապատասխանող տվյալներ չեն բովանդակում, ըստ մեղադրանքի ձևակերպման՝ իրականությանը չհամապատասխանող տվյալն այն է, որ արձանագրություններում չի նշվել նիստերի հետաձգման բուն պատճառը՝ ծանուցումները դատավորի աշխատակազմի մեղքով կողմերին նախապես ուղարկված չլինելը, որպիսի ենթադրյալ արարքը կարող էր դրսևորվել բացառապես պասիվ վարքագծով՝ անգործությամբ, այլ կերպ՝ չարձանագրելով։

Եթե անգամ վերագրված արարքները ենթադրաբար դրսևորվել են ակտիվ վարքագծով՝ գործողություններով, դրանք ձևականորեն են պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, քանի որ իրենց նվազ կարևոր լինելու ուժով չեն ներկայացնում հասարակական վտանգավորություն, այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չեն պատճառել և չէին կարող պատճառել: Ընդ որում, դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտի դեմ, Ս.Փանոսյանի բողոքները մերժվել են վերադաս բոլոր դատական ատյաններում, հետևաբար չի կարելի ենթադրություն անել, որ նրան ոչ ձեռնտու ելքով դատական ակտի կայացմամբ վերջինիս ողջամտորեն որևէ վնաս է պատճառվել, կամ կարող էր պատճառվել։

«Վերը թվարկված բացթողումները ու անտրամաբանական, երևակայական ու վերացական եզրահանգումները, և սահմանադրական ու քրեադատավարական օրենքների աղաղակող խախտումները, հանգեցրել են որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման և այդ խախտումները չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում, ուստի մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման և քրեական գործի վարույթը կարճման՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»,- գրել է դատավորը։

Անդրադառնալով Դավիթ Գրգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցին՝ դատարանը գտել է, որ դրանք ենթակա են վերացման: Որոշվել է վերացնել նաև նրանց նկատմամբ ՀՀ սահմանը հատելու արգելքը՝ այդպիսին կիրառված լինելու դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter