HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Լուսառատի ավագանին ձգձգում է պատմական հողերի կատեգորիայի վերականգնումը

Արարատի մարզի Լուսառատ համայնքի ավագանին կրկին երկարաձգում է հողերի կատեգորիան փոխելու որոշման չեղարկումը։

Ավագանին պատրաստվում է հունիսի 29-ին համայնքում կազմակերպել հանրային լսում, որի ընթացքում ևս մեկ անգամ կքննարկվի ներդրողի միջոցներով հյուրանոց կառուցելու հարցը։

Հունիսի 9-ին Լուսառատ համայնքում կայացել է ավագանու  նիստ, որի ընթացքում համայնքի ավագանին պետք է որոշեր՝ համաձայն է պատմական հողերի կատեգորիայի փոփոխման չեղարկմանը, թե՞ ոչ։

Ավագանու անդամաները նորից վերջնական որոշում չեն կայացրել։ Այս անգամ էլ ավագանին որոշել է խնդրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին մինչև հունիսի 29-ը շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ համայնքում հանրային քննարկում կազմակերպել։

Փոխադարձ համաձայնության չգալու դեպքում հրավիրվելու է ավագանու արտահերթ նիստ համայնքի ավագանու 16.01.2020թ. «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին  որոշումն անվավեր ճանաչելու համար։

Հիշեցնենք, որ «Հետքը» մարտի 7-ին գրել էր, որ Լուսառատ համայնքի ավագանին 2020 թվականի հունվարին որոշել է պատմական հողերի կատեգորիան փոխել։

Համայնքի սեփականությունը համարվող 0.64 և 5.75 հա հատուկ պահպանվող հողերի նշանակությունը փոխվել եւ դարձել էր բնակավայրերի նշանակության։ Բլուրների տեղում պետք է կառուցվի հյուրանոց։ Միջգերատեսչական հանձնաժողովը չեղարկել էր որոշումը, քանի որ հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածքում կան մշակութային կոթողներ։

«Հետքը» կապ հաստատեց համայնքի ղեկավար Դանիել Հակոբյանի հետ։ Վերջինս նշեց, որ ներդրողը գրավոր նամակով դիմել է համայնքապետարան՝ խնդրելով հնարավորություն տալ սեփական միջոցներով հնագիտական խմբի միջնորդությամբ տարածքում ևս մեկ անգամ իրականացնել հետազոտություններ, որպեսզի պարզվի՝ տարածքում կա՞ն պատմական նշանակության կոթողներ, թե ոչ, որից հետո անցկացնել հանրային բաց քննարկում, որպեսզի համայնքի բնակիչները ևս իրենց կարծիքը հայտնեն հարցի վերաբերյալ։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ավագանու որոշումներին ինքը չի խառնվում, ուղղակի հավանություն է տալիս այն որոշմանը, որը կայացնում են ավագանու անդամները, իսկ հողերի նպատակային նշանակության փոփոխման որոշումը չեղարկելու հարցը համայնքի ավագանու իրավասության տիրույթում է։ Ավագանին էլ պետք է հանրային քննարկման օր որոշի։

Ավագանու անդամ Կարեն Սարգսյանը, որը հունիսի 9-ի նիստի ընթացքում ելույթ էր ունեցել՝ առաջարկելով մինչև հունիսի 29-ը կազմակերպել լայն քննարկում և խնդրին տալ վերջնական լուծում, ասաց, թե թեմայից լավ տեղյակ չէ, մինչդեռ հունիսի 9֊ի նիստի ընթացքում ինքն էր տարբերակներ առաջարկել որոշման չեղարկումը վերանայելու համար: 

Նա նշեց, որ ևս մեկ անգամ ցանկանում են կազմակերպել քննարկում, իսկ համայնքի ավագանին հավանություն է տվել որոշմանը։

Մեր այն հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար հարցը նորից քննարկման դնել, եթե արդեն միջգերատեսչական հանձնաժողովը չեղարկել է որոշումը, ավագանու անդամը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, մեկ փոխեցին, մեկ որոշեցին, որ չեն փոխում, որոշումից հետ կանգնեցին, մենք էլ մնացել ենք երկու քարի արանքը, չգիտենք՝ մենք ինչ անենք, ես ձեզ հաստատ բան չեմ կարող ասել, ավելի լավ է ուրիշներին դիմեք»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter