
Իրանի քաղաքացին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման 2.6 կգ ափիոն Հայաստան տեղափոխելու համար
Իրանի քաղաքացի 26-ամյա Օմրան Մոհամմադի Բանիադամջթարին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ Իրանից Հայաստան թմրանյութ տեղափոխելու, այն իրացնելու նպատակով իր մոտ պահելու համար։
Դատապարտվել է Քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կամ իրացնելու համար, եւ թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելու համար։
Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։ Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ քննության ընթացքում պարզվել է, որ Օմրան Մոհամմադին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով ափիոն տեսակի թմրամիջոց։ Ափիոնը Հայաստանում գտնվելու ընթացքում Իրանի քաղաքացին պետք է փոստային առաքման եղանակով Կանադա ուղարկեր, այս մասին են վկայել դատաքննության ընթացքում որպես ապացույց հետազոտված նամակագրությունները եւ հեռախոսազանգերը։ Այս մասին նշված է դատարանի որոշման մեջ։
Այս առաջարկը Օմրան Մոհամմադի Բանիադամջթարին ստացել է իր մտերին Մաթին Հենարեից։
Ընդունելով Մաթին Հենարեի առաջարկը՝ Օմրան Մոհամմադի Բանիադամջթարին ԻԻՀ-ից քննությամբ չպարզված հանգամանքներում ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 2.667 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, թաքցրել երկու մետաղական դետալներում, որոնք տեղադրել է իր ճամպրուկում և ուղևորվել է Հայաստան:
2019թ. հուլիսի 17-ին թմրացմիջոցը Մեղրիի մաքսատանը զննության ընթացքում հայտնաբերվել է։
Դատաքննության ընթացքում ամբաստանյալը ընդունել է իր մեղքը եւ հրաժարվել դատարանում ցուցմունք տալուց։
Դատարանը որոշումը կայացնելիս հաշվի է առել, որ վերջինս երիտասարդ է, զղջացել է կատարած արարքի համար և ընդունել մեղքը, «ինչը որպես մեղավոր անձի հետ հանցավոր դրական վարքագիծ, վկայում է այն մասին, որ նա լրիվ գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը և զղջացել է դրա համար», - նշված է որոշման մեջ։ Այնուամենայնիվ դատարանն Օմրան Մոհամմադի Բանիադամջթարիին դատապարտել է 12 տարվա ազատազրկման։
Լուսանկարը՝ pro-zavisimost.ru-ի
Մեկնաբանել