HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, որը գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու նպատակով:

Վարչապետը կարևորել է կառավարության և ԱՀԿ-ի միջև սերտ համագործակցությունը, ինչպես նաև վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության փաստը ու նշել, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ Միշել Թիերենը վարչապետին է ներկայացրել հայաստանյան բժշկական հաստատություններ կատարած այցերի տպավորությունները՝ մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ ներկայացնելու համատեքստում: Թիերենի խոսքով՝ համավարակի մասին տեղեկատվությունն աշխարհում լիարժեք չէ, դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ մինչ այժմ մասնագետներն ու փորձագետները ներկայացնում են դրա դեմ պայքարի ոչ միանման տեսակետներ: Նրա խոսքով՝ միայն ժամանակի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր դառնում գտնել վարակի դեմ պայքարելու գործիքները: Այդ համատեքստում, Թիերենն ընդգծել է դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտությունն ու դրանց արդյունավետությունը՝ նշելով, որ պետք է խուսափել զանգվածային հավաքներից ու փակ տարածքներում միջոցառումներից: ԱՀԿ առաքելության ղեկավարի համոզմամբ՝ տնտեսությունը լոքդաունի ենթարկելու և այն բացելու միջև ընտրություն չպետք է կատարել. փորձը ցույց է տալիս, որ պետք է սովորել ապրել ստեղծված պայմաններում՝ պահպանելով համավարակին հակազդելու վարքագծային կանոնները:

Նա համավարակի դեմ պայքարում կարևորել է նաև գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը՝ վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում:

Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է առողջապահության նախարարության և ԱՀԿ-ի միջև փորձի փոխանակման շարունակականության ապահովումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter